Փաշինյանի թիմը կվերլուծի ՀՅԴ և «Ծառուկյան» խմբակցությունների պատգամավորների գործելաոճը

313

ԱԺ ՀՅԴ և «Ծառուկյան» խմբակցությունների պատգամավորների իրավունքն է պահանջել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումը կամ միանալ վերջինիս կալանքի փոփոխման հարցով ստորագրահավաքին։ Բայց այս գործողությունները վերլուծության կարիք ունեն:


Այս մասին Facebook-յան ասուլիսի եթերում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։


Հիշեցնենք, Ռոբերտ Քոչարյանի գործով ստորագրահավաքին միացել է 46: Ըստ Քոչարյանի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանի՝  42 ՀՀԿ-ական, 3-ը՝ ՀՅԴ-ական են, ևս մեկ պատգամավոր «Ծառուկյան» խմբակցությունից:


«Դա պատգամավորների իրավունքն է, բայց այս գործողությունների վերլուծության կարիք կա։ Մեր գործընկերների հետ փոխհարաբերվելու առումով վերլուծությունը կբերի որոշակի եզրահանգումների: Խոսքս վստահության շեմը բարձրացնելու կամ իջեցնելուն է վերաբերում»,- շեշտեց Ավինյանը։


Ավելի ուշ գործընթացին միացան նաեւ Արցախի ԱԺ պատգամավորները։ Այս մասին Facebook-յան իր էջում գրել էր Արցախի ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Անուշ Ղավալյանը։


«Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ օգոստոսի 7-ին միջնորդություն-խնդրագիր են ներկայացրել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին՝ Արցախի առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը փոխարինելու ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով՝ հաշվի առնելով Ռոբերտ Քոչարյանի մատուցած ծառայությունները ԱՀ և ՀՀ պետականաշինության գործում», - ասված է նրա գրառման մեջ:


Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը։ Քոչարյանը կալանավորված է 2 ամսով։ Քոչարյանը որպես մեղադրյալ ներգրավված է 2008 թվականի նախագահական ընտրություններին հետևած, 10 մարդու սպանությամբ զուգորդված բախումների քրգործում։


Նրան, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին ու պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին մեղադրում են սահմանադրական կարգը տապալելու մեջ։

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...