28.03.2024
Ես վատ եմ վերաբերվում դրան. Փաշինյանը՝ Միքայելյանի երաշխավորագիր ներկայացնելու մասին
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Վահե Հակոբյանը հաջողություն մաղթեց Հայաստանի նոր կառավարությանը

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը հանդես է եկել ուղերձով, որում նշում է Սյունիքի մարզպետի լիազորությունները դադարեցնելու մասին:


«Քաղաքական նոր իրողությամբ և Հայաստանի նոր կառավարության որոշմամբ պայմանավորված՝ դադարեցնում եմ Սյունիքի մարզպետի լիազորությունները: Իմ պաշտոնավարման շուրջ մեկուկես տարվա ընթացքում մեզ հաջողվեց կյանքի կոչել Սյունիքի զարգացման համար կենսական նշանակություն ունեցող մի շարք ծրագրեր, որոնք ուղղված էին մարզում գործազրկության կրճատմանը, համայնքների զարգացմանը, բնակչության կենսամակարդակի բարձրացմանը, երիտասարդների ժամանցի կազմակերպմանը:


Այդ ծրագրերի շարքում կցանկանայի առանձնացնել Կապանի օդանավակայանի վերագործարկումը, որն ավարտական փուլում է: Աներկբա է, որ օդանավակայանի վերագործարկումը բացառիկ հնարավորություններ է նոր ներդրումների ներգրավման և զբոսաշրջության զարգացման համար: Հուսով եմ՝ մարզի նոր ղեկավարությունը հաջողությամբ ավարտին կհասցնի այս ռազմավարական ծրագիրը:


Առողջապահական ոլորտի զարգացման և բժշկական սպասարկման որակի բարելավման նպատակով մի շարք բուժհաստատություններ անցած մեկուկես տարվա ընթացքում համալրվել են ժամանակակից տեխնիկայով և սարքավորումներում: Իմ նախաձեռնությամբ հիմնված «Սյունիքի զարգացման և ներդրման հիմնադրամը» մասնավոր միջոցների ներգրավմամբ շուրջ 500 միլիոն դրամի ծրագրեր է իրականացրել մարզում՝ սոցիալական ապահովության, կրթության, առողջապահության, քաղաքաշինության և այլ ոլորտներում: Հիմնադրամը սուբսիդավորել է Կապանի հասարակական տրանսպորտի արժեքի մի մասը՝ քաղաքացիներին հնարավորություն տալով երթևեկել կես գնով, փոխհատուցել է բարձր առաջադիմություն ունեցող հարյուրավոր սյունեցի ուսանողների ուսման վարձը, սահմանել է ամենամսյա ֆինանսական աջակցություն ապրիլյան պատերազմում զոհված սյունեցի հերոսների ընտանիքներին, իրականացրել է բազում այլ սոցիալական ծրագրեր, որոնց նպատակը սյունեցիներին կյանքի որակի բարելավումն ու սոցիալական բեռի թեթևացումն է:


Ի թիվս այլ ձեռնարկների, Սյունիքում հիմնադրվել է տեղական հումքով արտադրվող իտալական սննդի գերժամանակակից արտադրամաս, որն ապահովեց տասնյակ նոր աշխատատեղեր և հնարավորություն ստեղծեց առևտրային կապեր հաստատել հարևան Իրանի, Ուկրաինայի և մի շարք այլ երկրների հետ: Մարզկենտրոն Կապանում կառուցվեց գերժամանակակից կինոթատրոն, որն այսօր մեր երիտասարդների ամենասիրելի վայրերից է:


Թվարկվածն իրականացված նախաձեռնությունների մի փոքր մասն է միայն: Կային բազում ծրագրեր և գաղափարներ, որոնք ժամանակի սղությամբ պայմանավորված մեզ չհաջողվեց իրականության դարձնել, բայց, ամփոփելով ցուցանիշները, վստահաբար կարող եմ փաստել՝ մեզ հաջողվեց կարճ ժամանակահատվածում լավ արդյունք գրանցել, ինչի համար շնորհակալ եմ Սյունիքի մարզպետարանի աշխատակիցներին, համայնքների ղեկավարներին, մեր գործընկերներին և ընկերներին:


Շնորհակալ եմ մեր մարզն ավելի ապահով, բարեկեցիկ ու գրավիչ դարձնելու շարունակական ջանքերի համար: Շնորհակալ եմ համբերատարության ու նվիրվածության համար: Շնորհակալ եմ իմ քաղաքական թիմին վստահության համար: Շնորհակալ եմ մեզ ուղղված երախտիքի խոսքերի և առողջ քննադատության համար:


Լիահույս եմ, որ մեր գործընկերներն, ովքեր վստահելով ինձ անցած մեկուկես տարվա ընթացքում անշահախնդիր կերպով ներգրավված են եղել մեր նախաձեռնություններում, կշարունակեն իրենց հայրենանվեր գործունեությունն ու իրենց նպաստը կբերեն Սյունիքի զարգացմանը։ Իմ հերթին՝ վստահեցնում եմ, որ անկախ հետագա կարգավիճակից, շարունակելու եմ լինել Սյունիքում ու յուրաքանչյուր պահի սատարելու եմ այն գործընկերներիս, ում հետ ոչ երկար, բայց դժվարին ու արդյունավետ ճանապարհ եմ անցել։


Ավարտելով խոսքս՝ հաջողություն եմ մաղթում Հայաստանի նոր կառավարությանն ու Սյունիքի նոր մարզպետին: Խաղաղություն մեր երկրին, Աստված բոլորիս պահապան»,- ասված է ուղերձում:


Նշենք, որ այսօր կառավարության նիստում Սյունիքի մարզպետ կնշանակվի Կարեն Համբարձումյանը:

ԱԻՆ փրկարար ծառայության 90 ծառայող 11 ծրագրով կվերապատրաստվի ՌԴ-ում
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար