Էրդողանը ցնցել է համաշխարհային ֆինանսական մենեջերներին

225

«Շոկ եւ անհավատություն». այսպես են արձագանքել աշխարհի ֆինանսական ղեկավարները օտարերկրյա ներդրողներին տնտեսության կառավարման մեջ հավաստիացնելու Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի փորձին, մինչդեռ թուրքական լիրան անկում է ապրում, հաղորդում է Reuters-ը:

Մեծ Բրիտանիայում եռօրյա այցով գտնվող Էրդողանի հետ հանդիպում ունեցած միջազգային ֆինանսական հիմնադրամների ղեկավարները անհանգստացած էին այն բանից, թե ինչպես է նա մտադիր կարգավորել աճող գնաճը եւ դադարեցնել արժույթի ազատ անկումը՝ միաժամանակ ավելի ցածր տոկոսադրույքների ձգտելով:

Անանուն մնալու պայմանով՝ ներդրողները Reuters-ին հայտնել են, որ ցնցված էին նման անկայուն ժամանակում Էրդողանի դիրքորոշումից եւ համաշխարհային շուկաների հետ մարտի մեջ մտնելու նրա պատրաստակամությունից:
Նրանցից մեկը հիշեցրել է Էրդողանի թշնամիների երկար ցուցակը՝ ներառյալ իսլամական քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենին, որին նա մեղադրում է 2016 թվականին անհաջող հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ:

«Նա պայքարում է բոլորի հետ՝ ընդդիմության, Գյուլենի, ծայրահեղականների... Հիմա նա որոշել է շուկաների հետ պայքարի մեջ մտնել եւ դա վտանգավոր է», -ասել է ակտիվների կառավարման հարցերով զբաղվող խոշոր ընկերության մենեջերը:

Նրա խոսքով՝ ֆինանսական շուկաների դեմ պայքարը պայքար է, որը չի կարելի հաղթել:

Էրդողանի հետ հանդիպմանը ներկա մեկ այլ մենեջեր էլ նշել է, որ նախագահը «շատ ազնիվ» է եւ հստակորեն հայտարարում է, որ ցանկանում է նվազեցնել տոկոսադրույքները, եթե հաղթի ընտրություններում: «Էրդողանն ասել է, որ երբ վերընտրվի, ապահովելու է, որ դրույքաչափերը ցածր լինեն, այլ ոչ թե բարձր»,- ասել է նա: «Էրդողանը կարծում է, որ բարձր դրույքաչափերը հանգեցնում են բարձր գնաճի»:

Սակայն ներդրողներին ուղղված Էրդողանի ուղերձը կապված էր Bloomberg Television-ի հարցազրույցի հետ, որտեղ նա, չնայած ԿԲ-ի անկախությանը, բացահայտ հայտարարել է արժութային քաղաքականության վրա ազդելու իր մտադրության մասին:

Տպել

Թեմայի այլ նորություններ