Կրքեր ռուսական ռազմական ոստիկանության շուրջ. անառողջ քննադատություն + անտեսվող օրենք

Առաջիկայում Հայաստանում կտեղակայվեն ՌԴ ԶՈւ Ռազմական ոստիկանության ստորաբաժանումները: Այս մասին նախօրեին տեղեկացրեց ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական շրջանի շտաբը՝ սոցիալական ցանցերում հերթական հակառուսական հիստերիան բարձրացնելով:

Ըստ քննադատների՝ ՌԴ ռազմական ոստիկանության տեղակայումը Հայաստանում ապօրինի է, նաև անընդունելի, որ «Երևանի և Գյումրու փողոցներում շրջելու են այդ ստորաբաժանումների հրազենով զինված ներկայացուցիչները»: Մինչդեռ այլ պետության տարածքում ռազմաբազայի տեղադրումը ենթադրում է նաև ռազմական ոստիկանության ստորաբաժանումների ներկայությունը: Եվ ռուսական ռազմաբազան Հայաստանում առաջինը չէ, ուր այդ ստորաբաժանումները տեղակայվելու են, դա միջազգային պրակտիկա է:

Օրինակ, երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ճապոնիայի տարածքում տեղակայված են ԱՄՆ համար կարևոր ռազմա-ծովային բազաներ՝ ընդհանուր առմամբ մինչև 50 հազար զինծառայողներով: Տասնյակ տարիներ ճապոնացիները դժգոհում են ամերիկացիների ներկայությունից, ինչը պայմանավորված է նաև պաշտոնական վիճակագրությամբ: Այդպես, 2011 թվականին The Guardian թերթը հրապարակեց 30 տարվա վիճակագրություն, համաձայն որի 1972-2009 թթ-ին ԱՄՆ զինծառայողները կատարել են 5634 քրեական հանցագործություն՝ 25 սպանություն, 25 հրդեհում, 127 բռնաբարություն, 306 հարձակում և 2827 գողության դեպք և այլն: Բոլոր այս դեպքերի հետաքննությունն իրականացվել են ԱՄՆ իշխանությունների կողմից, որոշ դեպքերում նաև Ճապոնիայի իշխանությունների հետ համատեղ:

VERELQ-ի հետ զրույցում ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը նշեց, որ այդ որոշումը բացարձակ անհանգստանող կամ զարմացնող չպետք է լինի, քանի որ Հայաստանում գտնվում են հազարավոր ռուսական զինվորականներ, դա կարգավորված է հայ-ռուսական միջպետական պայմանագրով և բնական է, որ եթե կան այդքան զինվորականներ, ապա կա նաև նրանց շրջանում օրենքով սահմանված կարգուկանոնի պահպանման խնդիր.

«Ռազմական ոստիկանությունը զբաղվում է իրենց զինվորականների շրջանում կարգուկանոնով, հետևաբար այս որոշման տակ արտառոց որևէ բան փնտրել կամ ենթադրել չի էլ կարելի անգամ: Ի վերջո՝ իսկ ո՞վ պետք է զբաղվի դրանով, եթե ոչ հենց ռուսական ռազմական ոստիկանությունը: Եվ հենց դրա համար էլ իրենք այդ ուղղությամբ աշխատանք են տանում»,- նշեց նա:

Պատգամավորը նաև անհիմն համարեց այն խոսակցությունները, որոնք վիճարկում են ոչ միայն այս որոշման, այլև ՀՀ տարածքում ռուսական ռազմաբազայի տեղակայման օրինականությունը՝ նշելով, որ նման հերյուրանքներն անգամ մեկնաբանության կարիք ունեն.

«Հայ-ռուսական ռազմաբազան Հայաստանում լրիվ օրինական հիմքերի վրա է, ձևավորված փոխադարձ երկկողմ պայմանագրով, կնքված դեռևս 90-ականներին և կարևորագույն բաղադրիչն է նաև ՀՀ անվտանգության համակարգի: Այնպես որ նման որակումները մեկնաբանելու որևէ ցանկություն էլ չկա»,- հավելեց Միհրան Հակոբյանը:

Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը ևս մեզ հետ զրույցում նշեց, որ զարմանալ այս որոշմանը, մեղմ ասած, անհիմն է, քանի որ այն երկրներում, որտեղ առկա են այլ պետությունների բազաներ, ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ գոյություն ունեն: Իսկ դրա նպատակը մեկն է՝ պահպանել ու բարձրացնել զինանձնակազմի կարգապահությունը, բացառել դեպքերն ու պատահարները և ոչ կանոնադրական հարաբերությունները: Եվ յուրաքանչյուր ռազմաբազա, ներառյալ ռուսական 102-րդը Հայաստանում, իրավասու է նման քայլի դիմել, որը բխում է իր երկրի օրենքներից և որևէ կերպով չի հակասում կնքված պայմանագրին.

«Սա բնական ու օրինաչափ երևույթ է: Պետք է հաշվի առնել այն, որ տարածաշրջանում կա լարվածություն և, հատկապես, 102-րդ ռազմաբազայի ուղղությամբ առկա է հակաքարոզչություն, որն իր մեջ ներառում է նաև այն կեղծ պնդումը, թե ռազմաբազան ՀՀ-ում ապօրինի է տեղակայված: Սա, ինչ խոսք, բացարձակ իրականությանը չի համապատասխանում, ռազմաբազան երկկողմ պայմանագրի հիման վրա է տեղակայված ՀՀ-ում և ապահովում է այն անհրաժեշտ խնդիրների լուծումը, որ դրված են իր առջև, այդ թվում նաև կարգապահության բարձրացումը»,- նշեց փորձագետը:

Նահապետյանն անդրադարձավ նաև այն հարցին, թե ինչու ռազմական ոստիկանությունը հիմա է տեղակայվում և ոչ թե ռազմաբազայի տեղակայման օրվանից սկսած: Ըստ նրա, այսօր առավել քան կարևորվում է անձնակազմի միջանձնային հարաբերությունների, ոչ կանոնադրական դեպքերի և պատահարների բացառումը, ինչպես նաև այս դեպքում գուցե հաշվի է առնվել նաև բազայի նկատմամբ հակաքարոզչության ալիքը, որը կարող է բացասաբար ազդել ներքին կարգապահության վրա: Այս ամենը կարևոր նպատակ է հետապնդում՝ բացառել նաև անձնակազմի կոնֆլիկտները բնակչության հետ.

«Կարևոր եմ համարում նշել, որ երբևիցէ 102-րդ ռազմաբազայի ներկայության, Հայաստանի սահմանների պահպանության անհրաժեշտության հետ կապված այսպիսի հակաքարոզչություն չի եղել, ինչպես հիմա: Ակնհայտ է, որ բազայի ղեկավարությունը չի կարող անտեսել թե՛ նրանց, ովքեր իրականացնում են այդ հակաքարոզչությունը, թե՛ նրանց, ում պատվերը կատարվում է դրամաշնորհներով և կոնկրետ նպատակաուղղված: Այդ ամենը բացառելու համար ռազմական ոստիկանության ստորաբաժանումների ներդրումը ճիշտ քայլ է, որը կբարձրացնի անձնակազմի կարգապահությունը և հնարավորինս կնվազեցնի արտաքին բացասական ազդակների ազդեցությունը»,- շեշտեց Հայկ Նահապետյանը:

Հիշեցնենք, ռուսական 102 ռազմաբազայի ներկայությունը Հայաստանում ամրագրվել է պայմանագրով և երկարաձգվել է 2010 թվականին մինչև 2044 թվականը:

Տպել

Թեմայի այլ նորություններ