ԵԱՀԿ ԽՎ նախագահը Ալիևին կոչ է արել կրկնապատկել ԼՂ հակամարտության կարգավորման ջանքերը

257

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելին Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության հետ հանդիպումներում շեշտել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ ջանքերի կրկնապատկման անհրաժեշտությունը: Այս մասին տեղեկանում ենք ԵԱՀԿ մամուլի ծառայությունից:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ընթացքում Գեորգի Ծերեթելին , մասնավորապես, մտահոգություն է հայտնել շփման գծում բռնության դեպքերի առնչությամբ և հիշեցրել, որ հակամարտությունը ծանր բեռ է քաղաքացիական բնակչության համար:


Նա վերահաստատել է վեհաժողովի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկի գրասենյակին:


Հիշեցնենք, որ մարտի 12-17-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրամանով Ադրբեջանում լայնածավլ զորավարժություններ են սկսվել, ինչը հայկական կողմի կարծիքով ԵԱՀԿ-ի առջեւ ստանձնած հանձնառությունների խախտում է:


«Ադրբեջանը սկսել է զորավարժություններ (երկրի նախագահի «վերընտրվելու» քարոզարշավի ամենամարդաշատ իրադարձությունը) ԵԱՀԿ-ի առջեւ ստանձնած հանձնառությունների աղաղակող խախտմամբ՝ առանց տեղեկացնելու ԵԱՀԿ-ի մասնակից պետություններին այդ մասին»,- հայտարարել էր ՀՀ ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Տպել

Թեմայի այլ նորություններ