Բաքվին զենք մատակարարած սլովական ընկերության ղեկավարը խնդիրներ է ունենալու. ԵՀՄՖ

324

Ի պատիվ ՀՀ ԱԳ նոր նախարարի՝ տեղեկացնում ենք, որ առաջին անգամ կատարվեց ճիշտ քայլ և արձագանք ստացավ ԵՀՄՖ-ի տեղեկատվությունն առ այն, որ Չեխիան և Սլովակիան կատարել են խայտառակ գործարք՝ զինելով Ադրբեջանին Հայաստանի դեմ նախատեսված խիստ մահաբեր ռազմական տեխնիկայով: Այս մասին ասված է Եվրոպայի հայկական միությունների ֆորումի տարածած հայտարարության մեջ:


«Օրերս սլովակյան ԶԼՄ-ներում հայտնվեց Չեխիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանի հետ հարցազրույց, որը ծառայեց իր նպատակին. Ադրբեջան զենք մատակարարած ընկերության («MSM Group» և «Czechoslovak Group») ղեկավարն ու սեփականատերն՝ ազգությամբ չեխ Յարոսլավ Ստռնադը, անկասկած մեծ խնդիրներ է ունենալու, քանի որ Եվրամիության երկրների համար խստիվ արգելված է Ադրբեջանին զենք վաճառելը: Ստռնադը կատարել է լուրջ հանցագործություն՝ մահաբեր զենք վաճառելով Ադրբեջանին և գործարքը թաքցնելու նպատակով կեղծել զենքի մատակարարման ուղին՝ վերջնական օգտագործող (end user) ներկայացնելով Իսրայելին:


Իրականում, Ալիևների կլանին պատկանող հսկայածավալ բեռնատար ինքնաթիռներն ավելի քան 40 անգամ ընդամենը մի քանի ժամանոց վայրէջքներ են կատարել Թել Ավիվում և անմիջապես թռել Բաքու: ՀՀ ԱԳՆ-ի հետևողական աշխատանքի դեպքում այս խաբեությունը շատ թանկ է նստելու և՛ Բաքվի և՛ Թել Ավիվի և՛ Պրահայի և՛ Բրատիսլավայի գործարքը կազմակերպողների վրա:


Հատկապես, պատասխանատվության պետք է ենթարկվեն Սլովակիայի ԱԳ և էկոնոմիկայի նախարարները կեղծ արտոնագիր ստորագրելու համար, Իսրայելի կողմից գործարքին մասնակից ընկերությունն ու պատկան մարմինները և ամենակարևոր հանցագործը՝ «Czechoslovak Group»-ի նախագահ և սեփականատեր պարոն Յարոսլավ Ստռնադը», - ասված է հայտարարության մեջ:


Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայի օդանավակայանն օգտագործվում է չեխական հրթիռային կայանքները և հաուբիցները մաքսանենգ ճանապարհով Ադրբեջան տեղափոխելու համար: The Slovak Spectator-ը հայտնել էր, որ այս մասին բացահայտում են արել չեխ լրագրողները՝ ընդգծելով, որ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, Ադրբեջան ռազմական տեխնիկա արտահանելու հարցում արգելք կա, որը, փաստորեն, խախտվել է:


Նշվում է, որ զենքերն արտադրվում են չեխական Czechoslovak Group հոլդինգի կողմից, որի սեփականատերը զենքի արտադրությամբ զբաղվող հայտնի չեխ գործարար Յարոսլավ Ստրնադն է:


Ընկերությունը թեպետ հերքում է բոլոր մեղադրանքները, սակայն այդ մասին տեղեկության հրապարակումից հետո սլովակյան MSM զինագործական ընկերության աշխատակիցը խոսել է և պատմել, թե ինչպես են հին զենքերը Սլովակիայի Տրենչին քաղաքում գործող ընկերությունում վերապատրաստվել, իսկ այնուհետև Իսրայելի միջոցով տեղափոխվել Ադրբեջան:

Տպել

Թեմայի այլ նորություններ