26.04.2024
ՊՆ կենտրոնական դեղաբազայում բացահայտվել է 40 միլիոնի հափշտակության դեպք. ԳԴ
prev Նախորդ նորություն

Մամուլ․ ԱլԳ երկրների անդամակցությունը ԵՄ-ին առաջիկա երկու տասնամյակի ընթացքում անհնար է

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«168 ժամ» թերթը գրում է. «Եվրոպական միության Արեւելյան գործընկերությունը մի ծրագիր է, որն օգնում է ԱլԳ երկրների տեղական իշխանություններին ներքին բարեփոխումներ իրականացնել, զարգացնել այդ երկրները, բայց, կարծում եմ, դա բավարար չէ, դա Եվրամիության կողմից մի ուղերձ է, որ՝ «այո, մենք ցանկանում ենք Ձեզ՝ որպես հարեւան, ավելի մոտիկ՝ որպես ընկերներ, որպես գործակիցներ, բայց դու երբեք չես ունենա հնարավորություն միանալու Եվրամիությանը՝ որպես անդամ»: Սա ապագա անդամակցության հեռանկար չէ, սա պարզապես անդամակցության ձգտումները հետաձգելու միջոց է»,- «168 ժամի» հետ զրույցում ասել է Գյոթինգենի համալսարանի (գերմ.՝ Georg-August-UniversitՊt GՓttingen) քաղաքագիտության պրոֆեսոր, «Քաղաքակրթությունների երկխոսություն» հետազոտական ինստիտուտի (DOC Research institute) համահիմնադիր, գերմանացի հեղինակավոր քաղաքական վերլուծաբան Փիթեր Շուլցը՝ անդրադառնալով Եվրամիության ԱլԳ ծրագրին:


Ըստ նրա՝ ԱլԳ երկրների անդամակցությունը ԵՄ-ին առաջիկա երկու տասնամյակի ընթացքում անհնար է, որովհետեւ Եվրամիությունը Բալկանյան երկրների հետ աշխատանք ունի անելու, դրա համար կպահանջվի 10-15 տարի: «ԱլԳ երկրների անդամակցության հեռանկարի հարցը կախված է նաեւ Ռուսաստանի հետ հարաբերություններից, թե ինչպես կդասավորվեն այդ հարաբերությունները, եթե Ռուսաստանը չցանկանա այս հեռանկարը, եթե Ռուսաստանին դուրս մղեն, չխնդրեն մասնակցել այդ գործընթացին, ապա մենք խնդիրներ կտեսնենք: Եվրամիությունը պետք է հաշվի նստի Ռուսաստանի կարծիքի հետ: Եվրամիությունը խնդիրներ չի ունեցել Կենտրոնական Ասիայի երկրների հետ Ասոցացման համաձայնագրեր ստորագրելիս, ինչո՞ւ, որովհետեւ յուրաքանչյուր քայլ նախապես քննարկվել եւ համաձայնեցվել էր Մոսկվայի հետ, որեւէ խնդիր չէր առաջացել հետագայում»,- ասել է նա: Նաեւ հավելել է. «Դա է իմ դիրքորոշումը` առանց Ռուսաստանի հնարավոր չէ, առանց Ռուսաստանի հնարավոր չեն բանակցություններ Ուկրաինայի շուրջ, Ղարաբաղում եւս հնարավոր չեն բանակցություններ առանց Ռուսաստանի»:


«Ժամանակ» թերթը գրում է. «ՀԺԿ նախկին համակիր, ընդդիմադիր գործիչ Գրիշա Վիրաբյանի հրավիրած առաջին հանրահավաքը կկայանա մարտի 30-ին։ Վիրաբյանը մինչ այդ պատրաստվում է դիմել Հայաստանում ԵՄ դեսպաններին, որպեսզի ստանա անվտանգության երաշխիք. «Ես ունեմ կոնկրետ փաստեր, որ դեսպանները կապված են այս իշխանությունների հետ, եւ իրենց ձեռնտու չէ, որ Հայաստանում իշխանափոխություն լինի»: Ի դեպ, Գրիշա Վիրաբյանը նախօրեին հանդիպել է նաեւ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ եւ քննարկել համագործակցության տարբերակները: «Ես ինքս եմ իմ աջակցությունը հայտնել, ասել, որ պետք է համախմբվենք արդյունքի հասնելու համար։ Ես որեւէ ամբիցիա չունեմ, ընդհանուր խնդիր է դրված, եւ ես ոչ մի խոչընդոտ չեմ տեսնում իմ ռեսուրսով միանալու, մասնակցելու հանրահավաքներին։ Նույն հարցն ենք լուծում, ինչ իմաստ ունի պառակտվել»,- հավելեց Վիրաբյանը»։


«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովում ընդդեմ ՀՀԿ-ի նախօրեին «կոալիցիա» ձեւավորվեց, 3 խմբակցությունները կողմ քվեարկեցին «Ծառուկյան դաշինք» խմբակցության ներկայացրած Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագծին, որով առաջարկվում է հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից։ Ուշագրավ է, որ ՀՅԴ խմբակցության ողջ ներկա կազմը միաձայն կողմ քվեարկեց նախագծին, բացակայում էր Անդրանիկ Կարապետյանը, որը պետաիրավականի նիստում «դեմ» էր քվեարկել։ Նկատենք, որ նախագծին, մյուս բոլոր ՀՀԿ-ականների պես, դեմ չէր քվեարկել «Տաշիր գրուպի» բաժնետեր Կարեն Կարապետյանը, որը ժամանակին քննադատել է ընտրակարգը՝ համարելով, որ դա ժողովրդին բեւեռացնում է ու սերմանում թշնամություն, եւ որը ռեյտինգայինով ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուն էր 2017-ին։ Նախագիծը, սակայն, մերժվեց 40 կողմ, 56 դեմ ձայներով»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Իրականում Հայաստանում գործող վարկային կազմակերպությունները փաստացի 130–150% տարեկան տոկոսադրույթով են գումար տրամադրում հաճախորդներին, բայց տպավորությունն այնպիսին է, որ դա առանձնապես չի հետաքրքրում ոչ Կենտրոնական բանկին, ոչ էլ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին: Եվ ստացվում է, որ վարկառուները պետական մարմինների աչքի առաջ, օրը ցերեկով ամեն վայրկյան կեղեքվում են ու այդպես էլ անպատիժ մնում: «Փաստ»-ին դիմած քաղաքացին պնդում էր, որ «Գուդկրեդիտ» վարկային կազմակերպությունից վարկ ստանալուց առաջ մանրամասն չի ուսումնասիրել վարկի մարման պայմանները, գումար է վերցրել ու ընկել է կրակը: Հիմա էլ, ինչքան գումար որ ձեռքն ընկնում է մուծում է, որ այդ վարկի դարդից պրծնի, սակայն ոչ մի կերպ չի կարողանում վերցրած գումարը զրոյացնել:


«Վարկ վերցնելու ժամանակ ինձ միայն ասացին, որ վերցրած գումարի տարեկան տոկոսադրույքը 24% է, բայց չասացին, որ փաստացի վճարումներով տարեկան տոկոսադրույքը հասնում է 150%–ի: Սա խաբեություն է, քանի որ միայն ես չեմ այս օղակի զոհը դարձել: Եվ եթե իմանայի, որ 1000 դոլարին համարժեք դրամ վերցնելուց հետո տարեկան պետք է փաստացի 2500 դոլար գումար վերադարձնեմ, այսինքն՝ մայր գումարից բացի մեկ ու կես անգամ ավելի վճարեմ, չէի համաձայնվի այդ պայմաններին: Ստացվում է, վերցրածս գումարի ամսական տոկոսադրույքը ոչ թե 2% է, այլ՝ 12%–ից ավելի: Սա խաբեության թակարդ է, որի մեջ ամեն վայրկյան մարդ է ընկնում, բայց հետաքրքիր է, թե իշխանություններն այս մասին ինչ են մտածում»,– ասաց մեր զրուցակիցը: «Փաստ»–ի ուսումնասիրությունները նույնպես ցույց տվեցին, որ իսկապես «Գուդկրեդիտ»–ը 12–ից 24 ամիս մարման ժամկետով 100 հազարից մինչեւ 400 հազար դրամ վարկ է տրամադրում, որի տարեկան փաստացի տոկոսադրույքը տատանվում է 130–150%–ի շրջանակներում:


Վարկի տրամադրման նշված պայմանները թեեւ ներկայացված է կազմակերպության կայք–էջում, բայց հասկանալի է, որ այս կամ այն անհետաձգելի հարցը լուծելու համար շտապ գումար է անհրաժեշտ լինում, դժվար թե մարդը մտածի վարկի տրամադրման պայմաններին խորությամբ ծանոթանալու մասին: Այսինքն, մարդիկ հիմնականում դրա մասին իմանում են, երբ մի քանի ամիս պարտաճանաչ մուծում են կատարում, սակայն հետո պարզում են, որ վերադարձնելու ենթակա գումարը վճարմանը համարժեք չի «մաշվում»: Կարճ ասած, ամեն քայլափոխի հանդիպող վարկային կազմակերպությունների գրասենյակներն ու գովազդային պաստառներն ընդամենը խայծ են, որը կուլ տալուց հետո մարդիկ հայտնվում են թակարդում, որից դուրս գալը բավականին դժվար է լինում: Ի դեպ, հարցը պարզաբանելու համար «Փաստ»–ը դիմել է նաեւ Կենտրոնական բանկին եւ բարձրացված հարցի մասին պաշտոնական պատասխանը ստանալուն պես կրկին կանդրադառնանք վարկային կազմակերպությունների աշխատանքին»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու նիստում հայտ­նի միջադեպի գործը հետաքրքիր ըն­թացք է ստանում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս գործը Կենտրոնի քննչական բաժնից տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտեի հատուկ կարեւորագույն գործերով քննչական վարչություն: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀԿ ավագանու անդամներից դեռեւս ոչ ոքի ծանուցում չի եկել, որպեսզի ներկայանան քննչական բաժին եւ ցուցմունք տան: Բայց ՀՀ ոստիկանությունում երկու անգամ բացատրություն է տվել ավագանու ՀՀԿ-ական անդամ էդմոն Կիրակոսյանը, որին Մարինա Խաչատրյանը մեղադրել էր իր նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեջ՝ պատճառաբանելով իր ապտակը: Կիրակոսյանն էլ իր հերթին էր ապտակել Խաչատրյանին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «ԻնտերԼոտո» բուքմեյքերային ընկերության տնօրեն, ՀՀԿ-ական Կիրակոսյանն ամեն կերպ հերքել է սեռական ոտնձգության փորձի մտադրությունը»:

Ես հանդիսանում եմ միայն  ՀՀ քաղաքացի. Արմեն Սարգսյան
Հաջորդ նորություն next