Ապստամբությունն առանց արյան չի լինում. Վարուժան Ավետիսյանը՝ Փաշինյանին

1058

Հնարավոր չէ գնալ ապստամբության ու դրա ընթացքում մարդկային կյանքեր չխլվեն։ Այս մասին այսօր Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարել է «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Վարուժան Ավետիսյանը՝ արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը:  


Ըստ Ավետիկսյանի՝ զոհերի համար պատասխանատու է հանցավոր համագործակցությունը՝ հենց նրանք պետք է պատասխան տան այդ արյան համար.


«Ռեժիմին ծառայող ոստիկանությունը այդ ռեժիմի զինված պահակն է և եթե անհրաժեշտ է ջարդել դիմադրությունը, ապա, ցավոք, պետք է չեզոքացվի զինված պահակի դիմադրությունը՞ Բնական է, այդ ժամանակ կարող էին լինել նաև զոհեր, ինչպես «Սասնա ծռերի», այնպես էլ՝ ոստիկանների շրջանում։ Այդ ամենի մեղավորը հանցավոր համագործակցությունն է, և նրանք պետք է պատասխան տան այդ զոհերի համար։ Զոհերով հանդերձ, այդ գործողությունները տեղավորվում են ապստամբության իրավունքի, ինքնապաշտպանության իրավունքի շրջանակում»,- հայտարարել է նա։


Ավետիսյանը նաև քննադատել է Նիկոլ Փաշինյանին, ով հայտարարել է, որ ամենը պետք է իրականացվի իրավունքի ու Սահմանադրության շրջանակներում: Ըստ նրա՝ դրա հաշվին համերաշխություն հաստատելու, ձևական օրենք պահպանելու ցանկությունը վտանգավոր է.


«Այս պահին կարևոր խնդիրը ապստամբերին ազատելն է, որ հեղափոխության գործընթացը շարունակական լինի»,- հավելել է Վարուժ Ավետիսյանը։


Ինչպես ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր՝ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կրկնել է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չպետք է լինեն: Անդրադառնալով կոնկրետ Սասնա ծռերի գործին, նա ասաց, որ չի բացառում համաներման կիրառում: Բայց այդ քրեական գործերը պետք է բաժանվեն երկու հատվածի՝ գործեր, որտեղ կան զոհեր և չկան զոհեր: Նա ընդգծեց, որ այս գործերով պետք է հանրային քննարկումներ անցկացվեն, ինքը պետք է զրուցի զոհերի հարազատների հետ.


«Մյուս գործերի հարցը օր առաջ պետք է լուծվի, և բոլոր քաղբանտարկյալները կհայտնվեն ազատության մեջ: Բայց, կրկնում եմ, հանգուցալուծումը պետք է լինի օրենքի շրջանակներում»,- ասաց վարչապետը:

Տպել

Թեմայի այլ նորություններ