Իրանը պետք է պատրաստ լինի միջուկային ծրագրի շուտափույթ վերսկսմանը. Համենեի

244

Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Համենեին երկուշաբթի երեկոյան հայտարարել է, թե այն պահին, երբ Իրանի միջուկային ծրագրի շուրջ 2015 թվականին կնքված համաձայնագիրը վերջնականապես դադարի գործել, Թեհրանն առանց հապաղելու գործի կդնի ուրանի հարստացման համար նախատեսված իր ողջ տեխնիկական համալիրը:


«Ես հրահանգել եմ Իրանի Ատոմային էներգիայի գործակալությանը պատրաստ լինել միջուկային համաձայնագրի շրջանակներում ուրանի հարստացման ծավալները մինչև 190 հազար միավորի հասցնելուն: Դրան ուղղված նախապատրաստական աշխատանքները շուտափույթ կերպով պետք է ավարտին հասցվեն, որպեսզի այն պահին, երբ նախագահը հանդես գա համապատասխան հրահանգով, հաջորդ օրն արդեն այդ գործողությունները մեկնարկեն», -հայտարարել է Համենեին` դիմելով Թեհրանի խոշորագույն մզկիթներից մեկում հավաքված երկրի քաղաքական, հոգևոր և զինվորական ղեկավարներին:


Իսլամական հանրապետության գերագույն առաջնորդը հատուկ նախազգուշացում է ուղղել Եվրամիության և միջուկային համաձայնագիրը կնքած եվրոպական պետությունների` Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարներին․ - «Կա՛մ եվրոպացիները միանշանակորեն հանդես են գալիս Վաշինգտոնի` միջուկային համաձայնագիրը լքելու և Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու դեմ, կա՛մ էլ Թեհրանը վերսկսում է միջուկային ծրագիրը»:


Արևմտյան և ռուսաստանցի մի շարք փորձագետների պնդմամբ, Իրանը հիմնականում պահպանել է միջուկային ենթակառուցվածքները և 2015 թվականի մակարդակին վերադառնալը այդ երկրի համար այնքան էլ դժվար չի լինի:


Նշեմ նաև, որ երեկվա իր ելույթում Ալի Խամենեին չի շրջանցել բալիստիկ հրթիռների արտադրության իրանական ծրագիրը` կոչ անելով հույսեր չփայփայել, թե Թեհրանը կարող է հրաժարվել ռազմական արդյունաբերության նաև այդ ճյուղից․ - «Որոշ եվրոպացիներ խոսում են թե՛ Իրանի դեմ պատժամիջոցների և թե՛ հթրիռների արտադրության մեր պաշտպանական ծրագիրը սահմանափակելու մասին: Ես դիմում եմ եվրոպական այդ կառավարություններին` ձեր այդ երազանքը երբեք իրականություն չի դառնա»:


Ուշագրավ է, որ Իրանի առաջնորդի այս հայտարարությունները հնչեցին նույն այն ժամերին, երբ մեկնարկեց միջազգային ասպարեզում Թեհրանի գլխավոր հակառակորդներից մեկի` Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի եվրոպական շրջագայությունը: Բեռլին ուղևորվելուց առաջ Նեթանյահուն հայտարարել է, թե իր եվրոպացի գործընկերների հետ պատրաստվում է բացառապես իրանական թեման քննարկել: Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելի հետ բանակցություններից հետո կայացած ասուլիսի ժամանակ, սակայն, պարզ դարձավ, որ առնվազն Իրանի միջուկային ծրագրի շուրջ կողմերին ընդհանուր հայտարարի գալ չի հաջողվել:


«Գերմանիան, եվրոպական մյուս պետությունների հետ միասին, չհրաժարվեց Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրի դրույթների կատարումից: Դրա հետ մեկտեղ մենք համաձայն ենք, որ Իրանի տարածաշրջանային ազդեցության աճը մտահոգիչ է, մասնավորաբար՝ Իսրայելի անվտանգության ապահովման տեսանկյունից», - հայտարարել է Անգելա Մերկելը:


Իսրայելի վարչապետի համոզմամբ, Իրանի խնդրում եվրոպացիների հետ տարաձայնությունները հիմնականում վերաբերում են կողմերի որդեգրած գործելաոճին․ - «Մենք հարգանք ենք տածում կանցլեր Մերկելի կառավարության, դրա վարած քաղաքականության հանդեպ: Ինչպես տեսնում եք, [Իրանի] խնդրում մենք որոշակի տարաձայնություններ ունենք, որոնք, սակայն, հիմնականում վերաբերում են ոչ թե վերջնական նպատակին, այլ մեթոդաբանությանը»:


Այս բոլոր քննարկումների ֆոնին Իրանի ղեկավարները կրկին զգուշացնում են, որ ցանկացած նախահարձակ գործողություն իսլամական հանրապետության դեմ անդառնալի հետևանքների կհանգեցնի: «Թշնամին գիտի՝ մեզ հասցված հարվածին մենք տասնապատիկ ուժգնությամբ ենք պատասխանելու»,- հայտարարել է Ալի Խամենեին:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...