Տոնոյանը քննարկել է Փանիկի միջադեպը ՌԴ ՊՆ հարավային օկրուգի ներկայացուցիչների հետ

227

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ընդունել է ՌԴ հարավային օկրուգի շտաբի պետի տեղակալ, գնդապետ Վլադիմիր Ստեխովին և 102-րդ ռազմակայանի հրամանատար, գնդապետ Վլադիմիր Ելկանովին, որոնց ուղեկցում էր ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ-երի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Փարվանյանը։


Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական ռազմական համագործակցության երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։


Քննարկվել են նաև օրերս Շիրակի մարզի Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպի մանրամասները։ Գնդապետ Ստեխովը իր ափսոսանքն է հայտնել տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ և հավաստել է ռուսական ռազմաբազայի հրամանատարության կողմից հետայսու նման հարցերում առավել զգույշ և հետևողական լինելու պատրաստակամության մասին։


Իր հերթին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կոչ է արել 102 ռազմաբազայի գործունեության և հատկապես մարտական պատրաստության միջոցառումների ժամանակ հատուկ ուշադրություն դարձնել բնակչության հետ հարաբերությունների ձևավորմանը։ Պաշտպանության նախարարը նշել է, որ հուլիսի 22-ին ինքը անձամբ ժամանելու է Փանիկ գյուղ և կմասնակցի միջադեպի հետևանքների վերացմանը ուղղված միջոցառումներին։


Հիշեցնենք, երեկ 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում ՌԴ 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումներն առանց զգուշացման մտել են Շիրակի մարզի Փանիկ գյուղ եւ զորավարժանք իրականացրել: Պայթյուններ եւ կրակոցներ են հնչել: Իրենց տների մոտ տանկեր եւ զինված զորք տեսնելով՝ փանիկցիները խուճապի են մատնվել եւ փախել տներից: Վախից երեխաներ են ուշագնաց եղել: Ոմանք նաեւ կրակոցների ժամանակ ահաբեկվել եւ թաքնվել են:


Կառավարության նիստի ժամանակ անդրադառնալով Փանիկի միջադեպին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն որակել էր սադրանք «ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների, սադրանք ընդդեմ ՀՀ ինքնիշխանության»: Նա հայտարարել էր, ոչ մեղավորներին պետք է գտնել ու պատասխանատվության ենթարկել:

Տպել

Թեմայի այլ նորություններ