Սեյրան Օհանյանը, Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել են հարցաքննության որպես վկա. ՀՔԾ պետ

753

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հարցաքննվել է որպես վկա, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ևս հրավիրվել է հարցաքննության որպես վկա: Այս մասին կառավաարությունում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:


Ինչ վերաբերում է Միքայել Հարությունյանին, ապա ՀՔԾ պետը նշեց, որ նա երկրից բացակայում է:


Նա նշել է, որ նախաքննության գաղտնիքը հաշվի առնելով շատ մանրամասներ չի ներկայացնի, բայց խոստացավ, որ քրեական գործերի մասով, որոնք գտնվում են ՀՔԾ վարությում, տվյալները կհրապարակվեն այն ծավալով, որը չի վնասի քննությանը: Լրագրողների հարցին, թե  մտավախություն չունի, որ Հարությունյանը և Քոչարյանը չեն ներկայանա հարցաքննության, Խաչատրյանն արձագանքեց, որ չի գաղտնազերծի իրենց  գործողությունների հաջորդականությունը:


Իսկ ահա հարցին՝ հնարավո՞ր է, որ ՀՀ երրորդ  նախագահ Սերժ Սարգսյանն էլ հրավիրվի հարցաքննության՝ պատասխանեց.


«Մենք որևէ կաշկանդվածություն չունենք կապված անունների ու պաշտոնյաների հետ: Հարցաքննության կհրավիրվեն բոլոր նրանք, ովքեր կարող են որևէ տվյալ հայտնել Մարտի 1-ի գործի հետ կապված»:


Հիշեցնենք, նախօրեին ՀՔԾ-ից հայտնեցին, որ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 3-ին որոշում է կայացվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է սահմանադրական կարգը:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...