29.03.2024
ՌԴ-ն կճանաչի ՀՀ քաղաքացիների վարորդական իրավունքը. Մարուքյան
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Մամուլ. Սարգսյանի պատճառով սնանկ ճանաչված Բաղդասարովը ողջունում է հեղափոխությունը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանի հովանու ներքո աշխատած երբեմնի մեծահարուստ գործարար Միխայիլ Բաղդասարովը, որ 2014թ. ճանաչվեց սնանկ, «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում «դրական» է գնահատել թավշյա հեղափոխությունը: «Այն վաղուց պետք է տեղի ունենար: Մենք շատ երկար սպասում էինք: Իրավիճակը երկրում բերեց դրան: Ինչպես ժողովրդի շրջանում է ասվում, մենք արդեն չէինք կարող ապրել հին ձեւով»,- ասել է նա: Մեր հարցին, թե բիզնեսը փակելու գործոններից մեկն արդյոք գործոններից մեկը Սերժ Սարգսյա՞նն էր, Բաղդասարովը դրական պատասխան է տվել: «Դե, դժվար չէ կռահել: Բայց ես կարծում եմ, որ այդ մասին չեմ խոսի»: Նա չի բացառել, որ նոր իշխանությունների օրոք Հայաստանում կրկին սկսի բիզնեսով զբաղվել: «Եթե պետությունը կարծի, որ ես կարող եմ օգնել ինչ-որ հարցով, եթե առաջարկ անեն, եւ եթե գոհ լինեմ այդ առաջարկից, տան հնարավորություն, ինչ-որ բան կլինի»,- ասել է Բաղդասարովը»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սեւանում՝ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի բակում, երեկ հնչած կրակոցներն առանց վարանելու կարելի է որակել վենդետայի հերթական դրսեւորում: 2017 թ. հունվարի 7-ին սպանվել էր Գեղարքունիքի փոխմարզպետի որդին՝ Հայկ Հակոբյանը: Սպանության գործով որպես մեղադրյալ է ներգրավվել Մեխակ Հարությունյանը, ում դատավարությունն էր երեկ: Եվ ահա մինչ դատը սկսվելը մեղադրյալի ու սպանվածի հարազատների միջեւ վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ որեւէ զոհ չի եղել, այլ միայն մեկ հոգի է վիրավորվել: Պետք է արձանագրենք, որ սա վենդետայի հերթական դրսեւորումն է. նախորդ տարի կրակոցներ էին հնչել նաեւ Երեւանում` Վերնիսաժին հարող տարածքում. այն ժամանակ էլ ալավերդցի քրեական հեղինակություններն էին որոշել իրենց հին հարցերը լուծել զենքով: Նման դեպքեր եղել են նաեւ ավելի վաղ ոչ միայն Երեւանում, այլեւ ՀՀ մյուս բնակավայրերում: Երեկ տեղի ունեցածը հերթական ահազանգն է այն բանի, որ իրավապահ համակարգը շատ անելիքներ ունի կանխարգելիչ գործողություններ իրականացնելու եւ արյունահեղությունները բացառելու ուղղությամբ: Իսկ այդ հարցում առաջնահերթ քայլերից մեկն էլ կարող է լինել ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերումն ու առգրավումը: 


Համաձայնեք, ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ու ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն ի պաշտոնե գիտեն կամ կարող են իմանալ, թե որ պաշտոնյաների, պատգամավորների, օլիգարխների, քրեական ու թաղային հեղինակությունների, նրանց մերձավոր ազգականների մոտ կա ապօրինի զենք-զինամթերք: Այնպես որ հիմա իրավապահների առաջնահերթ պարտականություններից մեկը պետք է լինի ապօրինի զենքերը հայտնաբերելն ու առգրավելը: Այս հարցում իր անելիքն ունի նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. ի վերջո ոստիկանությունն ու ԱԱԾ-ն իր ենթակայության ներքո են գործում, հետեւաբար ինքը կարող է խիստ հրահանգ իջեցնել` հետեւելով հանձնարարությունների կատարման ընթացքին»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոր կառավարության ձեւավորումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջնահերթ հանձնարարականներից մեկը վերաբերում էր գործարար դաշտում պատշաճ ստուգումներ անցկացնելուն: «Ժողովուրդ» օրաթերթը Պետական եկամուտների կոմիտեից փորձեց պարզել, թե արդյոք իրականացվելու են ստուգումներ «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ում, որն, ինչպես հայտնի է, միացել էր համաժողովրդական շարժմանը: «Այդ ընկերությունն ընդգրկված է եղել 2016-2017 թթ. համար հաստատված ստուգումների տարեկան ծրագրում, որի համաձայն՝ ընկերությունում իրականացվել է համալիր հարկային ստուգում: Դրա արդյունքներով 2017թ. ընկերությանը առաջադրվել է լրացուցիչ հարկային պարտավորություններ՝ 34, 6 մլն դրամի չափով»,- նշված է նրանց պատասխանի մեջ: Միաժամանակ ՊԵԿ-ից պարզաբանել են, որ «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ն ընդգրկված է 2017-2018 թթ. համար հաստատված ստուգումների տարեկան ծրագրում, հետեւաբար վերջինիս մոտ առաջիկայում նախատեսվում է իրականացնել համալիր հարկային ստուգում»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ինչո՞ւ Դուք գործադիր չգնացիք, առաջարկ չեղա՞վ․ «Իմ քայլի» ամենաակտիվ անդամներից էիք։ Քայլեցիք ողջ ընթացքում Նիկոլի հետ, չքայլածները բոլորը պաշտոններ ստացան գործադիրում, Դուք՝ ոչ։ Հիմա էլ խմբակցության ղեկավարի հարցն է հարցականի տակ՝ ասացինք «Ելք» խմբակցության անդամ Լենա Նազարյանին։ «Գիտեք, ես մեկ տարի է, ինչ աշխատում եմ Ազգային ժողովում եւ կարծում եմ, որ պետք է շարունակեմ այստեղ եւ ոչ թե գործադիրում լինել»։ Առաջարկ չեղա՞վ։ «Ես չեմ սպասում առաջարկների, երբ առաջադրվեցի Ազգային ժողովում, ես ինքս ինձ առաջադրեցի, առաջարկեցի իմ թեկնածությունը։ Էնպես որ՝ ես ցանկացած պարագայում կարող եմ ներկայացնել իմ թեկնածությունը գործադիրի համար, իհարկե՝ որոշողը կլինի Նիկոլ Փաշինյանը, բայց ես չեմ հավակնում, ինձ դուր է գալիս Ազգային ժողովը․ կառավարություն գնացածները շատ ավելի ծանրաբեռնեցին իրենց»։ Որպես իշխանություն՝ ինչպե՞ս կվերաբերվեք, որ հիմա էլ Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը կամ, ասենք, Արփինե Հովհաննիսյանը «հրթիռ արձակեն»՝ բողոքի գունավոր ճայթյուն բաց թողնեն՝ ընդդեմ ձեր իշխանության։ «Ի նշան ի՞նչ բողոքի»։ Դե, ասենք, որ Արարատ Միրզոյանը «թիվ մեկ բորտով» է թռչում, որ արագաչափերը հանվում եւ չեն հանվում, թոշակներն ու աշխատավարձերը թռիչքաձեւ չեն բարձրանում, էն սփյուռքի նախարարն էլ «Անասնաֆերման» չի կարդում։ «Դե, գիտեք, մարդիկ ազատ են եւ կարող են իրենց դիրքորոշումներն ամբողջովին ու ազատ արտահայտել»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ նախկին նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը դեռ մի քիչ էլ անտուն կմնա: Մեկ ամսվա ընթացքում կառավարության աշխատակազմը դեռ չի հասցրել կատարել պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին բնակարանով ապահովելու եւ սոցիալական երաշխիքներ տրամադրելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը: Փաշինյանը վարչապետ դառնալուց հետո կառավարության առաջին նիստում այդ գործը հանձնարարել էր իր աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Աղաջանյանը հայտնեց, թե այդ հարցում մի փոքր ձգձգումներ կան, եւ գործընթացը մեկ ամսից ավել կտեւի: «Ընթացքում են աշխատանքները, մի փոքր խնդիրներ կան իրականում, եւ այդ աշխատանքները ընթանում են: Հենց տարածքի ուղղությամբ են աշխատանքներ տարվում, մի քանի տարբերակներ կան: Իրականում տարբեր տեղերում կան տարբերակներ, նաեւ Մոնումենտում կան տարբեր տարբերակներ ոչ միայն մեկը, բայց աշխատանքներն ընթանում են»: Ամեն դեպքում Աղաջանյանը ընդգծեց, որ մեկ բան հստակ է՝ հատկացված առանձնատունը Պռոշյանում չի լինի, եւ Սարգսյանն ու Փաշինյանը կդադարեն հարեւաններ լինել. «Պռոշյանը քննարկման տարբերակների մեջ չի մտնում»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետ դառնալու հավակնություններ ունի Սիսիանի նախկին ԲՀԿ-ական քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի փեսան՝ Կարեն Համբարձումյանը: Նման հավակնություններ ուներ նաեւ «Ծառուկյան» դաշինք խմբակցության անդամ Մերուժան Սիմոնյանը, սակայն վարչապետ Փաշինյանը դեմ էր եղել այդ թեկնածությանը՝ պատճառաբանելով, որ Սիմոնյանը կողմ է քվեարկել Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելուն: Համբարձումյանը անցյալ տարի առաջադրվել էր Սիսիանի քաղաքապետի թեկնածու, բայց որպես թեկնածու չմասնակցեց ընտրությանը՝ ինքնաբացարկ ներկայացնելով: Սյունիքի մարզը եւս հանձնվել է ԲՀԿ-ին»:

Նիկոլ Փաշինյանը հաջորդ շաբաթ կայցելի Մոսկվա
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար