Մոսկվայի մեսիջը Բաքվին ու Անկարային` ՀՀ–ն միայնակ չի մնա տանդեմի գործողությունների դեպքում

Հայաստանի հակաօդային պաշտպանության զինատեսակները համալրվելու են «Տոռ» զենիթահրթիռային համալիրներով։ Այս մասին նշվել է Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Զինուժ» հաղորդման թողարկման ժամանակ:

«Համակարգը գերժամանակակից զինաթահրթիռային համալիր է, որն ընդունակ է ավտոմատ ռեժիմով, առանց անձնակազմի միջամտության, միաժամանակյա բոլոր սպեկտրի օդային հարձակման միջոցների դեմ օդային պայքար վարելու, այդ թվում նաև գերճշգրիտ հրթիռների դեմ», - «Զինուժ» հաղորդման եթերում ասաց ՀՕՊ զորքերի վարչության պետի տեղակալ Արթուր Պողոսյանը։

Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Նախիջևանից սպառնում էր ոչնչացնել «հակառակորդի ցանկացած թիրախ»`  ղարաբաղյան հարցը ռազմական ճանապարհով լուծելու համար միլիարդավոր դոլարներ ծախսելով այդ թվում օդուժի` կործանիչներ, հարվածային ուղղաթիռներ և անօդաչուներ գնելու և դրանք ղարաբաղյան ռազմաճակատում օգտագործելու նպատակով։ Մոսկվան ՀՀ–ին նորագույն ՀՕՊ զինատեսակներ մատակարարելով հստակ մեսիջ է հղում ոչ միայն Ադրբեջանին, այլ նաև Թուրքիային`ՀՀ–ն երբեք միայնակ չի մնա թուրք–ադրբեջանական տանդեմի ռազմական գործողությունների դեպքում, իսկ Հարավային Կովկասում միակ ռազմական դաշնակցին`ՀՀ–ին նորագույն զենքերով զինելը շարունակական է լինելու`«թավշյա հեղափոխությունից» ու Սոչիում Պուտին–Փաշինյան հանդիպումից հետո դա կարևոր ազդակ էր։

Չմոռանանք, որ Ադրբեջանն ընդլայնում է իր ռազմա–տեխնիկական համագործակցությունն Անկարայի հետ` համատեղ զորավարժությունները, սպաերի ու հատուկ ջոկատայինները պատրաստումն երկկողմ հարաբերությունների կարևոր տարրերից են։ Մայիսի 29-31–ը Կարսում նախատեսվում է անցկացնել թուրք–ադրբեջանական համատեղ զորավարժություններ։ Անկարա–Բաքու ռազմական տանդեմին լավագույն ու, ելնելով աշխարհաքաղաքական ստատուս–քվոյից, միակ իրատեսական պատասխանը Մոսկվա–Երևան ռազմական տանդեմի ամրապնդումն է։

Հայաստանի նոր կառավարությունը երկրում համակարգային բարեփոխումների ճանապարհին առաջնային տեղ պետք է հատկացնի բանակաշինությանն ու բանակի ներուժի ամրապնդմանը`ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացնելով պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին խոսել է նոր որակի բանակ ունենալու մասին։ ՀՀ–ի զինված ուժերի արդիականացումն իրականացվելու է նաև ռուսական ռազմական վարկի միջոցներով` Մոսկվայի տրամադրած ռազմական վարկերի միջոցով Երևանը կկարողանա պահպանել ռազմական բալանսն Ադրբեջանի հետ, իսկ ՀՀ–ում ռուսական ռազմակայանի ու սահմանապահների առկայությունը Թուրքիային հակակշռելու իրական, գործուն ու realpolitik–ից բխող միակ «անվտանգային ճարտարապետության» մասերն են։

Տպել

Թեմայի այլ նորություններ