29.03.2024
Մամուլ. ՀՅԴ-ում ներքին բախումներ են, իսկ ընդդիմադիր «Ելք»-ը կարող է պառակտվել
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

ՀՀԿ-ն կողմ քվեարկեց Ելք-ի՝ Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ հայտարարության նախագծին

Ազգային Ժողովը հերթական իր քառօրյայի ընթացքում միաձայն կողմ քվեարկեց «Ելք» խմբակցության հեղինակած «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծին: Այսպիսով կարելի է արձանագրել, որ բացառիկ իրադարձություն տեղի ունեցավ՝ քաղաքական մեծամասնությունը կողմ քվեարկեց ընդդիմության ներկայացրած նախագծին:


Ներկայացնելով նախագիծը խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դրա նպատակն է, որպեսզի սպանությունները բացահայտվեն, իսկ իշխանությունն արձանագրի, որ մարտի 1-ի էջը փակված չէ եւ չի փակվելու, քանի դեռ բոլոր սպանությունները չեն բացահայտվել: ԱԺ պետականիրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Մախմուդյանն արձագանքեց, որ օրերս տեղի ունեցած խորհրդարանական լսումների ժամանակ էլ պարզ դարձավ, որ Հանրապետական խմբակցությունը չի խուսափում խոսել այդ մասին և իրենց համար ևս այս հարցը շարունակում է առօրեական լինել:  


Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ հայտարարեց, որ մինչեւ հիմա հասկանալի չէ, թե ինչու են ՀՀԿ-ականները դեմ այս հարցին, այն դեպքում, երբ լսումների ժամանակ թախծոտ ելույթներ էին ունենում, սփոփանքի խոսքեր հնչեցնում, ինչը ենթադրում է, որ պետք է կողմ լինեն այս հարցն օրակարգ ընդունելուն:


Սակայն բոլորի համար բավականին զարմանալիորեն վարման կարգով ելույթ ունեցավ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը եւ առաջարկեց կողմ քվեարկել, որպեսզի նախագիծը մտնի օրակարգ ու լայնամասշտաբ քննարկումներ լինեն: Այդպիսով ԱԺ-ն կողմ քվեարկեց 2008 թվականի մարտի 1-ի վերաբերյալ ընդդիմության հեղինակած հայտարարության նախագծին:


Հիշեցնենք, որ «Ելք» խմբակցության հեղինակած «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծում ներառված են 5 հիմնական  կետեր, որոնցում ասվում է.


1․ Խստորեն դատապարտում է 2008 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման դեմ բողոքի խաղաղ ցույցեր իրականացնող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ՝ 2008 թվականի Մարտի 1-ին եւ լույս 2-ի գիշերը Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից բիրտ եւ ապօրինի ուժի գործադրումը, ինչպես նաեւ այդ դեպքերից հետո ընդդիմադիր քաղաքական գործիչների, ակտիվիստների նկատմամբ շինծու քրեական գործերի հարուցումն ու մեղադրական դատավճիռների կայացումը:


2․ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններից պահանջում է սեղմ ժամկետներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բացահայտել եւ խստագույն պատասխանատվության կանչել Մարտի 1, 2-ին տեղի ունեցած սպանությունների կազմակերպիչներին եւ անմիջական կատարողներին, ինչպես նաեւ խաղաղ ցուցարարների դեմ ապօրինի ուժ կիրառելու մեղավորներին։


3․ Անընդունելի է համարում 2008 թվականի Մարտի 1, 2-ի իրադարձություններն ուսումնասիրող Փորձագետների փաստահավաք խմբի լուծարումը, քանի որ խմբի հետագա գործունեությունը կարող էր լրջագույն բացահայտումներ անել քաղաքական գործընթացում բանակի մասնակցության, ինչպես նաեւ ընտրությունների արդյունքները վերահսկելու եւ կեղծելու համակարգված մեխանիզմների գոյության մասին։


4․ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը կոչ է անում Մարտի 1, 2-ի գործով կալանավորված, դատապարտված ընդդիմադիր քաղաքական գործիչների, ակտիվիստների մեղադրական դատավճիռները վերանայելու գործընթաց սկսել։


5․ Պարտավորվում է առաջիկայում մշակել օրենսդրական փաթեթ, որով արժանապատիվ փոխհատուցում կտրվի Մարտի 1, 2-ի իրադարձությունների զոհերի հարազատներին, հանիրավի դատապարտվածներին, ինչպես նաեւ ոստիկանության կողմից ապօրինի ուժի կիրառման արդյունքում վնասվածքներ ստացած քաղաքացիներին։

Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Տավուշի մարզի Կոթի գյուղի ուղղությամբ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար