Նիկոլ Փաշինյանի հորդորից հետո Արցախում դադարեցվել են բողոքի ակցիաները

372

Ստեփանակերտի հանրահավաքի համակարգող կոմիտեն քիչ առաջ հայտարարել է, որ հաշվի առնելով Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը՝ դադարեցնում են բողոքի գործողությունները: Այս մասին հայտնում է վարապետ Նիկոլ Փաշինայնը, որը մինչ այդ հորդորել էր կասեցնել Արցախի բողոքի ցույցերը, թույլ տալ գործել իշխանություններին:


«Հպարտ եմ ձեզանով՝ Արցախի հանրապետության Հպա’րտ քաղաքացիներ», - հայտարարել էր Փաշինյանը:


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան տեսաուղերձով դիմել էր Արցախում արդեն քանի օր բողոքի ցույց իրականացնող քաղաքացիներին:


«Իհարկե, որեւէ կասկած չկա, որ ուժային կառույցների ներկայացուցիչների պահվածքը մտահոգություններ առաջացնող է, եթե չասենք դատապարտելի ու անթույլատրելի: Այս իրավիճակը պետք է կոնկրետ լուծումներ ստանա ու կոնկրետ հետեւություններ արվեն: Ես ուշի-ուշով հետեւում եմ իրադարձություններին, կապի մեջ եմ եղել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ, ուրախությամբ եմ արձանագրում, որ նա լսել է ցուցարարների պահանջները, հանդիպումներ ունեցել, ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ: Արցախի նախագահը խոստացել է լրիվ եւ ամբողջական քննության իրականացում, հանդիպման ընթացքում ձեռք է բերվել փոխադարձ համաձայնություն՝ հետագա գործողությունների մասին, այժմ պետք է ցուցարարները Արցախի նախագահին հնարավորություն տան այդ պայմանավորվածություններն ի կատար ածել:


Արցախի իշխանությունն ինքը հայտարարում է, որ պետք է իրավիճակից հետեւություններ անել, ցուցարարների հետ կա համաձայնություն, ես օրը մի քանի անգամ տեղեկանում եմ իրավիճակից ու այդ ամենն ինձ թույլ է տալիս կոչ անել՝ դադարեցնել բողոքի ցույցերը՝ թույլ տալով ի կատար ածել այդ բոլոր պայմանավորվածությունները: Կարծում եմ, գնդակն Արցախի իշխանությունների դաշտում է եւ պետք է այն թողնել այնտեղ ու եթե չիրականացվեն նրանց պայմանավորվածությունները, ցուցարարները կարող են նորից գնդակը հետ բերել»,-ասել է նա:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...