ՀՀ-ում նախընտրական շրջանը չի խոչընդոտի բանակցային գործընթացին. Բալայան

213

Արցախում խաղաղության մթնոլորտի ապահովման, ինչպես նաև բանակցությունները զարգացնելու հարցում հայկական կողմը երբեք պասիվ չի եղել: Ինչը, սակայն, դժվար է ասել Ադրբեջանի մասին: Այս մասին լրագրողների հետ ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:


Ըստ նրա, այդ գործընթացին չի կարող խանգարել նաև նախընտրական իրավիճակը Հայաստանում: Բալայանը նշեց, որ ոչ պաշտոնական մակարդակում հնչեցվել է տեսակետ, որ գուցե Հայաստանում ընտրությունների շրջան է սկսվում և պետք է դադար տալ և դրանից հետո շարունակել բանակցությունները: Սակայն հայկական կողմը գտնում է, որ նախընտրական շրջանը խոչընդոտ չի կարող հանդիսանալ բանակցային գործընթացի համար, որը պետք է ընթանա համանախագահների առաջարկությունների հիման վրա և խաղաղությանը նպաստող մթնոլորտի ստեղծման ուղղությամբ առաջընթացի համար:


«Խաղաղությանը նպաստող մթնոլորտի ապահովման հարցը քննարկվել է ամենաուղիղ ձևով: Այն է՝ Ապրիլյան ագրեսիայից հետո՝ Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարում: Խոսքը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, շփման գծում նրանց տեղակայման մասին է, որպեսզի կարողանան վերահսկել իրավիճակը: Երրորդն էլ, որ շատ կարևոր է, հետաքննությունների ու միջադեպերի քննության մեխանիզմների ներդրումն է: Կան առաջարկներ այդ առումով, բայց գիտեք, որ երկու տարուց ավելի է՝ Ադրբեջանը խոչընդոտում է այդ պայմանավորվածությունների կյանքի կոչմանը»,- ասաց ԱԳՆ ներկայացուցիչը:


Բալայանը նաև նշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բրյուսելյան հանդիպմանը երկու երկրների ղեկավարների հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք չի բերվել, սակայն կա պայմանավորվածություն շփումները շարունակվելու:

Տպել

Թեմայի այլ նորություններ