ՌԴ-ՀՀ հարաբերությունները պետք է դառնան «ավելի հատուկ»

184

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հունիսի 13-ին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ շեշտել է հայ-ռուսական հարաբերությունների հատուկ բնույթը եւ հույս է հայտնել, որ դրանք «ավելի հատուկ» դառնան։


ՀՀ վարչապետն ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ սա արդեն երկրորդ հանդիպումն է Պուտինի հետ, առաջինը կայացել է Սոչիում 30 օր առաջ: «Սա ցույց է տալիս ՀՀ-ՌԴ հարաբերությունների հատուկ բնույթը, եւ ցույց է տալիս, որ մեկ ամիս առաջ արված հայտարարությունները հիմա հստակ իրականացվում են։ Ես հույս ունեմ, որ այդ հարաբերությունները ավելի հատուկ կդառնան»,-ասել է նա։


«Մեր հարաբերությունների օրակարգը շատ ընդգրկուն է, եւ մենք շատ բան ունենք քննարկելու ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական, ե՛ւ տարածաշրջանային առումով: Մենք ակնկալում ենք կառուցողական եւ դրական երկխոսություն, եւ մենք համոզվել ենք, որ մեր երկխոսությունը հենց այդպիսին է»,-ասել է նա։


Հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները շատ կարևոր են ՀՀ տնտեսական, ռազմական անվտանգության ապահովման տեսանկյունից` նույն ռազմա-քաղաքական (ՀԱՊԿ, ԱՊՀ) և տնտեսական (ԵԱՏՄ) կազմակերպություններում անդամակցությունն Երևան-Մոսկվա հարաբերությունների զարգացման համար կարևոր հիմք է ստեղծում ու համագործակցության հարթակներ:


Փաշինյանի կողմից կարևոր մեսիջ էր Մոսկվայում հնչեցնել այն տեսակետը, որ հայ-ռուսական հարաբերություններն ունեն հատուկ բնույթ և դրանք պետք է դառնան էլ ավելի հատուկ, այսինքն խորանան բոլոր ոլորտներում ու դուրս գան որակական նոր մակարդակի:


Ուղենիշային առումով Երևանը հասկացնում է Մոսկվային, որ այսօրվա իշխանությունները վստահելի են և կտրուկ արտաքին քաղաքական շրջադարձեր չեն լինելու:


Կրեմլի համար կարևոր է ունենալ կանխատեսելի գործընկեր  տարածաշրջանում ի դեմս ՀՀ-ի, քանի որ ռուսական ռազմա-քաղաքական, տնտեսական ներկայությունը ՀՀ-ում նաև ՌԴ ազգային անվտանգության կարևորագույն տարրերից է:


Եթե հայ-ռուսական հարաբերությունների քաղաքական օրակարգը պարզ է` Մոսկվան ու Երևանը պահպանում են դաշնակցային կապերն ու դրանք էլ ավելի խորացնելու մեսիջներ հղում, ապա տնտեսական ու տարածաշրջանային առումներով քննարկման լայն դաշտ կա` ՌԴ-ՀՀ ապրանքաշրջանառության աճին ուղղված քայլեր, ռուսական ներդրումներ ՀՀ-ում, ռուսական շուկայում հայկական արտադրանքի տեսականու ընդլայնումը: Իսկ տարածաշրջանային առումով ղարաբաղյան հակամարտության գոտում ադրբեջանական զորքերի կուտակումներ, Թուրքիայի ավելի ագրեսիվ քաղաքականություն, ինչպես նաև Վրաստան-ՆԱՏՕ կապերի խորացումը, Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակ:


ՀՀ-ի համար կարևոր է լսել նաև ՌԴ-ի դիրքորոշումն ու տեսլականը տարածաշրջանային խնդիրների մասով, հատկապես Ղարաբաղյան հարցի, Թուրքիայի ռեգիոնալ քաղաքականության և այլն:

Տպել

Թեմայի այլ նորություններ