28.03.2024
Հովիկ Աբրահամյանին Մարտի 1-ի գործով մեղադրանք չի առաջադրվել. ՀԾՔ պետ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Wikileaks-ի հրապարակումը. ինչո՞ւ է Արմեն Գեւորգյանի նկատմամբ քրգործ հարուցվել. Խաչատրյան

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը «Մարտի 1»-ի գործով քրեական գործ մեղադրյալ է ներգրավվել ոչ թե Wikileaks-ի հրապարակման, այլ հանցանքը կատարելու մասին վկայող ապացույցների բավարար համակցության հիման վրա: Այս մասին լրագրողների հետ զրույցում կառավարության նիստից առաջ հայտարարել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:


ՀՔԾ պետն ավելի վաղ Հանրային Հեռուստաընկերության «Օրակարգ» հաղորդման ժամանակ, հղում անելով տարիներ առաջ Wikileaks-ի հրապարակմանը, հայտարարել էր, որ դրա հիման վրա այսօր քրեական գործ է հարուցվել: Հրապարակման մեջ նշվում է, որ Սերժ Սարգսյանի հակառակորդները բողոքարկել են ընտրությունների արդյունքները ՍԴ-ում, և ըստ հրապարակման, Արմեն Գևորգյանը ճնշում է գործադրել ՍԴ դատավոր Վալերի Պողոսյանի նկատմամբ: «Դա ծանր հանցանք է, նախատեսում է մինչև 6 տարի ազատազրկում: Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը` չհեռանալու մասին»,- ասել էր ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:


Ավելի ուշ ՀՔԾ-ն մանրամասնեց կատարվածը ու տեղեկացրեց, որ Գևորգյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար։


Նրա խոսքով, սպացույցները սպառիչ կերպով թվարկված են քրեական դատավարության օրենսգքրում: «Այս ապացույցների ցանկից դուրս որևէ այլ տվյալ չի կարող անձին մեղադրանք առաջդրվելու հիմքեր», - ասել է Խաչատրյանը` անդրադառնալով ՍԴ նախկին անդամ Վալերի Պողոսյանի հայտարարությանը, թե արդյոք ՀՔԾ-ն մտածել է իր անվտանգության մասին՝ այս գործի շրջանակում իր ազգանունը հրապարակելիս:


Մինչ այդ Սահմանադրական դատարանի նախկին անդամ Վալերի Պողոսյանը հերքել էր Հատուկ Քննչական ծառայության պետի հայտարարությունը, թե ՀՀ նախկին նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևրորգյանն իր եղբոր միջոցով ճնշում է գործադրել իր վրա։ «Նման բան չկա, դա նրանց (քննչական մարմնի) եզրակացությունն է», - «Ազատության» հետ զրույցում ասել էր Պողոսյանը՝ հավելելով. «Ես ցուցմունք չեմ տվել, որ իմ կամ իմ եղբոր նկատմամբ ճնշում է գործադրվել»։


Պողոսյանը նաև հավելել էր. «Էդ քննչական վարչությունը, որ իմ ազգանունը հրապարակել է, իմ անվտանգության մասին մտածե՞լ է, թե՞ ես էլ իրենց համար միջոց եմ, ոչ թե՝ մարդ»:


Այս հարցադրամանն անդրադարձավ Սասուն խաչատրյանը՝ նշելով, որ Վալերի Պողոսյանը կարող է դիմել վարույթն իրականացնող մարմնին և ստանալ պաշտպանություն:


Արմեն Գեւորգյանը 2006 թվականի փետրվարից մինչեւ 2008 թվականի ապրիլի 21-ը եղել է Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար, իսկ 2007 թվականի հունիսից մինչև 2008թ. ապրիլը զբաղեցրել է նաև Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։


Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանը ՀՔԾ էր հրավիրվել հուլիսի 26-ին։ Սակայն Հատուկ քննչական ծառայությունից չէին մանրամասնել, թե Գևորգյանը հարցաքննությանը ինչ կարգավիճակ է ունեցել։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:


Ստերեւ ներկայացնում են Վիկիլիքսի այս փաստաթուղթը, որը 2008-ի մարտի 7-ին պետքարտուղարություն է ուղարկել Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փեննինգթոնը Հայաստանի ՊԱԿ-ի նախկին առաջնորդ և Սահմանադրական դատարանի անդամ Վալերի Պողոսյանի հետ նախօրեին կայացած խորհրդապահական հանդիպման արդյունքներով:


Հանդիպումը խնդրել է Պողոսյանը: Նա Փեննինգթոնին տեղեկացրել է, որ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նախագահի աշխատակազմը ճնշումներ են բանեցնում ՍԴ անդամների վրա, որպեսզի ՍԴ-ն հօգուտ Լևոն Տեր-Պետրոսյանի որոշում չկայացնի: Առաջին անգամ հայերենով այս հեռագիրը ամբողջական հրապարակել է ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ օրաթերթը 2011թ. սեպտեմբերի 3-ի համարում:


ՍԵՂՄԱԳԻՐ 1. Մարտի 6-ի ուշ երեկոյան Վալերի Պողոսյանը՝ Հայաստանի Սահմանադրական դատարանի ինը դատավորներից մեկը, գաղտնի կերպով կապ է հաստատել դեսպանատան հետ՝ իր տանը հրատապ հանդիպում կազմակերպելու խնդրանքով: Պողոսյանը հայտնել է դեսպանատան պաշտոնյաներին, որ նախագահ Քոչարյանը նախապես կանխորոշել է նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի բողոքի վերաբերյալ փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների հարցով մարտին 8-ին ակնկալվող ՍԴ վճռի ճակատագիրը: Պողոսյանն ասաց, որ ինքն անձամբ, ինչպես նաեւ իր կոլեգաներից ոմանք ճնշումների են ենթարկվել նախագահականի կողմից: Դատավորը նշեց, որ Հայաստանում այժմ տիրում է «բացարձակ բռնապետություն» եւ ավելացրեց, որ կեղծված որոշումը կարող է երկրի համար ունենալ «անկանխատեսելի հետեւանքներ»: Նա զգուշացրեց, որ եթե միջազգային հանրությունն այս կեղծ որոշումից հետո աչքաթող անի իշխանություններին, ապա դա անդառնալի վնաս կհասցնի Հայաստանին եւ կփշրի երկրի՝ ժողովրդավարության հասնելու որեւէ հույս:


ԿԵՂԾՎԱԾ ՎՃԻՌ


Սահմանադրական դատարանի անդամ Վալերի Պողոսյանը մարտի 6-ի երեկոյան գաղտնի կերպով կապ է հաստատել դեսպանատան հետ՝ հանդիպում խնդրելով իր տանը: Պողոսյանը Հայաստանի Սահմանադրական դատարանի 9 անդամներից մեկն է, որը դատարանի առաջին նշանակված անդամներից է դեռեւս 1996-ից: Դատարանն այժմ քննում է նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայացված բողոքը, որը պահանջում է չեղյալ հայտարարել փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքները: Լեւոն Տեր-Պետրոսյանը պնդում է, որ ընտրությունների արդյունքները կեղծված են, եւ որ պետք է կայանան նոր ընտրություններ: Վիճելի նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանը երկրորդն էր ձայների 21.5%-ով, մինչդեռ վարչապետ եւ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանն ստացավ 52.8%, որը բավարար էր ընտրությունների երկրորդ փուլից խուսափելու համար: Վիճելի արդյունքներն առաջ բերեցին 11-օրյա բողոքի ցույցեր Լեւոն Տեր-Պետրոսյանի համակիրների կողմից, որը մարտի 1-2-ին ավարտվեց իրավապահ մարմինների հետ արյունալի բախումներով եւ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից հայտարարված արտակարգ դրությամբ:


3. Թույլ եւ մռայլ տեսք ունեցող Պողոսյանը ներողություն խնդրեց դեսպանատան պաշտոնյաներից կապ հաստատելու համար, սակայն նշեց, որ իր մտահոգություններով գնալու այլ տեղ չուներ: Նա բացատրեց, որ դեսպանատան հետ կապ է հաստատել, քանի որ գիտի, «թե ինչ (արժեքներ.- խմբ.) է դավանում Ամերիկան»: Նա հայտնեց, որ նախագահ Քոչարյանը որոշել է, թե ինչպիսին պետք է լինի մարտի 8-ին սպասվող ՍԴ որոշումը, որը պետք է մերժի Լեւոն Տեր-Պետրոսյանի բողոքը: Պողոսյանը նշեց, որ մարտի 4-ին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի բողոքի լսման նախօրյակին, իրեն զանգահարել եւ պահանջել է ներկայանալ նախագահական նստավայր մեկը, որը հանդես էր գալիս նախագահի աշխատակազմի ղեկավարի (Արմեն Գեւորգյանի.-խմբ.) անունից: Սկզբում ցնցվելով զանգից, նա այնուհետեւ ծիծաղել է զանգահարողի վրա, ապա մերժել պահանջը: Այդ երեկոյան իր գրասենյակ կատարված մյուս զանգերը նա արհամարհել է:


4. Պողոսյանը հայտնեց, որ իր կոլեգաներից առնվազն երեքը մարտի 4-ի առավոտյան արձագանքել են նախագահականից հնչած նույնատիպ պահանջներին, սակայն ինքը դա ապացուցել չի կարող: Նա նշեց, որ այդ տեղեկատվությունը ստացել է վստահելի աղբյուրներից, որոնք նախագահական նստավայրում այդ օրը տեսել են ՍԴ այդ անդամներին: Նա նաեւ նշեց, որ նախագահականից սպառնացել են աշխատանքից ազատել իր եղբորը, որը նույնպես այնտեղ է աշխատում, եթե նա չկարողանա համոզել Պողոսյանին ներկայանալ: Պողոսյանը, որը վերջին երեք օրերին դատարանի կողմից քննվող բողոքի հարցով նիստերին չի ներկայացել եւ արդյունքում չի կարող մասնակցել վերջնական որոշման կայացմանը, ասաց, որ բացակայությունների պատճառ է ներկայացրել իր հիվանդ լինելը, սակայն վստահեցրեց, որ նույնիսկ առողջ լինելու պարագայում չէր մասնակցի նիստերին:


5. Պողոսյանը նշեց, որ նախագահականից կատարվող այս ճնշումների հարցը նա բարձրացրել է իր կոլեգաների մոտ, որը, սակայն, «անուշադրության է մատնվել» նրանց կողմից: Նա նաեւ հայտնեց, որ դատավորներից մեկը՝ Կիմ Բալայանը, համագործակցել է իշխանությունների հետ իր որդու՝ Տիգրան Բալայանի ԱԳՆ խոսնակ նշանակվելու միջոցով (նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանն աշխատանքից հեռացվել էր 5 այլ դիվանագետների հետ, ովքեր հրապարակայնորեն քննադատել էին իշխանությունների կողմից ընտրական գործընթացների խախտման դեպքերը): Պողոսյանը նշեց, որ հարցի հետ կապված իր դիրքորոշումը եւ բացակայությունը նիստերից կարող են անձնական հետեւանքներ ունենալ իր համար հետագայում, սակայն չմանրամասնեց, թե ինչպիսիք կարող են դրանք լինել: Այնուամենայնիվ նա հավաստեց, որ ունի «հիմքեր վախենալու համար»: Նա նաեւ նշեց, որ եթե չլիներ իրենց վրա բանեցվող ճնշումը, ՍԴ անդամներից գրեթե բոլորը վճիռ կկայացնեին Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին:


ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ «ԱՆԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ»


6. Պողոսյանը պնդեց, որ դատարանի կեղծված վճիռը կարող է «կատալիտիկ» դեր խաղալ գոյություն ունեցող լարվածությունը բորբոքելու եւ նոր բռնությունների հանգեցնելու հարցում: Նա ասաց, որ այժմ Հայաստանում առկա է «բացարձակ բռնապետություն», որտեղ անհնար է խնդիրները լուծել իրավական միջոցներով: Նա նաեւ ասաց, որ իշխող ռեժիմի պատճառով ստեղծված ներկայիս «բարոյական եւ հոգեբանական» մթնոլորտը, արտակարգ դրությունը եւ դրա սահմանած շատ խիստ սահմանափակումները Սահմանադրական դատարանին դրել են հսկայական ճնշման տակ, որը ստիպում է վերջինիս հետեւել իշխանությունների ցուցումներին:


7. Պողոսյանը նշեց, որ ակնհայտ է, որ իշխանությունները մտադրված են իրավիճակից դուրս գալ՝ գործի դնելով վախի տակտիկան եւ ռեպրեսիան: Որպես օրինակներ նա նշեց իշխանությունների կողմից մարտի 1-ին ցուցարարների բռնի ցրումը եւ դրան հետեւած արյունահեղությանը հովանավորումը, ցուցարարների եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի համակիրների ձերբակալությունները, ապօրինի դատավարությունները (ակնհայտորեն նկատի ուներ անձեռնմխելիությունից զրկված 4 պատգամավորների դեպքը եւ Սահմանադրական դատարանում լսվող բողոքի բնույթը), նախագահի թշնամական հարձակումները Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ, որը քննադատական զեկույց էր հրապարակել իշխանությունների կողմից իրավիճակին ցուցաբերած արձագանքման մասին: Պողոսյանը պնդեց, որ այս ամենը նպատակ ունի, այն է «վախ սերմանել» ռեժիմի իրական ընդդիմադիրների եւ ապագա հակառակորդների շրջանում: Նա ասաց, որ նախագահը չի հանդուրժում այլախոհություն եւ մարդկանց տարբերակում է «իր հետ կամ իր դեմ» լինելով:


