19.03.2024
Ներգնա զբոսաշրջությունը Հայաստանում. թվերն աճում են, կառուցվածքը՝ փոխվում
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Մամուլ. Հայաստանում քաղաքական զինապահեստներ են հայտնաբերվել. զենքի քանակը շատ է

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է. «Վերջին շրջանում ոստիկանությունը հաճախ է հաղորդագրություններ տարածում հայտնաբերված ապօրինի զենք-զինամթերքի մասին: «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ դրանք ոչ թե սովորական կրիմինալ, այլ քաղաքական զինապահեստներ են: Մեր աղբյուրը պնդում է, որ ոստիկանությունը շարունակում է ակտիվ որոնողական աշխատանքները, քանի որ օպերատիվ տեղեկություններ կան, որ պահեստավորված զենքի քանակը ավելի մեծ է, քան մինչեւ այժմ հայտնաբերվածը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական կուլիսներում անհանգստություն կա` ապրիլի 9-18-ն ընկած լյուֆտի մասով, երբ Սերժ Սարգսյանը մեկ շաբաթ դե ֆակտո իշխանություն չի ունենալու, առաջադրվելու դեպքում էլ ընդամենը թեկնածու է լինելու: Տագնապը ոչ թե ընդդիմադիրների հանրահավաքների հետ է կապված՝ «Տեսանք, էլի, իրենց միտինգները, երկուսուկես մարդ է հավաքվում», այլ` ՊՊԾ-ի գրավման տիպի փորձերի՝ ասաց իշխանական մեր աղբյուրը: Դա է պատճառը, որ համապատասխան մարմիններին հրահանգ է տրված աչալուրջ լինել, վերջին օրերին խստացվել են հատուկ պահպանվող օբյեկտների, առաջին հերթին՝ մետրոյի հսկողությունը: Ճիշտ է, դա բացատրում են քուրդ ահաբեկիչների հայտնաբերման փաստով, որոնք պետք է «Հայաստանի միջով անցնեին դեպի Իրան, ապա` Թուրքիա», սակայն իրական պատճառը ներքին «ինցիդենտները» բացառելն է»:


Նույն թերթը գրում է. «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը մոտ 2 տարի կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի խորհրդական, ՀՅԴ-ական Բագրատ Եսայանն էր։ Եվ չնայած ՄԱԿ-ի պարենի համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրինությունը վերապահումներ ուներ նրա թեկնածության առնչությամբ, սակայն փետրվարի 19-23-ը հայտարարվել է մրցույթ, տնօրենի թեկնածուի հայտ է ներկայացրել մեկ անձ՝ Բագրատ Եսայանը, եւ հոգաբարձուների խորհրդին ոչինչ չի մնացել, քան նրան 3 տարով նշանակել տնօրեն։ Այս ծրագիրը Հայաստանում գործում է 2010-ից՝ բոլոր մարզերի տարրական դասարանների աշակերտները դպրոցում ստանում են անվճար սնունդ: 2 տարի առաջ կառավարության որոշմամբ ստեղծվեց նաեւ «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամը»:


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Տավուշի եւ Լոռու մարզերում ոսկի եւ այլ թանկարժեք մետաղներ որոնելու մտադրություն ունեցող «Պոլիմետալ Արմենիա» ընկերությունը հիմք չի տեսնում ուսումնասիրություններից եւ հետագայում հանքեր շահագործելու մտքից հրաժարվելու համար: Այս մասին ընկերության հանրային կապերի պատասխանատու Վահրամ Ավագյանն ասաց «ՀԺ»-ի գրավոր հարցմանն ի պատասխան: «Պոլիմետալ Արմենիա» ընկերությունը պատրաստվում է ոսկի, արծաթ, պղինձ եւ այլ թանկարժեք մետաղներ գտնելու նպատակով հետազոտություն իրականացնել ՀՀ Լոռու մարզի Ալավերդի եւ Շնող, Տավուշի մարզի Կողբ եւ Նոյեմբերյան համայնքների վարչական սահմաններում գտնվող տարածքներում: Երեկ Change.org կայքում ստորագրահավաք է սկսվել ընդդեմ այդ ուսումնասիրությունների. «Մենք՝ նոյեմբերյանցիներս, դեմ ենք հանքարդյունաբերությանը մեր համայնքի տարածքում, քանի որ համայնքի ապագան տեսնում ենք էկոտուրիզմի զարգացման մեջ»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «2018 թվականի փետրվարի 18-ին «Արմավիր» ՔԿՀ-ից Ժիրայր Սէֆիլյանի կոչ-նամակը՝ «վատ այգեպանին վռնդելու» մասին, խառնաշփոթ է ստեղծել իշխանական համակարգում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իրավապահ համակարգը կրկին անցել է Սէֆիլյանի նկատմամբ վերահսկողության խիստ ռեժիմի: «Արմավիր» ՔԿՀ-ում Ժիրայր Սէֆիլյանին պահում են բացարձակ մեկուսացման մեջ՝ այնպիսի մասնաշենքում, որտեղ այլ կալանավորներ կամ դատապարտյալներ չկան, եւ որեւէ մեկը հնարավորություն չունի որեւէ կերպ հաղորդակցվել նրա հետ: Հետաքրքիրն այն է, որ նույն այդ ՔԿՀ-ում է պահվում հենց բանտից մոտ հարյուր դրվագով խարդախություններ կատարելու եւ քաղաքացիների գույքը հափշտակելու մեջ մեղադրվող Սպարտակ Դանիելյանը: Բայց ի տարբերություն Սէֆիլյանի` նա գտնվում է անհամեմատ ազատ վիճակում` ունենալով նոր հանցագործություններ կատարելու հնարավորություն: «Արմավիր» ՔԿՀ պետ Տիգրան Նավասարդյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում փորձել է հերքել Սէֆիլյանի նկատմամբ խիստ վերահսկողություն սահմանելու մասին լուրերը: «Բոլորի նկատմամբ կալանավայրերում խիստ հսկողություն է»,- ասել է բանտապետը»:


Նույն թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնում առաջադրվելուց հետո մտադիր չէ հանդիպումներ ունենալ քաղաքական դաշտի ներկայացուցիչների հետ, ինչպես դա արեց նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը: Փոխարենը, ըստ մեր աղբյուրների, Սերժ Սարգսյանն իր վարչապետության հարցի շուրջ քաղաքական շրջանակներում առկա տրամադրությունները փորձել է շոշափել հենց Արմեն Սարգսյանի միջոցով, երբ վերջինս հանդիպումներ էր ունենում հասարակության բոլոր շերտերի հետ: Այլ կերպ ասած` խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումների ընթացքում նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը Սերժ Սարգսյանի հանձնարարականով շոշափել է նաեւ վերջինիս` վարչապետ դառնալու հեռանկարի մասով առկա տրամադրությունները: Նա հանդիպումների ժամանակ խոսակցություն է բացել այդ մասին, հարցրել այդ ուժերի կարծիքը` բնականաբար, ամեն ինչ Ս. Սարգսյանին զեկուցելու համար»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում իշխանական հիերարխիան՝ ըստ ավագության պետական բարձրաստիճան պաշտոնների, ուշագրավ դասավորվածություն է ունենալու: Չնայած պետական կառավարման ողջ լծակները կենտրոնացված են ՀՀ վարչապետի ձեռքում, եւ ըստ էության վարչապետն է լինելու պետության իրական ղեկավարը, սակայն «Պետական արարողակարգի մասին» օրենքի նախագծի համաձայն` նա լինելու է երկրի երկրորդ պաշտոնյան: Առաջին պաշտոնյան համարվում է ՀՀ նախագահը, որը չնայած խիստ սահմանափակ, սիմվոլիկ լիազորություններին` նոր Սահմանադրության համաձայն` պետության գլուխն է համարվում:


Չի բացառվում, որ առաջիկայում ականատես լինենք մի իրողության, երբ Արմեն Սարգսյանը չմասնակցի տարբեր պաշտոնական միջոցառումների, որպեսզի վարչապետի պաշտոնը զբաղեցնելուց հետո Սերժ Սարգսյանը լինի «առաջին ջութակը»: Մանավանդ օրինագծում հետաքրքիր նրբություն կա. «Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցերի ժամանակ Հանրապետության նախագահը մասնակցում է միայն իր անունից տրվող ընդունելություններին»: Ի դեպ, չնայած նախագահն է ստորագրելու միջազգային պայմանագրերը, սակայն օրինագծով նախատեսված է, որ այդ արարողությունը տեղի է ունենալու վարչապետի ներկայությամբ. այսինքն՝ Սերժ Սարգսյանը, այնուամենայնիվ, վերահսկելու է պետության գլխին:


Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանին, որը շուտով զբաղեցնելու է առաջին փոխվարչապետի պաշտոնը, ապա նա երրորդ պլան է մղվելու. «Ժողովուրդ» օրաթերթը նախագծից պարզեց, որ ըստ արարողակարգի` առաջին փոխվարչապետը միայն վեցերորդ պաշտոնյան է լինելու` հաջորդելով ոչ միայն ՍԴ նախագահին, այլեւ Բարձրագույն դատական խորհրդի նախագահին: Ստացվում է՝ պետության համար կարեւորություն ներկայացնող եւ արարողակարգային համարվող առաջին հինգ պաշտոնյաների թվում Կարեն Կարապետյանը չի լինելու»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության գնումների բողոքարկման խորհրդի անդամ Էմիլ Սարգսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017թ. հայտարարագիրը: Սարգսյանը հայտարարագրել է մեկ բնակարան և երկու ավտոմեքենա՝ «VOLKSWAGEN PASSAT 1.8 I» և «TOYOTA COROLLA 1.6» մակնիշների: Նրա դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 10 միլիոն դրամ ու 50 հազար ամերիկյան դոլար: Իսկ տարեսկզբից մինչ պաշտոնը ստանձնելու օրն ընկած ժամանակահատվածում ստացած եկամուտները կազմել են 1 միլիոն 343 հազար դրամ ու ստացվել աշխատավարձից: Սարգսյանն այս պաշտոնում է նշանակվել նախորդ տարվա գարնանը, թե որտեղ է աշխատել նախկինում, նշված չէ և հասկանալի չէ, թե ինչպես է նա «հետ գցել» այդ գումարը»:


Նույն օրաթերթը գրում է. «Բոլոր ՀՀԿ–ականները, ընդդիմությունը, քաղաքագետները, քաղտեխնոլոգները 100%–ով համոզված են, որ Սերժ Սարգսյանը ապրիլի 9–ից հետո կնստի վարչապետի աթոռին: Բոլոր գործողությունները, կիսաքողարկված ու բացահայտ հայտարարությունները դրան են հանգում: Սակայն, «Փաստ» օրաթերթի աղբյուրների վկայությամբ, այս հարցը վերջնականապես որոշված չէ: Ավելին, աղբյուրը պնդում է, որ ամենավերեւներում (ոչ միայն Հայաստանի) քննարկվում է մի վարկած, ըստ որի Սերժ Սարգսյանը կնշանակվի պաշտպանության նախարար: Իշխող կուսակցության ղեկավարը, այսպես, թե այնպես, ամենաազդեցիկը կլինի երկրում, եթե նույնիսկ պաշտպանության նախարար նշանակվի: Սակայն այս հարցը խութեր ունի: Եթե այս վարկածն իրականություն դառնա, ապա կադրերի նշանակման մեխանիզմներ պետք է մշակվեն: Օրինակ՝ վարչապետը համաձայն չլինի այս կամ այն անձի նախարար նշանակվելու հարցում, ինչպե՞ս պիտի լուծում գտնեն: Ինչեւէ: Վերեւներում դեռ մեխանիզմների փնտրտուքի մեջ են»:

Կաշառքի դիմաց Վրաստանից տարբեր ապրանքներ են անօրինական ներկրվել. կան ձերբակալվածներ
Հաջորդ նորություն next