Փաշինյանը կոչ է արել Ռուսաստանին ադապտացվել ՀՀ-ում ստեղծված նոր իրավիճակին

479

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի Բերդ քաղաք կատարած այցի ժամանակ անդրադարձել է Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանին ու ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին առաջադրված մեղադրանքների վերաբերյալ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի աղմկահարույց հայտարարությանը:


«Սա նոր իրավիճակ է և մենք բոլորս, այդ թվում՝ Ռուսաստանի մեր գործընկերները, պետք է ադապտացվենք այս նոր իրավիճակին», - ասել է նա Բերդում լրագրողների հետ ճեպազրույցում՝ պատասխանելով ՌԴ արտգործնախարարի հայտարարության վերաբերյալ հարցին։ Վարչապետը որեւէ խնդիր չի տեսնում այս հարցում եւ նկատում է, որ ամեն ինչ նորմալ է. «Այնպես որ` ամեն ինչ նորմալ է», - հավելել է Փաշինյանը։


Ավելի վաղ մեկնաբանելով Հայաստանում նախկին նախագահի եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նկատմամբ հարուցված քրեական գործերը` Լավրովը ասել էր, որ ՀՀ իշխանությունների հայտարարություններն ու քայլերը չեն համապատասխաում միմյանց:


«Մենք մտահոգված ենք ՀՀ-ում տեղի ունեցող իարադարձություններով: Հույս ունեինք, որ նման արդյունքին հենվելով, բոլոր ուժերն, առաջին հերթին՝ նոր ղեկավարությունը, կշարունակի առաջ տանել միավորող մոտեցումները և ամրապնդել ազգային համաձայնությունը։ Սակայն վերջին օրերի իրադարձությունները խաթարում են դրական տրամադրվածությունը, հակասում են երկրի նոր ղեկավարության հայտարարություններին, որ իրենք մտադիր չեն իրենց նախորդողներին հետապնդել քաղաքական դրդապատճառներով», - հայտարարել էր Լավրովը:


Մեկ օր անց պատասխան հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ նկատելով, որ Հայաստանում նախկին բարձրաստիճան պաշտոնյաների 2008 թվականի «Մարտի 1»-ի գործով քրեական հետապնդման գործընթացը փոխկապակցված չէ Հայաստանի արտաքին քաղաքականության հետ և չպետք է տարընթերցման առիթ հանդիսանա։


«Այս առնչությամբ վերահաստատում ենք, որ մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունները, որոնք հստակորեն ամրագրված են խորհրդարանի կողմից հաստատված կառավարության ծրագրում, ուղղված են հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու խորացմանը, ՀԱՊԿ և ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը։ Մենք անշեղորեն հետևում ենք հռչակված ուղեգծին», - ընգծեց է Տիգրան Բալայանը։


Այդ ընթացքում ռուսաստանյան մերձկրեմլյան թերթերից «Կոմերսանտը» տեղեկություններ հրապարակեց առ այն, որ Մոսկվային ջղաձգում են ՀՀ-ի նոր իշխանությունների գործողությունները` երկրի նախկին ղեկավարների հետապնդման հետ կապված:


«Հատկապես մեծ ջղաձգվածություն է առաջացրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետապնդումը` Կրեմլում դա համարում են լուրջ հարված ռազմական դաշինքի իմիջին: Լարվածության ֆոնին կարող են խափանվել նաև ՀՀ-ին ռուսական զենքերի մատակարարման հարցերը: ՌԴ-ի ռազմական արդյունաբերության ձեռնարկությունների թոփ-մենեջերներ հայտնել են, որ Երևանին 100 միլիոն վարկի շրջանակներում զենքերի մատակարարումները մեծ հարցականի տակ են», - ասված էր հրապարակման մեջ:


Այնուհետեւ կողմերն, ըստ փորձագետների դիտարկման, գնացին փոխզիջման եւ պայմանավորվածության: Նախ, ռուսական զենքի մատակարարման շուրջ շրջանառվող լուրերը մեկնաբանել էր այդ ժամանակ Երեւանում գտնվող ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը՝ ոչ կոռեկտ որակելով տվյալ տեղեկությունը: Այնուհետեւ ՀՔԾ-ի ղեկավարը հայտարարեց, որ Խաչատուրովը կարող է մեկնել Հայաստանից, քանի որ խափանման միջոց գրավը դա չի արգելում: Թեպետ մինչ այդ ՀՔԾ-ն նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել:


«Մարտի 1»-ի գործի շրջանակներում քրեական հետապնդման ենթարկվող պաշտոնյաների թվում են ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ ներկայումս ՀԱԿՊ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, որն այն ժամանակ ՊՆ-ի Երեւանի կայազորի հրամանատարն էր: Նրանք մեղադրվում են մի խումբ անձանց հետ սահմանադրական կարգը տապալելու համար:


Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է երկու ամսով: 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:


Նույն մեղադրանքն առաջադրվել է նաև պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի և ՀԱՊԿ ներկայիս գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ:

Տպել

Թեմայի այլ նորություններ