Մամուլ. Սերժ Սարգսյանի հույսը` 3 ամսվա ընթացքում հասարակությունը կհիասթափվի Փաշինյանից

4910

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն իր կուսակիցներին հորդորել է երեք ամիս ոչինչ չձեռնարկել եւ լուռ սպասել Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմի աշխատանքին: Նրանք թաքուն հույս են փայփայում, թե այդ երեք ամսվա ընթացքում հասարակությունը կհիասթափվի Փաշինյանից, եւ վերջինս կձախողի: Ընդ որում` նրանք արդեն ծրագրեր են մշակում, թե ինչ են անելու այդ ժամանակ, երբ իսկապես իրենց սպասելիքներն իրականանան: Ոչինչ չձեռնարկելու եւ սպասելու մասին են վկայում նաեւ ՀՀԿ խմբակցության անդամների պարբերաբար կրկնվող հայտարարություններն այն մասին, թե իրենք չեն խոչընդոտի Նիկոլ Փաշինյանի կառավարության գործունեությունը: Հավելենք, որ հունիսի 7-ին խորհրդարանում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության ծրագրի քննարկումը, եւ արդեն իսկ ակնհայտ է, որ այն ընդունվելու է: Դրանից հետո արդեն կսկսվեն հստակ գործողությունները: Երեկ այս տեղեկությունները փորձեցինք ճշտել ՀՀԿ-ականներից, սակայն պատգամավորները չէին պատասխանում մեր հեռախոսազանգերին»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ե՛ւ Ռոբերտ Քոչարյանի, ե՛ւ Սերժ Սարգսյանի իշխանությունները մեկ նմանություն ունեին. իշխանության գալով Սահմանադրության ամենակոպիտ ոտնահարմամբ, ըստ այդմ՝ լինելով ոչ լեգիտիմ` իրենք անում էին ամեն ինչ ականապատելու նաեւ առանցքային պաշտոնների լեգիտիմությունը: Նման կասկածներ կան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի վերաբերյալ` կապված նրա քաղաքացիության հետ: Լուրջ կասկածի տակ է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի լեգիտիմությունը: Բանն այն է, որ Սահմանադրության 174-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն. «Բարձրագույն դատական խորհուրդն իր կազմից դատական օրենսգրքով սահմանված ժամկետով եւ կարգով ընտրում է խորհրդի նախագահ հաջորդաբար դատավորների ընդհանուր ժողովի եւ Ազգային ժողովի կողմից ընտրված անդամներից»: Սա նշանակում է, որ ԲԴԽ առաջին նախագահը պետք է ընտրվեր դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված անդամներից որեւէ մեկը՝ Արմեն Բեկթաշյանը, Անի Մխիթարյանը, Սերգեյ Չիչոյանը, Արմեն Խաչատրյանը կամ Ռուզաննա Հակոբյանը: Հետո` հինգ տարի անց, հաջորդաբար, ԲԴԽ նախագահ պետք է ընտրվեր արդեն ԱԺ ընտրած թեկնածուներից որեւէ մեկը: Գագիկ Հարությունյանին ԲԴԽ կազմում ընտրեց խորհրդարանը: Եւ, ըստ Սահմանադրության 174-րդ հոդվածի, նա իրավունք չպետք է ունենար դառնալու ԲԴԽ նախագահ, բայց դարձել է, որովհետեւ Սերժ Սարգսյանի հետ այդպես էր ծրագրված եղել: Չէ՞ որ Գագիկ Հարությունյանը խնամիական կապեր ունի Սերժ Սարգսյանի հետ: Մեկ փաստ էլ. Սերժ Սարգսյանը հրաժարական ներկայացրեց, բայց, փաստորեն, Գագիկ Հարությունյանը շարունակում է պաշտոնավարել»:

«Հրապարակ» թերթը գրում է. «Նորանշանակ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը պրոֆիլակտիկ աշխատանքներ է իրականացնում հանցաշխարհի ներկայացուցիչների շրջանում։ Նախօրեին ոստիկանության վեցերորդ վարչություն են հրավիրվել տասնյակ գողականներ ու քրեական հեղինակություններ, որոնց հետ բացատրական աշխատանքներ են տարվել, որ նոր իշխանության օրոք իրենց առավել զգուշավոր պահեն, զերծ մնան ակտիվ գործողություններից, քանի որ քաղաքական նոր իրողություններ և նոր ժամանակաշրջան են թևակոխել։ Ի դեպ, ոստիկանությունում կադրային «ռակիրովկաների» նոր փուլ է սկսվելու, երեկ տեղեկացանք, որ ազատման դիմում է գրել ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանը, որն այդ պաշտոնին է 2016-ից, մինչ այդ Հակոբյանը ՃՈ ծառայության պետն էր, ինչպես նաև ոստիկանության օպերատիվ փնտրողական՝ 7-րդ վարչության պետը»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թավշյա հեղափոխության հաղթանակից հետո շատերն ակնկալում են փոփոխություններ նաեւ ԿԸՀ կազմում: Սա անհրաժեշտ է հատկապես խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ, քանի որ ԿԸՀ գործող կազմը` ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի գլխավորությամբ, ասոցացվում է ընտրակեղծարարության հետ: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում Տիգրան Մուկուչյանը հարցին՝ մտածո՞ւմ եք հրաժարական տալու մասին, ասել է. «Պետք է նկատի ունենանք, որ ԿԸՀ-ն կազմակերպում է ՏԻՄ ընտրությունները, որոնք պետք է տեղի ունենան հունիսի 10-ին: Ինչ վերաբերում է հրաժարականին առնչվող խնդիրներին, այս պահին օրակարգում նման խնդիր առկա չէ: Կառաջանա նման խնդիր, ինչպես ցանկացած երեւույթի մասին է բարձրաձայնվել, այդ մասին եւս կբարձրաձայնվի»: Նա նաեւ նշել է, թե չի ցանկանում քննարկել «եթե»-ներով հարցեր»:

«Հրապարակ» թերթը գրում է. ««Ելքը» չի հրաժարվել ո՛չ Տարոն Մարգարյանի, ո՛չ գլխավոր դատախազի, ո՛չ էլ մյուս կարևորների հրաժարականների մտքից։ ՀՀԿ-ում չեն բացառում, որ երեքշաբթի մեկնարկող քառօրյային, որի ընթացքում լսվելու է դատախազի հաշվետվությունը, «Ելք»-ի պատգամավորները հանդես գան Արթուր Դավթյանի հրաժարականի պահանջով։ «Սակայն դրան հասնելը հեշտ գործ չէ․ այս դեպքում ևս պետք է քաղաքական պայմանավորվածությունները գործեն, որովհետև դատախազի հրաժարականի համար անհրաժեշտ է պատգամավորների 2/3-ի ձայնը, ընտրությունը ևս 2/3 է պահանջում՝ առանց ՀՀԿ-ի դա անել հնարավոր չէ»։ Այս պահին ՀՀԿ-ի հետ բանակցություններ ընթանո՞ւմ են թե՛ Երևանի քաղաքապետի, թե՛ դատախազի շուրջ։ «Ոչ, ոչ մի բանակցություն չկա»,- ասաց ՀՀԿ-ական աղբյուրը»։

«Ժամանակ» թերթը գրում է. «Տեղեկություններով՝ արդարադատության նորանշանակ նախարար Արտակ Զեյնալյանը պատրաստվում է քրեակատարողական վարչության պետ նշանակել Տիգրան Նավասարդյանին: Նավասարդյանն այժմ ղեկավարում է «Արմավիր» ՔԿՀ-ն: Նա հայտնի է իր ղեկավարած հաստատությունում իրենց պատիժը կրող քաղբանտարկյալների նկատմամբ խիստ վերաբերմունքով»:


«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կառավարությունն արդեն ամբողջությամբ ձևավորված է և անցել է աշխատանքի: Նշանակված նախարարներից բոլորից շատ տարակուսանքի տեղիք տվեցին մշակույթի և սփյուռքի նախարարների նշանակումները (տարբեր պատճառներով): Ըստ «Փաստ» օրաթերթի աղբյուրների, իրականում ժամանակավոր կառավարության կազմում այս նշանակումները առավել ժամանակավոր են, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի Ազգային ժողով ներկայացնել կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնություն: Ըստ այդմ՝ կառաջարկվի նշյալ երկու նախարարությունները փակել և դարձնել կառավարությանն առընթեր մարմիններ: Մեկ այլ վարկածով, սփյուռքի նախարարությունը կարող է դառնալ ԱԳՆ ստորաբաժանում: Չի բացառվում, որ կառավարությանն առընթեր մարմին դառնա նաև տարածքային կառավարման նախարարությունը: Փոխարենը, ամենայն հավանականությամբ, նախարարության կարգավիճակ կստանան ՀՀ Ոստիկանությունը (կկոչվի ներքին գործերի նախարարություն) և ազգային անվտանգության ծառայությունը»:


 

Տպել

Թեմայի այլ նորություններ