Թուրքիա-Ուկրաինա-Արևմուտք-Ռուսաստան. հասունանում է Սևծովյան աշխարհաքաղաքական մարտը

294
Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչը այսօր հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մոտակա օրերս այցելելու է Ուկրաինա: Առընչը նշել է, որ այցի շրջանակներում կքննարկվեն Ուկրաինա-Ռուսաստան, Ուկրաինա-Թուրքիա հարաբերություններն ու Ղրիմի հարցը:

Թուրք-ուկրաինական հարաբերությունները Ուկրաինայի անկախացումից հետո ակտիվորեն զարգացել են բոլոր ոլորտներում: 2013թ.-ին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը պաշտոնական այցով գտնվում էր Թուրքիայում և հանդիպել էր այդ երկրի նախագահի և վարչապետի հետ: Յանուկովիչը հայտարարել էր, որ Թուրքիան և Ուկրաինան շատ մոտ են ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրմանը: Այդ համաձայնագիրը թույլ կտար 2015թ.-ին երկկողմ ապրանքաշրջանառությունը հասցնել 20 միլիարդ դոլարի: Կողմերը քննարկել են էներգետիկ, տրանսպորտային և այլ ոլորտներում համագործակցության հարցերը: Հավանաբար, Կիևի նոր իշխանությունները արտաքին քաղաքականության առումով կշարունակեն ակտիվ պահել թուրքական ուղենիշը, ինչը տեղավորվում է նաև Արևմուտքի աշխարհաքաղաքական նպատակների մեջ:

Երկու երկրները հանդիսանում են BLACKSEAFOR և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամներ: Այսօրվա Ուկրաինան հայտարարել է ՆԱՏՕ-ին անդամակցելու իր ցանկության մասին՝ հրաժարվելով դաշինքներից դուրս գտնվելու կարգավիճակից՝ Գերագույն Ռադայի նախորդ տարվա որոշմամբ: Թուրքիան հանդիսանալով ՆԱՏՕ-ի անդամ կարող է իր աջակցությունը ցուցաբերել Կիևին դաշինքին անդամակցելու ճանապարհին, ինչը կարող է Սև ծովը ամբողջությամբ վերածել ՆԱՏՕ-կան ծովի, եթե հաշվի առնենք Բուլղարիա, Ռումինիայի, Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ու Վրաստանի եվրաատլանտյան ուղենիշը:

Ինչ վերաբերվում է տնտեսական համագործակցությանը, ապա Ուկրաինան Թուրքիա է արտահանում սև մետաղներ, գյուղատնտեսական արտադրանք, իսկ ներկրում է հիմնականում տեքստիլ արտադրության ապրանքներ և սարքավորումեր: Թուրքիան վերջին շրջանում ակտիվացրել է ներդրումները Ուկրաինայում: 2012թ-ի դրությամբ թուրքական ներդրումները Ուկրաինայում կազմել են 183,89 միլիոն դոլար: Թուրքական ներդրումների 40.2%-ը ուղղվել է արդյունաբերության ոլորտ, 16.7%-ը՝ տրանսպորտի և կապի ոլորտ, իսկ 12.8%-ը՝ անշարժ գույքի և 10.8%-ը՝ առևտրի:

Անկարան բավականին ակտիվ էր Ղրիմի թերակղզում՝ հատկապես հենվելով տեղի թաթարական համայնքի ներկայացուցիչների վրա: Ղրիմը դարեր շարունակ գտնվել է Օսմանյան կայսրության հպատակության ներքո՝ Ղրիմի խանության օրոք: Թուրքիան թերակղզում իր ազդեցությունը մեծացնելու համար օգտագործել է ինչպես հատուկ ծառայությունները՝ MIT, այնպես էլ տնտեսական լծակները՝ ստեղծել Իմդատ բանկը՝ իր ծրագրերն Ղրիմում իրականացնելու համար:

Թուրքիան չի ճանաչել Ղրիմի միացումը ՌԴ-ին և Էրդողանի ու Դավութօղլուի շուրթերով պաշտպանել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: Անկարային ձեռնտու չէ կորցնել իր ազդեցությունը Ղրիմում, քանի որ այն կարող էր օգտագործվել Սև ծովում թուրքական ազդեցությունը մեծացնելու և պանթուրքիստական և նեոօսմանական ուղենիշներն իրականացնելու համար:

Թուրքիայի համար այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ Ղրիմի թաթարներին բացահայտ աջակցելու և ֆինանսավորելու ծրագրերը Մոսկվայի կողմից կդիտվեն որպես Ռուսաստանի ներքին գործերին միջամտություն, քանի որ Ղրիմը այսօր Ռուսաստանի դաշնային սուբյեկտ է: Չմոռանանք, որ Թուրքիան էներգետիկ մեծ կախվածություն ունի Ռուսաստանից՝ գազի առաքում, շուտով սկսվելու է նաև ատոմակայանների կառուցումը, իսկ ռուս զբոսաշրջիկները տասնյակ միլիոնավոր դոլարների եկամուտներ են բերում՝ այցելելով Թուրքիայի միջերկրածովյան հանգստավայրեր:

Անկարան հնարավոր է փորձ կատարի օգտագործել Ղրիմի թաթարներին, որոնց թիվը թերակղզում հասնում է մոտավորապես 300.000-ի, որպես այսպես կոչված 5-րդ շարասյուն՝ թերակղզում անկայունության օջախ ստեղծելու համար: Անգամ եթե Թուրքիան գնա նման քայլի, ապա դա անելու է մեծ զգուշավորությամբ և հնարավոր է Կիևի իշխանությունների միջոցով:

Պետք է նշել, որ Ղրիմի թաթարների գործոնը հաշվի է առնում նաև Մոսկվան և պատահական չէ, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մինչև հանրաքվեն հանդիպել էր Մուստաֆա Ջեմիլևի հետ և հայտարարել, որ Ղրիմի թաթարների իրավունքները հարգվելու են: Բացի այդ, արդեն հանրաքվեից հետո Պուտինը հայտարարել էր, որ Ղրիմում պետք է լինի երեք պետական լեզու՝ ռուսերեն, ուկրաիներեն և թաթարերեն: Այսինքն՝ Ռուսաստանը ցանկանում է ամեն գնով շահել Ղրիմի թաթարների վստահությունը, տրամադրել նրանց լայն իրավունքներ՝ Ղրիմի կառավարությունը որոշում է կայացրել թաթարներին կառավարման բոլոր օղակներում տեղեր հատկացնել և այսպիսով թույլ չտալ Ղրիմի թաթարների մարգինալացումը և նրանց ինքնամեկուսացումը:

Կիևի այսօրվա իշխանությունները նույնպես ցանկանում են թերակղզում ունենալ իրենց հակառուսական դաշնակիցներին՝ ի դեմս Ղրիմի թաթարների և պատահական չէ, որ Գերագույն Ռադան Ղրիմի թաթարների վերաբերյալ օրենք է ընդունել, որտեղ նրանք հռչակվում են որպես թերակղզու բնիկ ազգ, նրանց կրոնական, լեզվական, մշակութային իրավունքները հարգվելու են: Ինչն առավել կարևոր է, Ղրիմի թաթարներին նույն ուկրաինական օրենսդրությունը հնարավորություն է տալիս ինքնորոշվել՝ միասնական Ուկրաինայի սահմաններում:

Ինչ վերաբերվում է էներգետիկ թնջուկին, ապա ՌԴ-ը և Թուրքիան իրականացնելու են Թուրքական հոսք (Հարավային հոսքի փոխարեն) նախագիծը, որն Ուկրաինայի տարանցիկ հնարավորությունները գրեթե զրոյացնում է, քանի որ Մոսկվան ցանկանում է զերծ մնալ Ուկրաինայից տարանցիկ կախվածություն ունենալուց: Ռուս-թուրքական մերձեցումը Կիևին կախվածության մեջ է գցելու Թուրքիայից, քանի որ Ուկրաինան Սև ծովում կցանկանա հենվել ռազմական մեծ պոտենցիալ ունեցող երկրի վրա՝ Ղրիմը կորցնելուց հետո ուկրաինական ռազմածովային ուժերի առանց այդ էլ համեստ հնարավորությունները այժմ գրեթե զրոյացել են:

Թուրքիան Ուկրաինայի հետ իր հարաբերությունները կառուցելուց հետհայացք է գցելու Մոսկվային, քանի որ ռուս-թուրքական տնտեսական և էներգետիկ կապերը Անկարային համար առավել կարևոր են, քան թե տնտեսական ճգնաժամի և քաղաքացիական պատերազմի մեջ գտնվող Ուկրաինայի հետ հարաբերությունները:

Արևմուտքին ձեռնտու է, որ Սև ծովում ձևավորվի Թուրքիա-Ուկրաինա-Վրաստան ռազմա-քաղաքական դաշինքը, որն ուղղված կլինի Սև ծովում ռուսական նավատորմի ազդեցությունը նվազեցնելուն: Մոսկվան, սակայն, այդպիսի զարգացումներ թույլ չտալու համար Ղրիմում ուժեղացնում է իր ռազմական ներկայությունը, համալրում Սևաստոպոլում գտվող իր ռազմածովային բազան նոր ռազմանավերով և արդիականացնում թերակղզու ռազմական ենթակառուցվածքները: Այդ փաստը սկսել է անհանգստացնել անգամ ՆԱՏՕ-ական գեներալներին: Եվրոպայում ՆԱՏՕ-ի զորքերի գլխավոր հրամանատար Ֆիլիպ Բրիդլավը վերջերս հայտարարել է, որ ՌԴ-ի կողմից Ղրիմի միլիտարիզացիան հնարավորություն է տալիս ռուսներին վերահսկողության տակ պահել Սև ծովի գրեթե ողջ ավազանը:

Այսպիսով, թուրք-ուկրաինական մերձեցման հիմքում ընկած են ինչպես տնտեսական հաշվարկներ՝ ազատ տնտեսական գոտու ստեղծման և ուկրաինական հումքը Թուրքիա առաքելու համար, այնպես էլ աշխարհաքաղաքական նպատակներ՝ Ղրիմի հարցում Կիևի ու Անկարայի դիրքորոշումները համընկնում են, իսկ Արևմուտքին ձեռնտու է Սև ծովում թուրք-ուկրաինական մերձեցումը՝ ՌԴ-ի ռազմածովային հնարավորությունները չեզոքացնելու համար:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...