Հայաստանը կքննարկի ԼՂ հարցում փոխզիջման սահմանը, երբ Բաքուն դրան պատրաստ լինի. Փաշինյան

363

Ադրբեջանի հետ հայկական կողմը կքքնարկի փոխզիջման հնարավորությունը եւ սահմանը, երբ Բաքուն իսկապես պատրաստ լինի դրան: Այս մասին մամուլի ասուլիսի ժամնաակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Երբ ասում ենք փոխզիջում, դա նշանակում է, որ կա երկու կողմ, որոնք պատրաստ են զիջումների. Ինչո՞ւ ենք մենք ուզում քննարկել փոխզիջման գնալու մեր պատրաստակամությունը, եթե ակնհայտ է, որ Ադրբեջանը պատրաստ չէ գնալու փոխզիջման», - ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ մեթոդական սխալ են թույլ տալիս, երբ կառավարության որեւէ պաշտոնյայի հարցնում են՝ ընդունելի՞ է իր համար արդյոք «տարածքներ կարգավիճակի դիմաց» սկզբունքը:


«Երբ ուղերձ կստանանք, որ Ադրբեջանը հակված է փոխզիջման, մենք կքննարկենք, ընդ որում, ոչ թե կառավարության մակարդակով, այլ ազգովի, թե մեզ համար փոխզիջման ինչ սահման գոյություն ունի: Ես կարող եմ ասել մի բան. Ես բացառում եմ ԼՂ հարցի կարգավորման այնպիսի լուծում, որն ընդունելի չի լինի մեր ժողովրդի համար: ՀՀ-ում չի կարող լինել մի իշխանություն, որը կարող է նման լուծման գնալ»,-ընդգծեց Փաշինյանը:


Նա վստահեցրեց, որ առանց Արցախի ժողովրդի մասնակցության Արցախի հարցի լուծում չի լինելու: “Սա ամրագրված է ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների նախագահների դիրքորոշումների փաստաթղթերում արձանագրված է”, - ասաց նա:


«Բոլոր փաստաթղթերում դա արձանագրված է, որ կարգավորման վերջնական փուլում Արցախը պետք է ներգրավված լինի: Սա չի նշանակում, որ մենք չենք կարող խոսել ընդհանրապես: Կարող են լինել քննարկումներ, այդ թվում այս թեմայի շուրջ: Ստեփանակերտում ես հայտարարել եմ, որ պատրաստ ենք բանակցել Ադրբեջանի հետ, ես պատրաստ եմ բանակցել Ադրբեջանի նախագահի հետ, բանակցելու նյութ կա”, - նշեց վարչապետը:


Նրա խոսքով, բանակցություն ինքնին նույնպես օգտակար է, որովհետեւ պետք է որոշակի վստահության մթնոլորտ ստեղծվի, որ հարցը կարգավորվի: “Մենք պետք է ջանքեր գործադրենք, որ այդ մթնոլորտը ձեւավորվի, բայց միաժամանակ ասում ենք, որ մեզ համար անընդունելի է ռազմաշունչ եւ ագրեսիվ հռետորությունը, որը վարում է Ադրբեջանը: Կարգավորման համար անհրաժեշտ է կարգավորման մթնոլորտ”,-ասաց նա:


Նա նաեւ անդրադարձավ հեղափոխությունից հետո ադրբեջանական կեցվածքի ագրեսիվության մեծացման խնդրին՝ նշելով, որ այն կապված է այդ երկրի ղեկավարության մտավախությանը հետ, թե Ադրբեջանի ժողովուրդը կարող է ոգեւորված լինել Հայաստանում եղած ժողովրդավարական փոփոխություններով, կոռուպցիայի դեմ պայքարով:


«Նրանք փորձում են իրենց հանրության ուշադրությունը շեղել դեպի Արցախի հարց եւ թշնամական հովանոցի տակ շարունակել իրենց ավանդական քաղաքականությունը: Գուցե սա ամենամեծ խնդիրն է, որ ունենք»,- իր խոսքն ավարտեց Փաշինյանը:

Տպել

Թեմայի այլ նորություններ