Չափազանց վտանգավոր է. Աշոտյանը կոչ է անում Փաշինյանին չսրել ՌԴ-ի հետ հարաբերությունները

319

Անչափ վտանգավոր եմ համարում հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական խորությանը չհամապատասխանող գնահատականներ հնչեցնելը: Այս մասին իր Facebook-յան էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը՝ կոչ անելով Փաշինյանին Փանիկում տեղի ունեցած միջադեպի պատճառով չսրել հայ-ռուսական հարաբերությունները:


Միանշանակ է, որ Հայաստանի ինքնիշխանության վրա ցանկացած ոտնձգություն անթույլատրելի է, նշում է Աշոտյանն ու շարունակում. “Բայց այս դեպքը այդպիսին չէր: Երեկվա դրությամբ զորավարժությունների հետ կապված միջադեպը հանրային դիսկուրսում կարելի էր սպառված համարել, ընդունել ռուս զինվորականների ներողությունը և հետագա ընթացքոը շարունակել աշխատանքային կարգով՝ բացառելով ապագայում նման դեպքեր”:


Նրա համար անհասկանալի է, թե իրականում ինչ էր հետապնդում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության նիստին հնչեցրած սուր գնահատականը, եթե նախօրեին ռուսական ռազմաբազայից արդեն հնչել էին ափսոսանքի և ներողության խոսքեր: “Տհաճ և սխալ եմ համարում նաև որոշ ռուսական զլմների և ռուս վերլուծաբանների հապճեպ գնահատականները այս կապակցությամբ: Մի կաթիլ մեղր չդառնա հարցը, փորձեք արագ դիվանագիտական խողովակներով սառեցնել այս վտանգավոր գործընթացը”, - նշում է նա:


Կառավարության նիստի ժամանակ անդրադառնալով Փանիկի միջադեպին՝ Փաշինյանն այն որակել էր սադրանք «ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների, սադրանք ընդդեմ ՀՀ ինքնիշխանության»: Նա հայտարարել էր, ոչ մեղավորներին պետք է գտնել ու պատասխանատվության ենթարկել:


«Դեռ խնդիր կա, թե ինչ ընթացակարգերով պետք է հետաքննվի այս միջադեպը, քանի որ կան երկկողմ պայմանագրեր: Ամեն դեպքում ես տեղյակ եմ, որ ոստիկանությունում նյութեր նախապատրաստվում են, և հույս ունեմ հետագա ընթացքն արդյունավետ կլինի: Բայց, կրկնում եմ, կա հարց՝ պարզաբանելու, թե ինչ ընթացակարգերով պետք է տվյալ միջադեպը քննության առնվի»,- ասել էր վարչապետը:

Տպել

Թեմայի այլ նորություններ