8. Պողոսյանը ասաց, որ չնայած վախի այն մթնոլորտին, որ իշխանությունները փորձում են ստեղծել, հասկանալի է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը կարող է հարյուր հազարավոր կողմնակիցների դուրս բերել փողոց արտակարգ դրության վերացումից հետո: Այս դեպքում նա չբացառեց այն սցենարը, որտեղ իշխանությունները կերկարացնեն արտակարգ դրությունը, եթե զգան, որ իրենց դիրքերը թուլանում են: Նա նաեւ նշեց, որ իշխանությունները բավականաչափ լկտի են, որպեսզի իրականացնեն Լեւոն Տեր-Պետրոսյանին ձերբակալելու իրենց սպառնալիքը՝ անկախ այն բանից, որ դրա համար չունեն իրավական հիմքեր: Սակայն «նրանք կարող են անել ինչ ուզում են», ավելացրեց Պողոսյանը:


ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՉՔԱԹՈՂ ՄԻ ԱՐԵՔ – ՎՏԱՆԳՎԱԾ Է ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ


9. Պողոսյանն ասաց, որ իրեն հանգստացրել էին պետդեպարտամենտի կողմից արված հայտարարությունները, որոնք մատնանշում էին նախագահական ընտրություններում տեղ գտած խնդիրները եւ նաեւ ողջունեց նախորդ շաբաթ տեղի ունեցած բռնություններին հետեւած միջազգային հանրության բոլոր խիստ հայտարարությունները: Սակայն նա զգուշացրեց, որ «բոլոր այս հայտարարությունները կարող են ոչինչ չարժենալ», եթե դատարանի վճռից հետո միջազգային հանրությունը աչքաթող անի իշխանություններին: Նա լրջորեն ընդգծեց, որ դատարանի որոշման ճանաչումը որպես ընտրության վերաբերյալ վերջին խոսք կլեգիտիմացնի ռեժիմի կողմից իրականացված կեղծիքները: Իսկ ավելի վատ, ըստ Պողոսյանի, կլինի այն անդառնալի վնասը, որն այդ որոշման ճանաչման եւ ռեժիմին աջակցելու արդյունքում կհասցվի Հայաստանին: Նա պահը նկարագրեց որպես որոշիչ, որտեղ օդում կախված են ժողովրդավարության մարող հույսերը:


ՈՉԻՆՉ ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ


10. Հանդիպման ընթացքում Պողոսյանը նշեց, որ 1990-ականներին տարբեր ժամանակահատվածներում ինքը Հայաստանում ղեկավարել է Ազգային անվտանգությունը եւ ոստիկանությունը: Դեսպանատան պաշտոնյաներն այնուհետեւ նրան հարցրել են բռնություններից հետո պտտվող չհայտարարված մահվան դեպքերի եւ այն մեղադրանքների մասին, որ Լեռնային Ղարաբաղից բերվել են բանակի ստորաբաժանումներ: Նա ասաց, որ տեղեկատվությունը, որն իրեն հասու է այն բանի շնորհիվ, թե ով է նախկինում եղել ինքը, հուշում է, որ ամբողջությամբ դրանք անհիմն չեն: Նա ասաց, որ տեղեկատվություն ունի այն մասին, որ մահացությունների թիվը իշխանությունների կողմից նվազեցվել է, եւ որ որոշ ընտանիքների ստիպել են ստորագրել կեղծ մահվան վկայականներ՝ նախքան նրանց թույլ տալը վերցնել իրենց հարազատների մարմինները: Նա ասաց, որ ոչինչ բացառված չէ՝ նկատի ունենալով ռեժիմի էությունը:


ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ


11. Մենք ոչ մի կերպ չենք կարող հաստատել ՍԴ անդամ Պողոսյանի մեղադրանքները, սակայն ինքնին խոսուն է այն փաստը, որ Հայաստանի ամենաբարձր աստիճանի հանրային ծառայողներից մեկը մեզ հետ այս կերպ կապ հաստատեց: Պողոսյանը ՍԴ անդամ է նշանակվել Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության ժամանակ եւ չնայած, որ նա չէր թաքցնում իր քաղաքական հայացքները, հնարավոր է, որ վերջին քաղաքական իրադարձությունները ազդեցություն են ունեցել նրա տեսակետների վրա: Սա նշելով հանդերձ՝ նրա մտահոգությունները թվացել են անկեղծ, իսկ դեսպանատան պաշտոնյաները ստացել են այն տպավորությունը, որ նա գործում էր զուտ իր երկրի հանդեպ հայրենասիրությունից դրդված:

Տնտեսական ակտիվության բավականին բարձր ցուցանիշ է արձանագրվել. վարչապետ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար