29.03.2024
Չարաշահումներ`Հովիկ և Ջոնիկ Աբրահամյանների, Ալիկ Սարգսյանի մասնակցությամբ. գործը ՀՔԾ-ում է
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Մամուլ. Դեն Բիլզերյանի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ տապալել է Լեւոն Քոչարյանը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ համացանցային աստղ, «պոկերի արքա» Դեն Բիլզերյանի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ տապալել է Քոչարյանի կրտսեր որդին՝ Լեւոն Քոչարյանը: Նա անձամբ չի ճանաչել Բիլզերյանին, նրանց հանդիպումը կազմակերպել է «պոկերի արքայի» պատվիրակության կազմում գտնվող մի սփյուռքահայ: Ապա Լեւոն Քոչարյանը կազմել է նրա այցի ողջ գրաֆիկը եւ Բիլզերյանին տարել Արցախ, որտեղից այնքան ուշ են վերադարձել, որ վարչապետի հետ հանդիպումը ձախողվել է: Արդյունքում չի կայացել նաեւ նախատեսված փարթին, մինչդեռ դրա կազմակերպիչները մեծ գումարներ էին ծախսել: Ի դեպ, նույն սփյուռքահայն է Բիլզերյանին ծանոթացրել Սամվել Ալեքսանյանի հետ․ «Փարվանա» ռեստորանում կայացած խնջույքից բացի՝ խումբն այցելել է նաեւ «Ալեքս տեքստիլի» խանութ, որտեղ նրանց հայկական տեքստիլ են նվիրել»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Օրերս Ռոբերտ Քոչարյանին այցելած զինվորականներից մեկը պատմեց, որ 4-ժամանոց հերթ կար նրա ընդունարանի մոտ՝ «նախկին պաշտոնյաներ, ԶԼՄ-ների ղեկավարներ, անգամ գիտնական էր սպասում»։ Մենք տեղեկացանք նաեւ, որ վերջին տարիների լարվածությունը Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ բավականին թուլացել է՝ ընդհանուր շահերը մտերմացրել են նախկին ընկերներին։ Իսկ Արկադի Ղուկասյանը կապող օղակի դեր է խաղում նրանց միջեւ։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանի միջազգային պահուստներն այս տարվա հուլիսին կազմել են 2 մլրդ 55 մլն դոլար: Հատկանշական է փաստը, որ հունիսին միջազգային պահուստները կտրուկ նվազել էին՝ հասնելով 1 մլրդ 991.9 մլն դոլարի, որն այս տարվա մեջ ամենացածր ցուցանիշն էր: Բայց հիմա միջազգային պահուստները կրկին ավելանալու միտումներ են ցուցաբերում: Ուշագրավ է, սակայն, մեկ այլ հանգամանք. Հայաստանի միջազգային պահուստները կտրուկ նվազել են ՀՀԿ իշխանության վերջին օրերին, երբ Հայաստանում ծավալվում էր թավշյա հեղափոխությունը: Ըստ ԿԲ հրապարակած տեղեկագրի` մարտ ամսին միջազգային պահուստները եղել են 2 մլրդ 234.1 մլն դոլար, ապա մեկ ամսվա ընթացքում պակասել են 194.8 մլն դոլարով եւ կազմել 2 մլրդ 39.3 մլն: Մնում է ենթադրել, թե ինչն է եղել պատճառը. համենայն դեպս, վերջին տարիներին նման կտրուկ տեղաշարժեր չեն եղել»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քսան տարի շարունակ իշխանության ղեկին եղած եւ այս տարվա ապրիլին իշխանությունից հեռացված ՀՀԿ-ն Երեւանի ավագանու ընտրություններին չի մասնակցելու: Սակայն ՀՀԿ-ն, ինչպես պնդում են օրաթերթի աղբյուրները, ձեռքերը ծալած չի նստելու եւ փորձելու է ներքին կարգով սատարել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս հարցում ՀՀԿ-ն երկու մասի է կիսվել: Այն խումբը, որ գումարի դիմաց մշտապես զբաղված է եղել ընտրություններում այստեղից-այնտեղից ձայներ բերելով, եւ մեծ հաշվով կարեւոր չի եղել գաղափարախոսությունը, այս անգամ իր լծակները կուղղի ԲՀԿ-ին օգնելուն, իհարկե, առանց ընտրակաշառք բաժանելու, քանի որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հաստատակամ է ընտրակաշառքի դեմն առնելու հարցում: Ինչ վերաբերում է ՀՀԿ մյուս, ավելի «էլիտար» հատվածին, ապա այն իր ռեսուրսներն ուղղելու է «Լույս» դաշինքի թեկնածու Արտակ Զեյնալյանին սատարելուն: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ փորձեց մեկնաբանություններ ստանալ ՀՀԿ-ական պատգամավորներից, սակայն նրանք գերադասեցին լռելը` պնդելով, որ պաշտոնական որոշում չունեն»:


«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀՇ վարչության նախագահ, «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Արարատ Զուրաբյանը, ով նախկինում հայտարարում էր, որ առաջադրվելու է քաղաքապետի թեկնածու և կհաղթի բոլորին, այդպես էլ չառաջադրվեց՝ հավանաբար, ավելի իրատեսորեն գնահատելով իր հնարավորությունները: Զուրաբյանը բողոքել է, որ նախկինում ինքը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ պայմանավորվածություն է ունեցել, որ ԲՀԿ-ականներն ազատ են լինելու որոշել, թե ում թեկնածությունը պաշտպանեն, ում օգնեն՝ իրեն, թե ԲՀԿ պաշտոնական թեկնածու Նաիրա Զոհրաբյանին, սակայն ի վերջո հասկացել է, որ ԲՀԿ ամբողջ ռեսուրսն աշխատելու է Զոհրաբյանի համար, իսկ այդ պայմաններում ինքը խայտառակ արդյունք է արձանագրելու, ինչից խուսափելու լավագույն ձևը չառաջադրվելն էր»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեւանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի թեկնածուներից մեկը մեզ հայտնեց, որ իրենց ասվել է, թե ավագանու յուրաքանչյուր թեկնածու պետք է 3-ական անձ ներկայացնի, որոնք ընտրարշավի համար 20-հազարական դրամ պետք է հատկացնեն, այսինքն՝ յուրաքանչյուր թեկնածու 60 հազար դրամի ներդրում պետք է ապահովի, սակայն առաջարկը միանշանակ չի ընդունվել։ «ՔՊ» խոսնակ Վահան Կոստանյանը մեզ վստահեցրեց, որ առաջարկը պարտադրանք չէ, պարզապես տեղեկացվել է, որ եթե կա ցանկություն ընտրարշավի ծախսերը հոգալու հարցում, ապա առաջիկա օրերին, ամենայն հավանականությամբ՝ շաբաթ կամ կիրակի, դաշինքը դրամահավաք-միջոցառում է կազմակերպելու, ցանկացողները կարող են մասնակցել եւ իրենց ֆինանսական օգնությունը ցուցաբերել։ Կոստանյանն ասաց, որ նվազագույն շեմ է սահմանվել 20 հազար դրամը, իսկ թեկնածուների կողմից 3-ական անձ ներկայացնելու տեղեկությունը հերքեց»։


«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ արդեն չորրորդ օրն է անհետ կորել է ԲՀԿ-ից դուրս գալու մասին հայտարարած ԱԺ պատգամավոր Վահան Կարապետյանը: Նույնիսկ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը չի կարողանում կապ հաստատել Կարապետյանի հետ՝ պարզելու նրա այդքան անսպասելի քայլի պատճառները: Անհասանելի են Կարապետյանի ինչպես հայաստանյան, այնպես էլ արտասահմանյան հեռախոսահամարները»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն արդեն ավարտել է մարզերում գտնվող գազալցակայանների ստուգումները: ԱԻՆ-ից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ գազալցակայանների ղեկավարներին տրվել են կարգադրագրեր արձանագրված հակահրդեհային թերությունները սահմանված ժամկետներում վերացնելու համար: Ժամկետները լրանալուց հետո կկատարվի կրկնակի ստուգայց` պարզելու` արդյո՞ք վերացվել են թերությունները, թե՞ ոչ: Այս պահին կարգադրագրերի ժամկետները դեռ չեն լրացել: Տեղեկացնենք, որ մինչ այդ ԱԻՆ-ը ստուգել է Երեւանում գործող գազալցակայանները: Եվ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ այս ստուգումների արդյունքում դադարեցվել էր 12 գազալցակայանների շահագործումը: Ի դեպ, այդ գազալցակայանների մի մասն էլ պատկանում է հայտնի մարդկանց` Գագիկ Ծառուկյան, Ռուբեն Սադոյան, Հովիկ Աբրահամյանի ընտանիք, Երվանդ Զախարյան, Դավիթ Սեդրակյան եւ այլք:


«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինտենսիվ ֆրանսերեն է սովորում՝ Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ժամանակ իր ողջույնի խոսքը ֆրանսերենով արտասանելու համար: Իհարկե, այդքան կարճ ժամկետում Փաշինյանը դժվար թե կարողանա ֆրանսերեն սովորել, սակայն գոնե կկարողանա սահուն արտասանել ողջույնի խոսքը: Չի կարող, չէ՞, ֆրանկոֆոն երկիր համարվող երկրի վարչապետը չտիրապետել ֆրանսերենին»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նորանշանակ ղեկավար Սահրատ Պետրոսյանը, որը Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի փեսան է, սկսել է համակարգ վերադարձնել դեռևս Երվանդ Զախարյանի ժամանակ համակարգում աշխատած կադրերին, որոնք թաթախված են եղել կոռուպցիայի մեջ։ Հայտնի չէ, թե իրականում ինչ նպատակ է հետապնդում կադրային այս քաղաքականությունը՝ կադրային սո՞վ է, թե՞ այլ խնդիրներ կան։ Ակնհայտ է, սակայն, որ նախկին կոռուպցիոները ոչ մի նոր իրավիճակում չի կարող փոխել իր գործելաոճը»

Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցեն 4 դաշինք և 9 կուսակցություն
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար