28.03.2024
«Поезд ушел». ի՞նչ երկխոսություն, կքննարկենք միայն Սերժ Սարգսյանի հրաժարականը. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Հայաստանը «եռում է». կիրառվում են Ջին Շարփի հեղափոխական տեխնոլոգիաները. փորձագետներ

Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընթացող ամենօրյա հանրահավաքները սկսած ամսի 17-ից չունեն կոնկրետ նպատակ: Ցույցերը շոու է դառնում, կառնավալ է հիշեցնում, իսկ Սարգսյանի հրաժարականի պահանջի իրատեսականությանը նույնիսկ հանրահավաքի շատ մասնակիցներ չեն հավատում:  Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:


Երեւանում ու Հայաստանի մի քանի մեծ քաղաքներում շարունակվում են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի ամենօրյա բազմահազարանոց ակցիաները: Երկրում, մասնագետների բնորոշմամբ, ստեղծված է աննախադեբ լարված քաղաքական իրավիճակ, որը խոսում է օրեցօր խորացող քաղաքական ճգնաժամի մասին: Ընդդիմադիր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակացությունն ու «Մերժիր Սերժին», «Հանուն Հայաստան պետության» ճակատ նախաձեռնությունները ցանցային սկզբունքով ամենօրյա խաղաղ բազմահազարանոց բողոքի ակցիաներ են անցկացնում, որոնք սպասվածից ավելի մարդաշատ են: Ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է երկրում «թավշյա հեղափոխության» սկզբի մասին:


Միեւնույն ժամանակ Իսկանդարյանը կարծում է, որ հեղափոխություն չի լինի մի պարզ պատճառով: «Առաջին, ցուցարարները, որոնց մեջ գերակշռում են 17-ից 20 տարեկան երեխաները, չունեն հստակ պատկերացում Սահմանադրության, իշխանության կամ ՀՀԿ-ի դեմ պայքարի մասին: Իշխանության արձագանքը տխուր է, որովհետև իշխանությունը ունի շատ ցածր լեգիտիմություն, իսկ ժամանակ առ ժամանակ բորբոքվող բողոքները ընկալում է որպես տեխնիկական խնդիր՝ մտածում է մեկին կկաշառի, մյուսին կհամոզի և առաջ կգնա, իսկ հիմնական խնդիրը լուծել չեն կարող կամ չեն հասկանում, որ լուծեն», - նշում է նա:


Ինչ վերաբերում է հավաքներին, ապա, ըստ քաղաքագետի, չի մեծանում մարդկանց քանակը, որոնց հավաքում է Փաշինյանը. նա կրեատիվ է աշխատում, տաղանդավոր հռետոր է և աշխատում է հնարավորությունների մաքսիմումով: Փողոցային երթերին հիմնականում երեխաներ են մասնակցում, լրիվ ուրիշ սոցիալական խումբ է, որ մեծացել է այլ ժամանակներում և այլ պատկերացումներ ունի, թեպետ շատերը մասնակցում են հետաքրքրությունից ելնելով:


Քննարկման մյուս բանախոս քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանն ընդհակառակը կարծում է, որ օրակարգի բացակայությունը կազմակերպիչների ուժն է եւ ոչ թե վկայում թուլության մասին, իսկ շարժման նպատակը, նրա բոնորոշմամբ, տոտալ իշխանափոխությունն է: «Նրանք վանկարկում են առաջին դեմքի անունը, որովհետև նա իշխանության դրոշակակիրն է և նրա քաղաքական հնարավոր անկմամբ կընկնի նաև ամբողջ քաղաքական համակարգը», - ընդգծում է բանախոսը:


Մարտիրոսյանի խոսքով, սա առաջին շարժումն է, որ լուրջ սասանել է իշխանության հիմքերը: «Առաջ են գալիս մարդիկ և իրավիճակներ, որոնք դառնում են կուլտային և եթե հաջողվի անգամ կոշտ ուժով ճնշել շարժումը, միևնույնն է, իշխանությունը ճաքեր է տվել և դժվար թե երկար դիմանա», - նշում է նա ու հավելում, որ փողոց դուրս եկածները ոչ թե երեխաներ են, այլ նոր սերունդն է, որը չի տեղավորվում առկա քաղաքական համակարգի տրամաբանության մեջ: «Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ սա առաջին երիտասարդական լուրջ շարժումն է և հենց այստեղ է քաղաքագետը տեսնում ամենամեծ վտանգը իշխանության համար: Բացի այդ կիրառվում են համեմատաբար նոր և հեղափոխական մեխանիզմներ՝ մեքենաների շչակներ, վուվուզելաներ, որոնք շատ լավ են աշխատում», - ընդգծում է նա:


Իսկանդարյանը եւս կարծում է, որ հեղափոխության տեխնոլոգիաներ են կիրառվում եւ հղում կատարում ամերիկացի հայտնի գրող ու հրապարակախոս Ջին Շարփին, որը հայտնի է ոչ բռնի պայքարի տեխնոլոգիաների մասին իր աշխատություններով: «30-35 տեխնոլոգիա եմ հաշվել, որ կիրառում են ցույցերի ժամանակ, իսկ դրանք այդքան էլ նոր բան չեն: Այստեղ կա տեխնիկական խնդիր՝ չկա ելքի, հանգուցալուծման ստրատեգիական ծրագիր», - ասել է Ալեքսանդր Իսկանդարյանը:


Երկու բանախոսներն էլ վստահ են, որ ստեղծված իրավիճակում բանակցություններ գրեթե անհնար են իշխանության ու ընդդիմության միջեւ: «Բանակցությունները հնարավոր չեն, որովհետև ձեռնտու չէ և ոչ մի կողմին՝ իշխանությանը՝ հասկանալի պատճառով, իսկ հակառակ կողմին ձեռնտու չէ, որովհետև Փաշինյանի խնդիրը նախարար կամ մարզպետ դառնալը չէ: Եթե նա վերցնի այն, ինչ իրեն կտան, շատ արագ էլ կանհետանա որպես քաղաքական ուժ:


Նրա խնդիրը գլխավոր ընդդիմադիր դեմք դառնալն է: Մի քանի շաբաթ քաղաքում քայլում ես փողոցներով, մի երկու շաբաթ օրը 4 ժամ ես քնում, իսկ մնացած մասը փողոցում գոռում ես և դառնում ես ընդդիումության դեմքը: Այս խնդիրն արդեն լուծված է, խաղն արդեն խաղացած է, մնում է իրավիճակից դուրս գալու ծրագիր: Նիկոլի համար ամենամեծ նվերը կլինի, եթե նրան ձերբակալեն»,- կարծում է Ալեքսանդր Իսկանդարյանը:

Սերժ Սարգսյանը բառացիորեն սպառնում է ՀՀ քաղաքացիներին՝ հիշելով «մարտի 1-ը». Թանկյան
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար