29.03.2024
Ինչո՞ւ է Պետական գույքի վարչությունը վաճառում ՀՀԿ սեփականությունը հանդիսացող անշարժ գույքը
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Հայաստանը ՀԱՊԿ-ը դիտարկում է որպես իր անվտանգության ապահովման գլխավոր արտաքին բաղադրիչ. ՊՆ

«Անվտանգություն» հասկացությունը վերափոխվել է. այն, ինչի մակարդակը մենք սովոր էին չափել մոբիլիզացիոն ռեսուրսով, սպառազինության և զինամթերքի որակով ու քանակով, սկզբում ամրոցների, այնուհետև՝ ռազմավարական նշանակության զսպող զինատեսակների հուսալիությամբ, իր բազմագործոնության, անկախատեսելիության և փոխկապվածության շնորհիվ մեկ ակնթարթում վերածվել է ինչ որ անչափելի երևույթի: Այս մասին Մոսկվայում ընթացող Միջազգային անվտանգության հարցերով 7-րդ համաժողովին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:


Ըստ նրա, վերափոխման է ենթարկվում նաև «աշխարհի բազմակենտրոնություն» հասկացությունը և դա ակնհայտ է արդեն իսկ նրանով, որ այս բառով փոխարինվել է նման ֆորումների համար շատ ավելի սովորական դարձած «աշխարհի բազմաբևեռություն» հասկացությունը:  


«Ընդհանրապես, ինքնին «բազմաբևեռություն» հասկացությունը դիտվում է որպես հակատրամաբանություն – ալոգիզմ, քանզի մտացածին ձևափոխումն է «երկբևեռ» աշխարհի հայեցակարգի, այսինքն՝ աշխարհի, որի առանցքի երկու ծայրերին գտնվում են երկու հակոտնյա: «Բազմաբևեռությունը» արդեն իսկ ենթադրում է միանգամից մի քանի առանցքների առկայություն, որն ակհայտորեն չի արտացոլում 20-րդ դարի և 21-րդ դարի սկզբի աշխարհակարգի իրողությունները:


Բազմակենտրոնությունը բազմաբևեռությունից տարբերվում է ինչպես երկուսից ավելի ազդեցության կենտրոնների առկայությամբ, այնպես էլ «առանցքի» հայեցակարգի ակներև ցանցային կառուցվածքով փոխարինմամբ:


Մենք բոլորս հիշում ենք Ֆրենսիս Ֆուկույամայի առաջ քաշած՝ ժամանակին չափազանց մոդայիկ «Պատմության վերջը» հայեցակարգը, որը հիմնված էր գաղափարական դիմակայության ավարտի պատճառով միջազգային օրակարգի սպառվածության տեսության վրա: Եվ ահա, «բազմակենտրոնության» յուրահատկություններից մեկն այն է, որ նորագույն համաշխարհային պատմության օրակագը շատ ավելի ընդարձակ է, քան Արևմուտքի և Արևելքի գաղափական հակամարտությունը:


«Բազմակենտրոնությունում» հիմնական ծանրությունը ընկնում է ոչ միայն և ոչ այդքան առանձին վերցրած «ցանցի» ներսում գլոբալ դերակատարներից յուրաքանչյուրի ճշգրիտ ազդեցության հաշվարկի, որքան ցանցային կառույցների քանակության վրա, որոնցում դերակատարներից յուրաքանչյուրն ունի N քանակի փոխադարձ կապեր և դրանց համարժեք ռեսուրսների ու ազդեցության մակարդակ:


Այսպիսով, «գլոբալ» և «անվտանգություն» հասկացությունների վերափոխումը արմատապես փոխում է բոլոր մակարդակներում դերակատարների փոխհարաբերությունների կառուցվածքը: Ընդ որում, «բազմակենտրոնություն» հասկացությունը, ինքնին բացառում է դերակատարներից որևէ մեկի հաղթանակի հնարավորությունը զրոյական արդյունքով «խաղում» անկախ իր ունեցած կարողություններից և ռեսուրսներից: Փոխգործողության թեմաների բազմազանության ավելացման, հիմնական խաղացողների կազմի ընդլայնման, տեղեկատվության փոխանակման և որոշումների կայացման արագությունների ավելացման պայմաններում միջազգային հանրությունը, այսինքն՝ նրա բոլոր դերակատարները` սկսած պետություններով և վերջացրած քաղաքացիական հասարակության ինստիտուտներով, մամուլով և կորպորացիաներով, համաշխարհային կրոններով և ոչ պաշտոնական միավորումներով, պարզապես «դատապարտված են», այս բառի ամենադրական իմաստով, ներգրավվելու փոխգործակցության մշտական գործընթացում` փոքր, միջին և մեծ արդյունքներով, որոնք ոչ միայն չեն բացառում առաջընթացը և մյուս բոլոր դերակատարների ամրապնդումը, այլ ընդհակառակը՝ ենթադրում են հենց դա:


Առաջին տպավորությունն այն է, որ այսպիսի աշխարհակերտվածքը ամենադժվարինը կլինի փոքր տեսակարար կշռով (բնակչությամբ, տարածքով, ռեսուրսներով) երկրների համար: Սակայն այսպիսի պատկերացումը չի հաստատվում իրերի առկա դրությամբ: Ավելին, անցումը երկբևեռությունից բազմակենտրոնության հավանաբար գլոբալ հանրույթի ամրապնդման և դինամիկ զարգացման գլխավոր երաշիքն է: Ընդ որում, աճի և դինամիկ զարգացման լայն հնարավորություններ են բացվում ոչ միայն խոշոր, այլև շատ ավելի համեստ խաղացողների համար: Ասվածը կհիմնավորեմ երեք հիմնական փաստարկով:


1. «Բազմակենտրոնությունը» կտրուկ կրճատում է զրոյական արդյունքով խաղի հեռանկարները: Այսպիսի արդյունքով խաղում վատագույնն այն է, որ միշտ շահած է դուրս դուրս դերակատարներից միայն մեկը, և ոչ միայն պարտվածը, այլև մնացած բոլորը մնում են ձեռնունայն: «Բազմակենտրոն» աշխարհում բոլորը, թեկուզև տարբեր աստիճանով, կարող են փոխադարձ շահեկան պայմաններով ավարտել «գործարքների» մեծամասնությունը:


2. «Բազմակենտրոնությունը» չի ենթադրում բաժանում սև-սպիտակ աշխարհի, և բազմակենտրոն գործարքների ցանցերից մեկում սերտ փոխգործակցությունը չի բացառում դերակատարների այս կամ այն խմբի միջև նույնպիսի սերտ համագործակցություն մեկ այլ ցանցում: Սա բաց է պահում հաղորդակցության և երկխոսության ուղիները, միջազգային հանրության բոլոր մասնակիցերի համար ձևավորելով բազմաթիվ «հարմարավետության գոտիներ»:


3. Եվ վերջապես, «բազմակենտրոնությունը» գործընթացը չի դարձնում նպատակի պատանդ: «Բազմակենտրոնությունը» ենթադրում է փոխադարձ հարստացման գործընթաց տեղեկատվությամբ, հմտություններով և ռեսուրսներով փոխանակման միջոցով:


Բազմակենտրոն աշխարհի ընձեռած լայն հնարավորությունների օգտագործման ակնառու օրինակ է Հայաստանը: Անկախության առաջին օրերից ի վեր մենք հաճախ լսել ենք, որ պետք է կատարել աշխարհաքաղաքական ընտրություն «կամ, կամ» սկզբունքով: Այս մասին գրել են մեր տեղական և միջազգային փորձագետները, սրա մասին բազմիցս ասել են մեր խորհրդարանի այս կամ այն խմբակցության ներկայացուցիչները, սա են մեզ պնդել մի շարք երկրների պատվիրակները, ովքեր գլուխ էին կոտրում` փորձելով դիվիդենտներ քաղել ուժային այս կամ այն կենտրոնի նկատմամբ ցուցադրական ատելությամբ:


Մեր մոտեցումը մշտապես բխել է այն համոզմունքից, որ երկրի դիրքորոշումը այս կամ այն գործընթացի, առավել ևս՝ այլ պետությունների հետ փոխհարաբերությունների նկատմամբ, պետք է հիմնված լինի փոխադարձ խորը հարգանքի և ընդհանուր, համատեղ պատմությանը և արժեհամակարգին հարիր վերաբերմունքի վրա, որոնց շուրջն էլ կառուցվում է քաղաքականությունը: Եվ սա առաջին հերթին վերաբերում է անվտանգության խնդիրներին:


Անկասկած, Հայաստանը լուրջ ջանքեր է գործադրում, որպեսզի և մեր ընկերների ու դաշնակիցների, առաջի հերթին՝ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի, և մեր գործընկերների համար ակնհայտ լինի, որ մեր քաղաքականությունը կառուցվում է ոչ թե տարածաշրջանային և գլոբալ դերակատարների դիմակայության մանիպուլյացիայի գոտում, այլ ընդհակառակը՝ նրանց շահերի բախման կետում: Իհարկե, «բարյացակամորեն» տրամադրվածները ամենուր են, ովքեր լոբիստների, ԶԼՄ-ների, հետազոտական կենտրոնների միջոցով փորձում են Արևմուտքին Հայաստանը ներկայացնել որպես «Ռուսաստանի կառավարման տակ գտնվող խամաճիկային պետություն», իսկ Ռուսաստանի աչքում՝ որպես «փախստակ, որը փորձում է միաժամանակ նստել երկու աթոռի վրա»:


Բարեբախտաբար, «բազմակենտրոն աշխարհի» բոլոր կենտրոնների հետ հարաբերությունների համակարգի զարգացման ուղղությամբ Հայաստանի հետևողական ու թափանցիկ քաղաքականությունը տալիս է իր արդյունքները: Բառացիորեն մի քանի շաբաթ առաջ անցկացված անվտանգության հարցերով Մյունխենյան համաժողովի շրջանակներում կայացած նիստին` նվիրված Եվրոպայի և Ռուսաստանի միջև հարաբերություններին, բոլոր ելույթ ունեցողները, ինչպես Ռուսաստանի Դաշնությունից, այնպես էլ եվրոպական կառույցներից, բերում էին Հայաստանի օրինակը՝ որպես փոխգործողության իր ձևաչափերը առավել արդյունավետորեն համադրող երկրի:


Լինելով ՀԱՊԿ հիմնադիր անդամ երկրներից մեկը` Հայաստանն այս կազմակերպությունը, ինչպես նաև Ռուսաստանի հետ երկկողմ փոխգործակցությունը դիտարկում է որպես իր անվտանգության ապահովման գլխավոր արտաքին բաղադրիչ: Մենք հպարտ ենք նրանով, որ հետևողականորեն ջատագովել ենք և շարունակում ենք ջատագովել ՀԱՊԿ-ի ներուժի ամրապնդման օգտին, և նաև այն բանի համար, որ հենց Հայաստանի նախագահության տարում Հավաքական անվտանգության խորհուրդը հաստատեց մեր կազմակերպության Անվտանգության ռազմավարությունը: Մենք հետայսու ևս շարունակելու ենք անել ամեն ինչ ՀԱԿՊ Օպերատիվ արձագանքման ուժերի կարողությունների ավելացման և կազմակերպության խաղաղապահ ներուժի ձևավորման համար:


Այս ամենով հանդերձ՝ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում Հայաստանն արդյունավետորեն փոխգործակցում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ: Հայ խաղապահները, բացի Լիբանանում և Մալիում իրականացվող Միջազգային ազգերի կազմակերպության խաղաղապահ առաքելություններից, մասնակցում են նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի իրավազորած ՆԱՏՕ-ի առաքելություններին Աֆղանստանում և Կոսովոյում:


Լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ` Հայաստանը համապարփակ փոխգործողության համաձայնագիր է ստորագրել Եվրոպական Միության հետ: Միաժամանակ՝ մենք ամենաբարեկամական հարաբերություններն ունենք Չինաստանի, Հնդկաստանի, Իրանի, արաբական և լատինաամերիկյան պետությունների հետ: Եվ մենք սրանում չենք տեսնում որևիցե տարիմաստություն, քանզի համոզված ենք, որ բազմակենտրոն աշխարհում հարաբերությունները պետք է լինեն հենց այսպիսին:


Ընդ որում, մեր գլխավոր կանոնը հարաբերություններում առավելագույն թափանցիկությունը և հուսալիությունն է: Միակ բանը, որը մեզ թույլ է տվել հասնել այս ամենին, այն է, որ միշտ զերծ ենք մնացել գայթակղությունից. օրինակ` Բրյուսելում չենք ասել այնպիսի մի բան, որն այնտեղ կընդունվեր ծափողջույններով, սակայն ցանկալի չէր լինի, որ լսեն Մոսկվայում, և` հակառակը: Մենք ստանձնել ենք միայն այնպիսի պարտավորություններ, որոնք վճռականորեն տրամադրված ենք եղել կատարելու, և կատարել ենք այն ամենը, ինչ խոստացել ենք:


Պետք է նշեմ, որ մեր գործելակերպն արժանացել է մեր գործընկերների համարժեք վերաբերմունքին: Ես չեմ կարող վերհիշել որևէ դեպք, երբ ռուսական կողմը պետական մակարդակով նույնիսկ ակնարկով կասկածի տակ դներ մեր հարաբերությունները ԱՄՆ-ի, եվրոպական երկրների և կազմակերպությունների հետ: Նույնկերպ ես երբեք չեմ նկատել, որ ամերիկյան և եվրոպական պաշտոնակիցները անըմբռնողություն դրսևորեն Ռուսաստանի հետ մեր փոխհարաբերությունների նկատմամբ:


Ակնհայտ է, որ բազմակենտրոն աշխարհի հաստատման կարևորագույն տարրերից մեկը խաղի կանոնների պահպանման գլոբալ մեխանիզմների ձևավորումն է: Եթե հետհայացք ձգենք 20-րդ դարի հետպատերազմյան փուլի աշխարհակարգի կառուցման փորձին, ապա պարզ կդառնա, որ միջազգային հարաբերությունների այդ համակարգի գլխավոր թերամշակումը եղան միջազգային իրավունքում տապալված քննությունները, քննություններ, որոնց հետ միջազգային հանրությունը կապում էր հսկայական հույսեր: Իհարկե, եղել են նաև անվիճարկելի հաջողություններ` սկսած ՄԱԿ-ի միջազգային դատարանում հարթված լրջագույն վեճերից և վերջացրած միջազգային ծովային իրավունքի կոնվենցիայով և քաղաքացիական ավիացիայի միջազգային համակարգի արդյունավետ կարգավորմամբ: Սակայն սրանք չէին Ազգերի Լիգայի և Միացյալ Ազգերի Կազմակերպության ստեղծման հիմքում: Այնհայտ է, որ ստեղծման պահին այս կառույցների հետ կապված գլխավոր հույսերը՝ կապված հարատև խաղաղության պահպանման և բոլոր պատերազմների կանխման հետ, ցավոք սրտի, հիմնականում չարդարացան: Ավելին, գլոբալ աղետից հնարավոր եղավ խուսափել հենց երկբևեռ աշխարհի ստեղծած հակակշիռների շնորհիվ:


Այսօր, պետական, տարածաշրջանային և գլոբալ անվտանգության նկատմամբ ծառացած սպառնալիքների արմատականացման պայմաններում, «ինչն է կարելի, ինչը՝ ոչ», «կարող եմ և չեմ կարող» հասկացությունների ամբողջական նենգափոխման պայմաններում, պարզամտություն կլինի հույս դնել անցած դարի սկզբին ձևավորված մեխանիզմների և համաշխարհային իրավակարգի համարժեքության վրա:


Հիմնական հարցը հետևյալն է. պե՞տք է արդյոք լինի նոր, երկրորդ աշխարհամարտի հետ իր ծավալներով համեմատելի գլոբալ ցնցում, որպեսզի հնարավոր լինի ձևավորել նոր, ժամանակին համարժեք պատասխան: Հուսով եմ` ոչ, և վստահ եմ, որ այս համաժողովի ձևաչափով տեղի ունեցող շփումները, նմանօրինակ այլ ֆորումները մեզ մոտեցնում են այս կարևորագույն հարցի պատասխանը գտնելուն»,- իր ելույթում մասնավորապես ասել է ՊՆախարարը:

Արմավիրի մարզի մի շարք համայքապետեր չարաշահումներ են կատարել. հարուցվել է 23 քրգործ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար