19.03.2024
Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյին
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Մամուլ. «Ազատիր Քոչարյանին, որ փրկես Սերժ Սարգսյանին» оպերացիայի առաջին ակտն ավարտվեց

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:

«Ժողովուրդ» օրաթերթը գում է. «Ինչպես հայտնի է, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ի գործի շրջանակներում որպես մեղադրյալ ավելի քան երկու շաբաթ կալանքի տակ մնալուց հետո ՀՀ վերաքննիչ դատարանի որոշմամբ օգոստոսի 13-ին ազատ արձակվեց: Այս հարցով վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի որոշման հրապարակմանը բավական ուշագրավ իրադարձություններ են նախորդել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումից 5-6 օր առաջ` երեկոյան, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու տանը հանդիպել են իրավապահ համակարգի նախկին ներկայացուցիչներ՝ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը, Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար, ՔԿ պետի նախկին տեղակալ Վահագն Հարությունյանը: Եւ նրանք երեքով քննարկել են այս գործի մանրամասները, բայց սահմանադրությամբ նախագահի անձեռնմխելիության դրույթի շրջանակներում: Մեր աղբյուրների պնդմամբ` մտավախություն է հնչել, որ մարտի 1-ի գործով հարցաքննվելու եւ կալանավորվելու հերթը հասնելու է նաեւ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին: Ու եթե նախագահի անձեռնմխելիության սկզբունքի շրջանակներում նրանք Քոչարյանին ազատ արձակելու հարցը չլուծեն, միգուցե կալանավորվի նաեւ Սարգսյանը: Ի դեպ, ժամանակին նույն տրամաբանությամբ էլ ՀՀԿ-ն ու ԱԺ ՀՀԿ խմբակցությունը հանդես եկան հայտարարություններով. թեեւ նրանք առերեւույթ պաշտպանում էին Քոչարյանին, բայց իրականում փորձում էին մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ դառնալու հեռանկարից փրկել Սերժ Սարգսյանին: Վազգեն Ռշտունին, «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան, հերքել է այդ հանդիպման մասին լուրը: Իսկ մինչ այդ մեկ արձանագրում. դատավոր Ալեքսանդր Ազարյանը հասցրել է մի քանի հարցազրույց տալ՝ մեկնաբանելով եւ արդարացնելով Քոչարյանին ազատ արձակելու որոշումը: Միայն թե դատական համակարգում չլսված երեւույթ է, երբ դատավորն իրավական ակտ կայացնելուց հետո հարցազրույցներ է տալիս ու հավելյալ մեկնաբանում իր քայլը: Դատավորների համար նման արգելք կա նաեւ «ՀՀ դատավորի վարքագծի կանոնները սահմանելու մասին» ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի որոշմամբ:


«Հրապարակ» օրաթերթը գում է. «Մարտի 1-ի գործով բազմաթիվ անձինք են հրավիրվում հարցաքննության, նախկին, ներկա, հայտնի եւ անհայտ պաշտոնյաներ: Եվ չի բացառվում, որ նոր մարդիկ ավելանան մեղադրյալների ցանկում: Մեր տեղեկություններով՝ մեղադրյալի աթոռին կհայտնվեր նաեւ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, ով աշխատում էր նախագահականում, սակայն այժմ մահացած է: Նա եւս անցնում է Սահմանադրական դատարանի դատավոր Վալերի Պողոսյանի վրա գործադրված ճնշումների էպիզոդով։ Ըստ ՀՔԾ վարկածի, Պողոսյանի նկատմամբ ճնշումներ գործադրվել են Արմեն Գեւորգյանի եւ վերոնշյալ անձի կողմից։ Ի դեպ, մեր ընթերցողներից մեկը հակասություն է հայտնաբերել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի խոսքերի մեջ։ Երբ նրան մեղադրում էին, թե Հ1-ում հարցազրույց տալով ինքը ճնշում է գործադրում դատարանի նկատմամբ, նա արդարանում էր՝ ես չեմ դատավորին նշանակողը, ուստի իմ խոսքը չի կարող ճնշում դիտվել։ Մարդիկ նկատել են, որ Արմեն Գեւորգյանին առաջադրված մեղադրանքի հիմքում եւս ընկած է դատավորի՝ ՍԴ անդամի նկատմամբ ճնշումներ գործադրելու վարկածը, բայց չէ՞ որ Արմեն Գեւորգյանը չի նշանակել ՍԴ դատավորներին, ուստի նա եւս չէր կարող ճնշում գործադրել նրանց նկատմամբ։ Այսինքն՝ կա՛մ Սասուն Խաչատրյանն էլ է ճնշում գործադրում դատարանի վրա, կա՛մ Արմեն Գեւորգյանն այն ժամանակ ոչ մի ճնշում չի գործադրել»։


«Հրապարակ» օրաթերթը գում է. «Դատական համակարգում մի կողմից վրդովված են, մյուս կողմից սարսափած քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ սկսված արշավից։ Հիշեցնենք․ նա այն դատավորն է, ով բաց թողեց Ռոբերտ Քոչարյանին՝ ՀՀ նախկին նախագահի անձեռնմխելիությունը որպես հիմք մատնանշելով։ Դատավորները վրդովված են, որ դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին արձակուրդ է գնացել՝ այս ծանր գործի բեռը թողնելով Ազարյանի վրա։ Նաեւ կարծում են, որ իր տեղում չէ Դատավորների միությունը՝ նախագահ Երվանդ Խունդկարյանի ղեկավարությամբ, որը որոշում կայացրած դատավորին պաշտպանելու ուղղությամբ ոչ մի քայլ չի անում։


«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել ենք, որ դիվանագիտական կորպուսում առաջիկայում խոշոր փոփոխություններ են սպասվում։ Երեկ հետ կանչվեց Բելառուսում ՀՀ դեսպան, ԼՂ նախկին վարչապետ Օլեգ Եսայանը։ Սպասվելիք փոփոխությունների մեջ ամենակարևորը թերևս ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի փոփոխությունն է․ 2016 թ․ հունվարին՝ Տիգրան Սարգսյանից հետո այս պաշտոնում նշանակված Գրիգոր Հովհաննիսյանը կվերադառնա հայրենիք և կզբաղեցնի արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնը։ Նկատենք, որ սա իրականում պաշտոնի իջեցում է, քանի որ ԱՄՆ-ում դեսպանի պաշտոնն ամենացանկալին է համարվում դիպկորպուսում։ Նրա փոխարեն, մեր տեղեկություններով, դեսպան կնշանակվի վարչապետի օգնական Վարուժան Ներսեսյանը, ով այս պաշտոնին է նշանակվել Սերժ Սարգսյանի կողմից և շարունակել է աշխատել նաեւ Փաշինյանի օրոք։ Իսկ տարեսկզբին Սերժ Սարգսյանը նրան արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան է շնորհել»։


«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր ՀՀ կառավարության նիստի օրակարգի 14-րդ կետում ներառված է «Երեւանի ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու եւ ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու ու անցկացնելու» հարցը։ Դա նշանակում է, որ վարչապետի որոշմամբ այսօր կհրապարակվի Երեւանի ավագանու նոր ընտրություններ անցկացնելու որոշումը, որը կկայանա, ինչպեսեւ գրել էինք, սեպտեմբերի 23-ին, քանի որ օրենքը պահանջում է 35-40 օրվա ընթացքում կազմակերպել նոր ընտրություններ։ Կառավարության որոշմամբ, ընտրությունների կազմակերպման համար ՀՀ ոստիկանությանը գումար կհատկացվի։ Մեր տեղեկություններով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որն առաջադրել է Հայկ Մարությանի թեկնածությունը, վարչության վերջին նիստում արդեն իսկ հաստատել է ավագանու թեկնածուների իր ցանկը։


«Ժողովուրդ» օրաթերթը գում է. «Ինչպես հայտնի է, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Ֆարմանյանի քրոջ՝ Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանին 20 մլն դրամ չարաշահումների համար մեղադրանք է առաջադրվել, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Երբ երեկ «Ժողովուրդ» օրաթերթը Ֆարմանյանին հարցրել է՝ տեղյակ եղել է քրոջն առնչվող չարաշահումներից, ցնցող պատասխան է ստացել. «Այո՛, չարաշահումները տեղի են ունեցել իմ, Ճապոնիայի կայսր Ակիհիտոյի, Նիկոլ Քիդմանի ու Վինի Թուխի անմիջական հանձնարարությամբ»: Իրավապահները Ֆարմանյանին կարող են իրենց երախտագիտությունը հայտնել նախաքննությանն աջակցելու եւ քրոջը չարաշահումներ անելու հանձնարարություն տվածների անունները տալու համար: Նաեւ այսքանից հետո հանգիստ կարող են շունչ քաշել շատ հայտնիներ՝ Անգետիկը, Չեբուրաշկան, աբսուրդի թատրոնի հիմնադիրներ Սամուել Բեքեթն ու Էժեն Իոնեսկոն, որովհետեւ, չար լեզուների պնդմամբ, իրավապահները կատարվածի թիկունքում տեսնում էին հենց նրանց ականջները: Իսկ եթե ավելի լուրջ, Ֆարմանյանի պատասխանը վկայում է այն մասին, որ նա պարզապես ասելիք չունի:

Կառավարությունը լուծել է իր հիմնական խնդիրը և թևակոխում է նոր փուլ. Փաշինյան
Հաջորդ նորություն next