29.03.2024
Գագիկ Հարությունյանն այլևս ՍԴ նախագահ չէ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Մամուլ. Հայաստանում շրջում է ներքին ցնցումների ուրվականը. չինովնիկները շունչները պահել են

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ապրիլի իննից հետո ոչ արագ, այնուհանդերձ, կառավարության կազմում տեղի կունենան կադրային փոփոխություններ. պաշտոններին հրաժեշտ կտան էներգետիկայի, առողջապահության, սոցիալական ապահովության ու աշխատանքի եւ մշակույթի նախարարները` հաստատապես: Ի դեպ, մշակույթի նախարարի պաշտոնում տեւական ժամանակ շրջանառվում է ոչ անհայտ, ինչպես սիրում են կրկնել արվեստի մարդիկ, «մշակույթի մեջ թաթախված», Երեւանի փոխքաղաքապետ, հայաստանյան գրեթե բոլոր հայտնի համապետական (եւ ոչ միայն) տոների` քրիստոնեության 1700-ամյակից մինչեւ բանակի 15-ամյակի կազմակերպիչ, ռեժիսոր, երաժիշտ, կինոսցենարիստ, դերասան... մի խոսքով, Արամ Սուքիասյանի անունը: Ասում են նաեւ, թե այժմյան նախարար Արմեն Ամիրյանը կտեղափոխվի այլ աշխատանքի»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ Հայաստանի իշխանությունները արդեն տեւական ժամանակ է՝ փորձում են ազատվել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանից: Բայց նա ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի սիրելին է, եւ Լավրովը չի ցանկանում Նալբանդյանի փոխարեն այլ մարդու տեսնել այդ պաշտոնում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ 2016թ. օգոստոսին նրան մեդալ տվեց՝ այդպիսով պաշտպանելով սեպտեմբերին նոր ձեւավորվող կառավարությունից դուրս մնալու հեռանկարից: Հայաստանի իշխանությունը, չցանկանալով հակադրվել Լավրովին, Նալբանդյանին թողնում է ԱԳ նախարարի պաշտոնում, բայց նախարարության ղեկավարումը հանձնելու են այլ մարդու, որը կոչվելու է գլխավոր քարտուղար»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանյան իշխանական մարմիններում դարձյալ «պարապ ժամանակներ» են սկսվել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` պատճառը առաջիկայում սպասվող ներքաղաքական զարգացումներն են. սպասում են ապագա վարչապետի եւ կառավարության կազմավորմանը: Ինչպես հայտնի է` վարչապետին խորհրդարանը կընտրի ապրիլի 17-ին, որից հետո 15-օրյա ժամկետում՝ մինչեւ մայիսի 2-ը, ձեւավորվելու է կառավարության կազմը: Ու հիմա ե՛ւ նախարարները, ե՛ւ փոխնախարարները, անգամ միջին տրամաչափի չինովնիկները, շունչները պահած, սպասում են՝ արդյոք իրենց բախտ կվիճակվի ընդգրկվել նոր կառավարության կազմում: Այս առումով պետական համակարգը սպասողական ու անորոշ վիճակում է, արդյունքում՝ տիրում է ոչ աշխատանքային մթնոլորտ: Ընդ որում, այս իրավիճակը դեռ փետրվարից է սկսվել, ու ստացվում է` մոտ երկու ամիս պետական կառույցներն աննախանձելի վիճակում են: Նշենք, որ այս պահին կառավարության անդամներից հայտնի է միայն Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի ճակատագիրը. դեռ հունվարին հրաժարական ներկայացրած ու հետո հրաժարականը ետ վերցած Մանուկյանը չի լինի նոր կառավարության կազմում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին ՀՀ նոր նախագահ Արմեն Սարգսյանը գտնվում է Լոնդոնում եւ դեռ Հայաստան չի վերադառնա, կմեկնի Միացյալ Նահանգներ` հայ համայնքի հետ հանդիպման: Իրան ու Վրաստան եւս կմեկնի, սակայն պաշտոնն ստանձնելուց հետո: Սարգսյանը հանդիպման պայմանավորվածություններ ունի նաեւ Հայաստանում: Նա մեծ հարգանք է տածում Կարեն Սերոբիչի նկատմամբ եւ մինչ ընտրվելը ցանկացել է հանդիպել Ստեփան Դեմիրճյանի, տիկին Ռիմայի հետ, լինել Կարեն Դեմիրճյանի թանգարանում, սակայն պարզվել է, որ Ստեփանը հիվանդ է, հանդիպումը հետաձգվել է: Հայաստան վերադարձից հետո առաջին հանդիպումը կլինի ՀԺԿ-ի հետ: Ի դեպ, Արմեն Սարգսյանը հանդիպել է նաեւ Ռոբերտ Քոչարյանի հետ` առաջադրման փուլում, սակայն չեն ցանկացել այդ մասին բարձրաձայնել: Սարգսյանը մեծ ցանկություն ունի նախագահների համագործակցության ինստիտուտը կայացնել եւ առաջիկայում կհանդիպի նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Նա ջերմ հարաբերություններ ունի ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանի եւ նախագահի աշխատակազմի երկարամյա ղեկավար Շահեն-Կարամանուկյանի հետ: Ասում են՝ հեռախոսազրույց է ունեցել նաեւ Հրանտ Բագրատյանի հետ»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս օրերին ադրբեջանական մամուլն իր էջերը հեղեղել է նախընտրական քարոզարշավի նյութերով: Գրում են, թե երկիրը բազմազգ է, նույնիսկ 30000 հայ է այժմ բնակվում Ադրբեջանում: Որպես ապացույց, haqqin.az տեղեկատվական կայքը հրապարակել է ընտրողների ցուցակից մի էջ, որտեղ 185–րդ համարի տակ հայի ազգանուն է. Նելլի Ալեքսանդրովնա Պետրոսյան, ծնվ. 1956 թ.: Կեցցե՛ այլազգիներին գրկաբաց ընդունող Ադրբեջանը: Ապրիլի 11–ին Յասամալի շրջանի թիվ 167 դպրոցի ընտրատարածքում Նելլին (եթե, իհարկե, այնտեղ նման անուն–ազգանունով մարդ կա) կկատարի իր քաղաքացիական պարտքը»:


Նույն օրաթերթը գրում է. «ԱԺ–ի կողմից Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահի պաշտոնում ընտրելուց հետո մի տեսակ անհարմար իրավիճակ է ստեղծվել: Հասկանալի չէ, թե այս պահին որն է նորընտիր նախագահի ֆունկցիան եւ առհասարակ ընտրվելուց հետո մինչեւ երդմնակալությունը նա ինչով է զբաղվելու: Ինչ վերաբերում է շնորհավորանքներին, այստեղ նույնպես անհասկանալի իրավիճակ է, քանի որ,կարծես թե դրանք այնքան էլ շատ չեն: Համենայն դեպս, մինչ այս պահը հայտարարվել է Լիտվայի, Չինաստանի Հանրապետության, Հունաստանի, Շվեյցարիայի Համադաշնության, Խորվաթիայի, Սերբիայի, Լիտվայի նախագահների շնորհավորանքների մասին:


Նորընտիր նախագահը զարմանալիորեն դեռեւս ո՛չ հարազատ Մեծ Բրիտանիայի, ո՛չ Գերմանիայի, ո՛չ Ֆրանսիայի, ո՛չ էլ արեւմուտքի մյուս առանցքային երկրների նախագահների կողմից շնորհավորական ուղերձներ չի ստացել: Ու թեեւ նա համարվում է արեւմտամետ քաղաքական գործիչ, սակայն, ամենայն հավանականությամբ, եվրոպական ընտանիքի երկրները շնորհավորելուց առաջ որոշել են մի լավ ծանր ու թեթեւ անել «ընտրություն» ասվածն ու հետեւություններ անել: Չի բացառվում, որ չշնորհավորելու այլ պատճառներ էլ կան, բայց ամեն դեպքում արձանագրենք, որ թեեւ ՀՀ նախագահի ընտրությունից՝ մարտի 2–ից անցել է 10 օր, սակայն շնորհավորանքների թե՛ թիվը, թե՛ ցանկը բավական համեստ է»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանության ներսում մտահոգված են, որ վարչապետի ընտրություններին ընդառաջ՝ քաղաքական դաշտում կարող են անսպասելի, տհաճ անակնկալներ տեղի ունենալ: Մասնավորապես՝ չի բացառվում, որ Սարգսյանի վարչապետ դառնալը բողոքի ալիք բարձրացնի, և ընդդիմադիր որոշ ուժեր գնան քաղաքական սրացումների ճանապարհով: Եվ հենց այս պատճառով, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, օպերատիվ աշխատանքի լիազորություն ունեցող կառույցներին հրահանգվել է «զբաղվել» այս օրերին արդեն հանրահավաքներին մասնակցած անձանցով:


Ընդ որում, եթե նախկինում քաղաքացիների ակտիվ այս հատվածին փորձում էին պարզապես ահաբեկել, այժմ գտնում են տվյալ մարդկանց մտերիմ անձանց, որոնց միջոցով էլ փորձում են ազդել նրանց վրա՝ համոզելով հետ մնալ բողոքի ակցիաների մասնակցելու մտադրությունից: ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ էդուարդ Շարմազանովը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, իհարկե, հերքեց լուրը՝ ասելով «ՀՀԿ-ն շատ ավելի կարևոր արտաքին և ներքին հարցեր ունի, քան զանգել ուժային կառույցներին և ասել՝ միտինգավորներին թողեք կամ մի թողեք»:


Նույն թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին պատկանող «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲԸ-ն հայտնվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տեսադաշտում: Պարզվում է՝ նախկին պատգամավորի՝ արդեն սնանկացած եւ վաճառքի հանված ընկերությունը պետական բյուջեի նկատմամբ կուտակած պարտքեր ունի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունը ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարների վճարման պարտավորությունը չի կատարել: Իսկ նախկին պատգամավորի ընկերության պարտքն այս տարվա փետրվարի 22-ի դրությամբ կազմել է 335 հազար դրամ, եւ հիմա ՀԾԿՀ-ն փորձում է հետ բերել այդ գումարները»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարտ 7-ին իրավապահներն անսպասելի շրջափակել էին «Աստղիկ» բժշկական կենտրոնը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այդ օրը բժշկական կենտրոն են տեղափոխել «Սասնա ծռերի» գործով կալանքի տակ գտնվող Սեդրակ Նազարյանին, և այդ պատճառով հիվանդանոցում ուժեղացված հսկողություն է սահմանվել: Մեզ հայտնի դարձավ, որ Սեդրակ Նազարյանի հայրը՝ Պավլուշա Նազարյանը, առողջական լուրջ խնդիրների պատճառով բժշկական կենտրոնում էր, և ըստ ամենայնի Սեդրակ Նազարյանի մտերիմները դիմում են գրել քրեակատարողական վարչությանը, որ կալանքի տակ գտնվող Նազարյանին թույլ տան տեսնել հորը: ԱՆ ՔԿՎ-ն էլ, փաստորեն, բավարարել է միջնորդությունը»:


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեւան քաղաքի Տերյան փողոցի վրա՝ Խնկո Ապոր անվան գրադարանի հարեւանությամբ, ակտիվ շինաշախատանքներ են ընթանում: Գրադարանի շենքի աջ անկյունում մոտ 50 քմ տարածքի վրա պատեր են կառուցվում, տեղադրվել են մետաղական կոնստրուկցիաներ: Մեր այցելության պահին բանվորական ուժն ակտիվ աշխատանքներ էր կատարում: Երբ հետաքրքրվեցինք, թե ինչ են կառուցում, նրանք զարմացած ասացին, թե տեղյակ չեն՝ իրենք ինչ են կառուցում: Մեր տեղեկություններով՝ կառուցապատում իրականացնողը կապ ունի Երեւանի նախկին քաղաքապետ, կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի հետ»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Ադրբեջանը ԱԳՆ է հրավիրել Բաքվում ԱՄՆ դեսպանին եւ իր դժգոհությունն է հայտնել Միացյալ Նահանգներին՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանի ամերիկյան այցի կապակցությամբ: Այցի ընթացքոմ Բակո Սահակյանը հանդիպում կունենա կոնգրեսական շրջանակների հետ: Սահակյանն ամենեւին առաջին անգամ չէ, որ այցելում է ԱՄՆ: Իհարկե, նախորդ այցերը կրել են ավելի շուտ հայկական շրջանակային բնույթ եւ, թերեւս, առաջին անգամ Կոնգրեսի շրջանակի առկայությունն անհանգստացրել է Բաքվին: Մյուս կողմից, ԱՄՆ Կոնգրեսի շրջանակում Արցախի բարձրաստիճան պատվիրակության հանդիպումներ եղել են ավելի վաղ, իհարկե ԱԺ նախագահի մակարդակով:


Գուցե Բաքուն ուշադրության է արժանացնում եւ զգայուն ընկալում նախագահական մակարդակը, հաշվի առնելով հատկապես Արցախում նախագահական ուժեղ համակարգի առկայությունն Արցախում: Բոլոր դեպքերում, Բաքվի արձագանքը բավականին նշանային է Բակո Սահակյանի այցի առումով եւ, թերեւս, «մատնում» է որոշակի քաղաքական տողատակեր, որ առկա է ամերիկյան այցի շրջանակում: Չի բացառվում, անշուշտ, որ Բաքվին անհանգստացնում է ոչ այնքան այցն ինքնին, որքան դա առիթ է Սպիտակ տան հետ, այսպես ասած, որոշակի ամուր դիրքերից խոսելու, կամ այլ կերծ ասած՝ «մունաթ գալու» առիթ ունենալու համար, եւ Ադրբեջանը փորձում է օգտագործել այդ առիթը, Սպիտակ տանը կամ պետքարտուղարությանը գործնականում դնելով Կոնգրեսի համար արդարանալու անհրաժեշտության առաջ:


Իհարկե, խոսք չկա Կոնգրեսի ղեկավարության քաղաքականության մասին, եւ ինչպես ԱՄՆ նախկին փոխնախագահ Բայդենն էր դատական համակարգի անկախության մասին լիկբեզի ենթարկում Էրդողանին՝ Գյուլենին հանձնելու նրա պահանջի առիթով, այդպես էլ, թերեւս, այժմ կարիք կա լիկբեզի ենթարկել կրտսեր եղբորը՝ խորհրդարանական ժողովրդավարության մասով: Սակայն Ալիեւին այդ ամենը երեւի թե հայտնի կլինի, նա պարզապես փորձում է առիթն օգտագորել ԱՄՆ հետ որոշակի դիրքերից խոսելու համար՝ արտահերթ ընտրությանն ընդառաջ: Որքան էլ Ալիեւի համար նշանակություն չունի, թե ինչ կասեն դիտորդները, որքան էլ նա պարզապես իրեն թույլ է տվել ցինիկաբար փակել Բաքվի ԵԱՀԿ գրասենյակը, իսկ հետո էլ հասնել նրան, որ փակվի Երեւանում ԵԱՀԿ գրասենյակը, այդուհանդերձ, նրա համար շատ կարեւոր է թիվ մեկ գերտերության մոտ իր վերարտադրության գոնե նվազագույն լեգիտիմությունը:


Պարզապես Ալիեւը փորձում է առիթն օգտագործել այն ոչ թե խնդրելու, այլ, այսպես ասած, «բարտեր» անելու համար: Մյուս կողմից, բացառված չէ այն, որ Ալիեւը տվյալ դեպքում միջնորդ է, այսինքն՝ «քաղաքական բրոկերություն» է անում կամ Թուրքիայի, կամ ծայրահեղ դեպքում Ռուսաստանի համար, հաշվի առնելով ԱՄՆ-ի հետ այդ երկուսի լարված հարաբերությունը եւ ակնկալելով, որ այդպիսով, ուղղակի թե անուղղակի, ծառայություն մատուցած կլինի նրանց: Այդ ամենի հետ մեկտեղ, իր հերթին հետաքրքրական է այն, որ դա տեղի է ունենում արցախյան խնդրում ռազմական լուծում չունենալու, այլ կերպ ասած՝ Բաքվին պատերազմն արգելելու մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերի հայտարարությունից օրեր անց: Հնարավոր է՝ Բաքուն փորձում է այսպես ասած հակադարձել Վաշինգտոնին:


Անշուշտ, զուտ քաշային կատեգորիաների առումով այդ ամենն ինքնին ծիծաղելի է, խնդիրը սակայն այն է, որ պետք չէ ժամանակ վատնել ծիծաղելու վրա: Ու նաեւ պետք չէ բավարարվել նրանով, որ Բաքվի այդօրինակ քայլերը թողնում են որոշակի հուսահատ տպավորություն: Ամբողջ հարցն այն է, թե Հայաստանն ու Արցախը ինչ նոր իրավիճակ կարող են ստեղծել այդ մթնոլորտում, օգտագործելով ընձեռված հնարավորությունները: Բանն այն է, որ Բաքուն այդպիսով, կամա թե ակամա, քաղաքական շոշափելի կշիռ է տալիս Բակո Սահակյանի ամերիկյան այցին, ավելին, քան գուցե այն կարող էր ունենալ: Հարցն այն է, թե հայկական կողմն ինչպես կարող է աշխատել, ինչպես կարող է օգտագործել այդ հավելյալ հնարավորությունը»:

Ակտիվ փուլում է Հայաստանի և Լիբանանին միջև ներդրումների փոխանակումը. Սաադ Հարիրի
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար