Մամուլ. Սերժ Սարգսյանը տեղյակ չի՞ եղել Մանվել Գրիգորյանին վերագրվող արարքից

1989

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը երեկ առավոտյան հանդիպել է կուսակիցներից մի քանիսին ու քննարկել իրենց խմբակցության անդամ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ ԱԱԾ բացահայտումները: Մասնավորապես,Սարգսյանն իր կուսակիցներին հավաստիացրել է, թե տեղյակ չի եղել Գրիգորյանին վերագրվող արարքից: Ս. Սարգսյանն ասել է, թե չէր ուզենա հավատալ, որ այս ամենը ճիշտ է, բայց եւ նշել է, թե տեսած կադրերն այլ բանի մասին են վկայում: Այդ հանդիպման ժամանակ էլ քննարկվել է ՀՀ երեկվա հայտարարության տեքստը, որտեղ նշված էր, որ եթե հաստատվի մեղքը, Գրիգորյանը պետք է պատասխան տա: ՀՀԿ-ում երեկ ներքին կարգով համաձայնություն է կայացվել, որ խմբակցության պատգամավորները պետք է կողմ քվեարկեն գեներալ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությանը: Նշենք, որ այսօր առավոտյան՝ մինչեւ ԱԺ նիստի մեկնարկը, նախատեսված է ՀՀԿ խմբակցության նիստը»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մանվել Գրիգորյանի հետ կապված տեսանյութից ԵԿՄ-ն եւ հատկապես Սեյրան Սարոյանը շոկի մեջ են ընկել։ Նրա առողջականը վատացել է եւ 2 օր է՝ «սիստեմաների տակ» է։ Երեկ ԵԿՄ է ժամանել գեներալի կինը՝ Նազիկը, հայտարարել, որ ստանձնում է ԵԿՄ նախագահի գործը՝ ԵԿՄ-ն պետք է շարունակի գործել։ Մոտ 30 հոգի ԵԿՄ աշխատակազմից դիմումներ է գրել աշխատանքից ազատվելու։ ԵԿՄ լրատվականը, մամուլի խոսնակ Վարդան Վարդանյանը՝ նույնպես։ Բայց ԵԿՄ-ում ոմանք հակված չեն «հանձնվել», կարծում են, որ գեներալին ազատ կարձակեն։ Իսկ «անջատողականները» պլանավորում են արտահերթ համագումար՝ նոր նախագահի ընտրություն»։


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մանվելի զինակիցներին Նազիկ Գրիգորյանն ասել է․ «Նկարահանումների մի մասն արվել է ամառանոցի պահեստում, մյուս մասը՝ ԵԿՄ-ի պահեստում, ու ցույց են տվել որպես ամառանոցի նկարահանում», իսկ «տուշոնկաներն ու զգուշչոնկաները» ժամանակին եղել են Դաշքեստանի (այդ մասում Մանվելը եւս տուն ունի) տունը նայող պառավի մոտ, նրան ասվել է՝ տղերքը կգան-կտանեն զինվորներին, բայց որ պառավը մեռել է, էդ ապրանքը մնացել-հնացել է, որոշել են բերել արջերին։ Սակայն, մեր տեղեկություններով, Մանվելի զինակից ընկերները կուլտուրական բացատրել են, որ պայքարի դուրս գալն այս պահին եւ այդ «բեռով» անիմաստ ու ամոթ է»։


«Ժամանակ» թերթը գրում է. «Գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատանը ԱԱԾ-ի կողմից կատարված խուզարկության տեսագրությունը բոլորին է շոկի ենթարկել։ Խուզարկության ժամանակ, ինչպես հայտնի է, հսկայական զենք-զինամթերք հայտնաբերվեց։ Մեզ հասած տեղեկություններով՝ Մանվել Գրիգորյանը, կանխազգալով իրեն մոտեցող հնարավոր վտանգը, խուզարկությունից մի քանի օր առաջ մեծ բեռնատար մեքենա է կանչել ու զինամթերքի հսկայական մասը տեղափոխել է Հադրութում գտնվող իր առանձնատուն։ Մեր զրուցակիցը կեսկատակ-կեսլուրջ ասաց, որ եթե գեներալ Մանվելի Հադրութի առանձնատունը խուզարկեն, անգամ տանկ կհայտնաբերեն»։


«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով` երեկ գիշերը վատթարացել է գեներալ Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը. կտրուկ բարձրացել է նրա արյան ճնշումը եւ արյան մեջ շաքարի պարունակությունը: Մեր աղբյուրի փոխանցմամբ`Գրիգորյանի առողջական վիճակը կրիտիկական է եղել, սակայն նրան հիվանդանոց չեն տեղափոխել: Մանվել Գրիգորյանը շարունակում է մնալ ԱԱԾ-ի ձերբակալվածների պահման վայրում»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի դեմ տեղի ունեցող բողոքի ցույցերի ֆոնին մեզ հայտնի դարձավ, որ Խլղաթյանը նոր տանիք է գտել՝ հանձին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի: Խլղաթյանը տարբեր միջավայրերում հայտարարում է, որ ինքն իրեն ապահովագրել է, քանի որ Ծառուկյանը իրեն աջակցություն է խոստացել քաղաքապետի պաշտոնը պահելու հարցում: Բայց թե կոնկրետ ինչ աջակցություն է լինելու և ինչպես է արտահայտվելու, այնքան էլ պարզ չի, որովհետև եթե Ծառուկյանը փորձի հրապարակային պաշտպանել քաղաքապետին, ապա նրա դեմ եղած դժգոհությունը կտարածվի նաև Ծառուկյանի վրա»:


«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ՀՀ գլխավոր դատախազի երբեմնի տեղակալ Արմեն Դանիելյանը, որը վերջին շրջանում աշխուժացել է և հիշել իր պաշտոնավարման օրերը, «գտնելով», որ իրեն հանիրավի են ազատել դատախազի տեղակալի պաշտոնից, փորձելով իր վրա հրավիրել նոր իշխանությունների ուշադրությունը՝ որոշակի ակնկալիքներով, լրիվ հակառակ արդյունքի է հասել: Էրեբունու հայտնի հեղինակություններից մեկի հետ «օրթախ» բիզնեսներով զբաղված՝ կոռուպցիայի դեմ պայքարը սպասարկող երբեմնի դատախազի տեղակալն այդպիսով բացել է սեփական «Պանդորայի արկղը»՝ իր վրա սևեռելով պատկան մարմինների ուշադրությունը: «Նրան անգամ պաշտոնանկության օրերին իր մտերիմ Աղվան Հովսեփյանը չցանկացավ տանել իր մոտ աշխատանքի, ուր մնաց մենք ցանկանանք «օգտվել նրա «ծառայությունից» ու «կենսափորձից»,- ասաց նոր իշխանություններին մոտ կանգնած մեր աղբյուրը»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանն այս օրերին բոլորի ուշադրության կենտրոնում է՝ կապված իր առանձնատանը կատարված բացահայտումների, մասնավորապես՝ զինվորների համար նախատեսված ու Ապրիլ յան պատերազմի օրերին զինվորներին ուղարկված մեծաքանակ սննդամթերք, ինչպես նաև զենք-զինամթերքի հսկայական արսենալ հայտնաբերվելու հետ, 156 միլիոն դրամի փոխառություններ ունի: Այս մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. տարեկան հայտարարագրից: Գրիգորյանի դրամական միջոցները 2018 թ. նախաշեմին կազմել են 45 հազար ԱՄՆ դոլար, 45 հազար եվրո ու 313 միլիոն 647 հազար դրամ: Տարեկան եկամուտներն էլ կազմել են 67 միլիոն 885 հազար դրամ, որից 24 միլիոն 100 հազար, 35 միլիոն 440 հազար դրամը շահաբաժին է, 6 միլիոն 150 հազար դրամը աշխատավարձ, իսկ 2 միլիոն 195 հազար դրամն էլ նշված է որպես այլ եկամուտ: Հասկանալի է, որ սա սոսկ հայտարարագրվածն է: Իսկ այս օրերի իրադարձությունները ցույց են տալիս, որ հաճախ իրականությունն ու հայտարարագրերը միմյանց հետ կապ չունեն»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ վերջին օրերին համայնքներում տեղի ունեցող զարգացումները բավական լարված իրավիճակ են ստեղծել մարզերում: Բանն այն է, որ նույնիսկ ապրիլին մեկնարկած համաժողովրդական շաժման օրերին շատ քաղաքացիներ գնացել են համայնքապետերի մոտ և ասել, որ իր դեմ բան չունեն, իրեն հարգում ու արած գործը գնահատում են, բայց խնդիրը Սերժ Սարգսյանն է: Այսօր Սերժ Սարգսյանն այլևս իշխանություն չէ, իսկ գործողները սկսել են ստուգումներ, դիմակավորված շրջայցեր ու ձերբակալություններ քաղաքներում, ինչը միանշանակ չի ընկալվում տեղերում, նույնիսկ նկատվում են ուժային կառույցների դեմ աճող ագրեսիայի դրսևորումներ: Տարբեր մարզերից մեր աղբյուրները պնդում են, որ նախորդ իշխանությունների ժամանակ քաղաքապետեր են ընտրվել, (որոշ դեպքերում ճիշտ է ասելը նշանակվել), մարդիկ, ովքեր ունեն մեծ ֆինանսական կարողություններ և բնական է, որ նրանց չէր հետաքրքրում համայնքների փոքր գումարները թռցնելը, ավելին, հաճախ նաև վերևից եկած հրահանգով գումաներ են ծախսել սեփական գրպաններից, այս մարդկանց հանդեպ տեղերում ձևավորվել է հարգանք և կոռումպացված չլինելու մասին համոզմունք, իսկ երբ քաղաքացիները տեսնում են իրենց համայնքի ղեկավարի հետևից եկած հոտուկջոկատայինների՝ սկսում են անթաքույց բողոքել, թե ինչ է արել այս մարդը բացի փող ծախսելուց»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետի մամուլի քարտուղար Արամ Եղոյանն ասել էր, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականին Նիկոլ Փաշինյանը ժամանակ չի ունեցել անդրադառնալու՝ Մոսկվայում էր, ապա Ղարաբաղում, կանդրադառնա երկուշաբթի։ Երեկ հետաքրքրվեցինք՝ անդրադարձե՞լ է, ստորագրե՞լ է։ «Ոչ, դեռ չի ստորագրել»։ Հնարավո՞ր է, որ չստորագրի ընդհանրապես։ «Չեմ կարող ասել»։ Մանե Թանդիլյանը երեկ մասնակցում էր կառավարության նիստին։ Ի դեպ, կառավարության որոշմամբ այսօր ԱԺ 2 արտահերթ նիստ կգումարվի։ Առավոտյան կքննարկվեն կուտակայինի և «Բարեգործության մասին» օրենքները, ապա՝ Մանվել Գրիգորյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը։ ԱԺ իրավաբանները պնդում էին, որ դա անօրինական է՝ ԱԺ կանոնակարգը սահմանում է․ «Միջնորդագիրը քննարկվում է ԱԺ առաջիկա հերթական նիստում»»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մինչ խորհրդարանում պատրաստվում են քննարկել Երկրապահ կամավորական միության նախագահ Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա հանդեպ քրեական հետապնդում իրականացնելու հարցը, Գրիգորյանից այս կամ այն պատճառով նեղացած գործիչները ԵԿՄ վերադառնալու քայլեր են անում: Մասնավորապես՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այն ան­ձինք, ովքեր ժամանակին ունեցել են ջերմ հարաբերություններ Մանվել Գրիգորյանի հետ, սակայն ճակատագրի կամ հանգամանքների բերումով բաժանվել են հաճախ ոչ իրենց կամքով փորձում են վերադառնալ իրենց իսկ կողմից մերժված ԵԿՄ: Մասնավորապես՝ երեկ «Ազատամարտիկների դաշինք»-ի անդամները հանդիպում էին կազմակերպել ազատամարտիկների միությունների մի քանի ղեկավար­ների հետ և որոշում կայացրել ԵԿՄ-ն իրենց վերահսկողության տակ վերցնել, քանի որ ԵԿՄ ղեկավար կազմն ընդհատակ է անցել: ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը, Արշալույս Փայտյանը և էլի շատերը ԵԿՄ տարածքային կառույցների անդամների հետ պայմանավորվածություն են ձեռք բերել, որ վերջիններս պետք է դատապարտեն Գրիգորյանի արարքներն ու ինքնալուծարման գնան, որպեսզի լինի ԵԿՄ արտահերթ համագումար, նոր ղեկավար կազմ ընտրվի: Գագիկ Մելքոնյանի համոզմամբ՝ ԵԿՄ-ն նախագահ չպետք է ունենա, կոլեգիալ պետք է որոշումները կայացվեն: Ի՞նչ է մտածում այս ամենի մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը. այս հար­ցով «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց վարչապետի խոսնակ Արման Եղոյանին, որն էլ ասաց. «ԵԿՄ-ն հասարակական կազմակերպություն է և պետք է գործի օրենքով սահմանված կարգով այնպես, ինչպես մյուս բոլոր հասարակական կազմակերպությունները»: Այսքանից հետո արձանագրենք մեկ կարևոր փաստ. ԵԿՄ-ն այսուհետ պետք է դադարի լինել պետության ու բանակի միակ հենարա­նը, պետք է դադարի քաղաքական գործընթացների վրա ունենալ ճնշող ազդեցություն, ինչ եղել է մինչև հիմա, պետք է դադարի լինել կիսառազմականացված կառույց, և համապատասխան խնդիրները պետք է դրվեն պետության ուսերին: Իսկ ԵԿՄ-ն մի հասարակական կազմակերպություն է, ինչպիսիք կան մեր երկրում տասնյակներով՝ տարբեր ազատամարտիկների կողմից ստեղծված: Ի դեպ, սա նոր Հայաստանի ղեկավարության հրամայականներից է»:


«Փաստ» օրաթերթը գրում է. Վերջին օրերին շատերն են նկատել, որ Երևանից դուրս մայրուղիների վրա և մարզային ճանապարհներին պետավտոտեսչության մեքենաները ոչ թե շրջում են, այլ «միգալկաներն» անջատած՝ կանգնած են: Մարդիկ կատակում են, թե վերադարձել ենք նախկին ժամանակներին, երբ ավտոտեսուչներն ուղղակի թաքնվում էին, որպեսզի աննկատ լինեն ու հնարավորինս շատ մեքենաների կանգնեցնեն: Սակայն մեր ունեցած տեղեկություններով, ներկայում իրականությունը բացարձակ այլ է: Քանի որ շատ խիստ է դրված վարորդներից գումար վերցնելու անթույլատրելիության հարցը, այսպես կոչված «ձախ» եկամուտներից զրկված ու սոսկ աշխատավարձի հույսին մնացած պետավտոտեսուչներն ուղղակի անհավես են աշխատում, առավել ևս, որ քանիցս վարչապետը նշել է, թե մարդիկ տուգանվելու «մատերիալ» չեն: Դե, ոստիկաններն էլ ընդամենը ցույց են տալիս, թե ծառայության մեջ են ու հաճախ աչք են փակում հաճախակիացած խախտումների վրա: Մյուս խնդիրը, որն առավել էական է, այն է, որ պետավտոտեսուչները միշտ էլ բենզին քիչ են ստացել (հաճախ՝ նախատեսվածից էլ քիչ) և ստիպված են եղել «իրենց գրպանից» լիցքավորել: Բայց քանի որ այլ եկամուտների ճանապարհը փակվել է, այլևս որևէ շահագրգռություն չունեն բենզին լցնել ու հիմա ուղղակի ոչ թե շրջում են ճանապարհներով, ինչպես նախատեսված է, այլ ուղղակի «լռվում են» որևէ հանդարտ տեղ:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...