28.03.2024
Սամվել Բաբայանի խափանման միջոց կալանքը կփոխվի՞
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Վիգեն Սարգսյանի խորհուրդները ԱԱԽ նորանշանակ քարտուղարին

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը հանդես է եկել Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Արմեն Գրիգորյանին ուղղված հայտարարությամբ, որում նրան նաև խորհուրդներ է տալիս որպես իր նախկին ուսանողի:


«Շնորհավորում եմ քեզ` բարձր պաշտոնում նշանակվելու առթիվ և մաղթում հաջողություն մեր երկրի պաշտպանության և անվտանգության ապահովման պատասխանատու գործում: Քո և պաշտպանական ոլորտի մեր նոր ղեկավարների արդյունավետ և հետևողական ծառայությունից է կախված մեր ողջ հասարակության, մեզնից յուրաքանչյուրի, մեր ընտանիքների բարեկեցությունն ու խաղաղ կյանքը: Ուստի, հուսով եմ, վայրկյան անգամ չես կասկածում, որ սրտանց մաղթում եմ, որ հաջողես, քանի որ ձախողումների գինը յուրաքանչյուրս է վճարելու` յուրաքանչյուր հայ մարդ: Քո և պաշտպանական մեր թիմի հաղթանակները մեր բոլորի երազանքն են:


Ունեմ քեզ երկու խորհուրդ: Դրանցից առաջինը՝ ձեր ուսանող տարիներին իմ կողմից տրված խորհրդի հիշեցումն է, իսկ երկրորդը երկար տարիներ տարբեր պաշտոններում հայրենիքին ծառայած մարդու խորհուրդ է՝ նորանշանակ պաշտոնյային:


Երբ ուսանող էիք, ես ձեզ միշտ ասել եմ` կարող եք արտահայտել ցանկացած կարծիք, բայց պետք է հստակ պատկերացնեք նյութը, որի մասին կարծիք եք հայտնում, մանրամասն աշխատած լինեք այդ նյութի վրա:


Երեկ լսեցի քո հարցազրույցը «Ազատություն» կայքի եթերում: Պետք է անկեղծ ասեմ՝ հիասթափված եմ: Այդքան վստահ կարծիք ես հայտնում «Ազգ-բանակ» հայեցակարգի մասին` առանց նյութին ծանոթ լինելու: Այն, ինչ երեկ ներկայացնում էիր որպես այդ հայեցակարգի հիմնական թեզ, «Ազգ-բանակ»-ին վերաբերող որևէ փաստաթղթում, ելույթում և դրա շրջանակներում ներդրված որևէ ծրագրում չես կարողանա մատնանշել: Քո հարցազրույցից բխում էր, որ հայեցակարգի առանցքը հասարակությանը հայրենիք սիրել սովորեցնելն է, քանի որ, ըստ քեզ, եկել ենք այն մոտեցումից, որ մեր հասարակությունը հայրենիք չի սիրում:


Այնինչ, իրողությունն այլ է: «Ազգ-բանակի» հիմքում հետևյալն է` երբ բանակդ բնակչության թվի համեմատ անհամաչափ մեծ է, և հետևաբար դրան հատկացվող հանրային ռեսուրսներն անհամաչափ մեծ` պետությունը պարտավոր է այդ լրացուցիչ բեռը դարձնել շարժիչ ուժ` հասարակությանը վերադարձնելով ամենատարբեր ոլորտներում` ռազմական գիտությունից և արդյունաբերությունից մինչև կրթական համակարգ և բուժ.սպասարկում: Բանակը պետք է ավելի թափանցիկ գործի` արձագանքելով հանրության յուրաքանչյուր հարցին և մտահոգությանը: Որպես տնտեսության սուբյեկտ բանակը պետք է նշաձող սահմանի և տնտեսական մրցակցության, և կոռուպցիայի դեմ պայքարի, և արդյունավետության բարձրացման ոլորտում: «Ազգ-բանակը» ոչ թե հասարակությանը` հայրենիք սիրել սովորեցնելու, այլ այն ավելի արդյունավետ պաշտպանելու կարողություն տալու մասին է: Այդ թվում` ակտիվ պահեստազորի ներդրման, ժամկետային և պայմանագրային ծառայությունը համադրելու, զինծառայողների համար սոց.պաշտպանության ավելի գործնական մեխանիզմներ ներդնելու միջոցով:


Կրկնվեմ, յուրաքանչյուր ոք ազատ է իր կարծիքն արտահայտելու հարցում: Սակայն, կարծիք արտահայտող հանրային պաշտոնյան գոնե պարտավոր է շատ հստակ պատկերացնել, թե ինչի մասին է խոսում: Պարոն Գրիգորյան, պաշտոնը պարտավորեցնում է, առավելևս՝ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը:


Որպես նախկին պաշտոնյա՝ ներկայումս բեռ կրող մարդու, ուզում եմ մի կողմից համբերություն և կատարած աշխատանքի արդյունքներով ուրախանալու առիթներ մաղթել, մյուս կողմից էլ խորհուրդ տալ` անկախ բեռի ծանրությունից և պատասխանատվության ծավալից մի փորձիր միավոր վաստակել՝ սևացնելով նախկինում արած աշխատանքը: Արա քո գործն, արա այն ավելի լավ, ավելի արդյունավետ, և հասարակությունն անպայման կգնահատի:


Երկրի պաշտպանությունն ու անվտանգությունը բոլորիս սրբազան առաքելությունն է: Տրոհելով այն յուրայինների և օտարների, դու փորձում ես հարվածել Հայոց բանակի կերտման և Արցախյան հաղթանակների ակունքներում կանգնած ուժին, ինչը, գուցե, հարիր է քաղաքական այս կամ այն թևի ներկայացուցչին, բայց ոչ՝ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարին: Ժամանակն է վեր կանգնել դրանից, և պետական մտածելակերպ ստանձնել: Իրողություններ են փոխվել նաև քո համար:


Աստված պահապան մեր սպային և զինվորին, մեր Ազգ-Բանակին, մեր Հայաստանին և Արցախին: Ուժ և խոհեմություն մեր երկրի ղեկավարներին»,- ասված է Վիգեն Սարգսյանի հայտարարության մեջ:


Հիշեցնենք, մայիսի 17-ին քաղաքագետ Արմեն Գրիգորյանը նշանակվեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար։  

Հայ գործարարները ոգևորված են քաղաքական փոփոխությունների առնչությամբ. Doing Business
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար