Էյֆորիա և Փաշինյանի ռեյտինգը. ի՞նչ շանսեր ունի «Իմ քայլը» դաշինքը Երևանի ընտրություններում

Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններին ձայների մեծամասնությունը կարող է ստանալ «Իմ քայլը» իշխանական դաշինքը: Այս կարծիքին են քաղաքական տեխնոլոգները: Նրանք գտում են, որ իշխանական դաշինքի հաղթելու շանսերը շատ բարձր են երկու պատճառով: Դրանք են հետհեղափոխական էյֆորիան եւ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական բարձր ռեյտինգը:


Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը կարծում է, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում բոլոր քաղաքական ուժերը չէ, որ հավասար հնարավորութուններ ունեն: «Կա մեկ գործոն, որ ազդելու է ընտրական գործընթացի վրա՝ հետհեղափոխական էյֆորիան»,- այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա ու հավելեց, որ էյֆորիան դեռևս բավականին բարձր է, աշխատելու է նաև վարչապետի նկատմամբ դրական վերաբերմունքը:


Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին։ Երեւանի քաղաքապետի աթոռը թափուր է հուլիսի 9-ից, երբ հրաժարական տվեց հանրապետական Տարոն Մարգարյանը։


Ընտրություններին մասնակցելու մասին հայտնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցակը կգլխավորի դերասան Հայկ Մարությանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որի ցուցակը կգլխավորի Նաիրա Զոհրաբյանը, «Երկիր ծիրանի» կուսակցությունը, որի ցուցակը կգլխավորի Զարուհի Փոստանջյանը, «Հայոց համազգային շարժում» կուսակցությունը, որի ցուցակը կգլխավորի Արարատ Զուրաբյանը, «Լույս» դաշինքը, որի ցուցակը կգլխավորի արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը եւ «Ժառանգություն» կուսակցությունը, որի ցուցակը կգլխավորի Րաֆֆի Հովհաննիսյանը։


Նա վստահ է՝ բոլորը չէ, որ ընտրություններին մասնակցում են հաղթելու համար: «Ենթադրում եմ, որ «Իմ քայլը», ունենալով այդ երկու գործոնները, բավականին բարձր տեղ կունենա: Ենթադրում եմ նաև, որ ԲՀԿ-ն ևս բավական մեծ տեղ կունենա՝ հավանաբար երկրորդ տեղը: Երրորդ տեղը, հավանական է, գրավի «Լույս» դաշինքը, չորրորդում ամենայն հավանականությամբ կհայտնվի ՀՅԴ-ն՝ անցնելով 6 տոկոսը: Նոր ձևավորված դաշինքներն ամենայն հավանականությամբ չեն անցնի: «Երկիր Ծիրանիի» հնարավորությունները 50/50 են»,- ասաց նա՝ հավելելով, որ ընտրությունների ժամանակ քվեներն ավելի շուտ տրվելու են ոչ թե Հայկ Մարությանին կամ Նաիրա Զոհրաբյանին, այլ համապատասխանաբար Նիկոլ Փաշինյանին և Գագիկ Ծառուկյանին:


Ասուլիսի մյուս բանախոս քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքով, առաջկա Երևանի ավագանու ընտրությունները շատ յուրահատուկ են ու հենց այն պատճառով, որ առաջինն են հեղափոխությունից հետո: «Հատկանշական է նաև նրանով, որ առաջդրված ուժերից ոչ մեկը հանդես չի գալիս ընդդիմության դիրքերից», - հավելեց նա՝ նշելով, որ քաղաքական ուժերի այս դիրքավորվածությունից էլ բխելու է նրանց մարտավարությունը:


«Հիմնական մարտավարությունն ուղղված է լինելու քաղաքային նախկին իշխանությունների դեմ: Նշվելու է, որ նրանք թալանել են Երևանը, իսկ իրենք չեն թալանելու: Բանավեճերը ծավալվելու են հիմանկանում ծրագրային կետերի շուրջ», - ասաց նա՝ ձեռնպահ մնալով խոսլ այն մասին, թե քաղաքական ուժերը որ հորիզոնականներում կհայտնվեն:


Բանախոսը միայն նշեց, որ հեղափոխության պաթոսը դեռ պահպանվում է, ինչն էլ որոշակի դերակատարություն կունենան ձայների բաշխման ժամանակ: Մասնավորապես, շատ բան կախված կլինի նրանից, թե վարչապետը որքանով է ներգրաված կլինի ընտրական պգործընթացում:


Հատկանաշական է, որ նախօրեին վարչապխետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ, անդրադառնալով ընտրական գործընթացներին եւ այդ համատեքստում կատարվող օրենսդրական փոփոխություններին, նշել էր, որ Երեւանի ավագանու ընտրությունները շատ կարեւոր քննություն են «մեզ համար, եւ պետք է այդ քննությունը ստանանք գերազանց»: Նշենք նաեւ, որ կառավարությունը փորձում է օրենսդրական լուծումներով պայքարել հնարավոր ընտրախախտումների դեմ:


Այժմ կառավարությունը մշակել է օրենքի նախագծերի փաթեթ, որի ընդունմամբ մասնավորապես, առաջարկվում է քրեականացնել ՎԻՎՕ-ի 40.10-րդ հոդվածով նախատեսված արարքները (կաշառք տալը եւ վերցնելը)՝ դրանց համար որպես պատիժ սահմանելով ոչ միայն տուգանքը, այլեւ ազատազրկումը՝ որոշակի ժամկետով:


«Կարծում եմ՝ նրա (վարչապետի) ուժը կհաղթի ընտրություններում: Հիմնական պայքարը կընթանա երկրորդ տեղի համար: «Լույս» դաշինքն իր մեջ ներգրավել է այնպիսի ուժերի, որոնք տարբերվում են շատերից: Նշված դաշինքն իրեն ասոսացնում է որպես ազատական կողմնորոշում ունեցող դաշինք: Եթե նրան հաջողվի կոնսոլիդացնել էլեկտորատը, կարող է իր և ԲՀԿ-ի միջև լուրջ մրցապայքար ծավալվել: Անցողիկ շեմը բավականին բարձր է»,- նշեց Վիգեն Հակոբյանը՝ հավելելով, որ ավագանու առաջիկա ընտրությունները որոշ քաղաքական ուժերի համար ինչ-որ չափով ստուգատես են:


Վերջում նա կրկնեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը շատ բարձր է և կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա:

Տպել

Թեմայի այլ նորություններ