Հայաստանը մրցունակ է` ԵԱՏՄ անդամակցության ժամանակ արտահանումը աճել է 50%-ով. Թավադյան

402

Ինտեգրացիոն գործընթացների կարևորագույն նպատակը երկրի մրցունակության մակարդակի բարձրացումն է։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց տնտեսագետ, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Աշոտ Թավադյանը:

Նրա խոսքով, հատկապես փոքր տնտեսություն ունեցող երկրների համար էական նշանակություն ունի ավելի բարձր ավելացված արժեք ունեցող պատրաստի արտադրանքի արտահանման զգալի աճը։

«Հումքի արտահանումն աշխարհում լուրջ խնդիր չի հանդիսանում։ Հայաստանի համար առանցքային խնդիր է հասնել ՀՆԱ-արտահանում 30% հարաբերակցության, որտեղ պետք է գերակշռի պատրաստի արտադրանքը։ 2017թ. արտահանումն առաջին անգամ գերազանցեց $2 մլրդ, կազմելով 2.2 մլրդ դոլար: Փաստացի 2017թ. ընթացքում ունենք 25% արտահանման էական աճ: Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության ժամանակ արտահանումը աճեց մոտ 50%, ինչը կարևորագույն գործոն է ՀՀ մրցունակության աճի ԵԱՏՄ անդամակցության պայմաններում: Առաջնահերթ խնդիր է նաև արտահանման հետագա բազմատեսականացումը։ Հարկ է օգտագործել ԵԱՏՄ բոլոր հնարավորությունները՝ արտահանումը $3 մլրդ-ի հասցնելու համար»,- շեշտեց նա։

Ներկայացնել արտահանման ցուցանիշները, Թավադյանը նշեց, որ հիմնականում դեպի ԵԱՏՄ շուկաներ 2017թ.-ին աճել է արտահանումը քիմիական և դեղագործական արդյունաբերության (71.4%), փայտամշակման արտադրության (50.5%), տեքստիլի և տեքստիլ արտադրության (35%) և սննդի պատրաստի արտադրանքի (27%): Անցած տարի արտահանումը դեպի Ռուսատան աճել է 44.6%, որը ԵԱՏՄ-ում մեր առանցքային գործընկերն է: 2017թ. ՀՆԱ-ի աճը գերազանցել է 5%, նախնական հաշվարկներով` կազմելով 5.4%, ինչն էապես բարձր է պլանավորված 3.2% աճից.


«Նկատվում է արտահանման, հատկապես պատրաստի արտադրանքի արտահանման զգալի աճ։ Դեպի Ռուսաստան արտահանման աճն ընթանում է առաջանցիկ տեմպերով։ Արտահանման աճի մեջ առանցքային դեր ունի դրա կառուցվածքը։ Ավելացված արժեքի բարձր տոկոս ունեցող պատրաստի արտադրանքի արտահանման հիմնական հեռանկարը կապվում է Ռուսաստանի հետ։ Հարկ է օգտագործել ԵԱՏՄ հնարավորությունները դեպի միության այլ երկրներ նույնպես արտահանման զգալի աճ ապահովելու համար»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է արտահանմանը դեպի Եվրամիություն, ապա այս դեպքում արտահանվում է հիմնականում հումք։ Ավելացել է նաև դեպի ԵՄ կատարվող արտահանումը, ինչը նախ և առաջ կապված է գունավոր մետաղների գների էական աճի հետ։ Գունավոր մետաղների հանքաքարի, ալյումինի թերթերի, ֆերոձուլվածքի արտահանումը կազմում է դեպի ԵՄ արտահանման բացարձակ մեծությունը։ Պղնձի գինը 2016-17թթ. բարձրացել է՝ $4400-ից հասնելով 7000-ի՝ մեկ տոննայի դիմաց։ Մետալուրգիական հանքի արդյունահանումը 2017թ.-ին աճել է 13.2%, պղնձի խտանյութի արտահանումը աճել է 32%: Ըստ ԵՄ փորձագետների GSP+ համակարգի տված գնահատականով՝ Հայաստանը 2016թ. $8.7 մլն է խնայել։ Իսկ ԵԱՏՄ արտահանման պարագայում, հաշվի առնելով էներգառեսուրսների արտոնյալ գները, արտահանողները խնայել են մոտ $60 մլն։


Աշոտ Թավադյանը վստահ է, որ երկրի մրցունակության մակարդակի բարձրացմանը նպաստել են` ԵԱՏՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումը մաքսատուրքերի վերացման մասին, բոլոր ընթացակարգերի պարզեցումը՝ արտահանման արտոնագրերի ձևակերպումից և ստացումից մինչև մաքսային ձևակերպում, ռուսական ռուբլու կայունացումը` 2016-17թթ. ռուբլին ամրացել է 22.5%-ով, գազի գնի իջեցումը և այլն: Բացի այս, նշեց բանախոսը, իրենց դերն ունեցան նաև Ռուսաստանի պատասխան պատժամիջոցները, որոնք ընդլայնեցին ԵԱՏՄ երկրներից դեպի Ռուսաստան արտահանման հնարավորությունները։

«ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության ընդդիմախոսները նշում են, որ Հայաստանի ՀՆԱ-ն դոլարային արտահայտությամբ կրճատվել է 8%-ով։ Իսկ պետական պարտքն ավելացել է 10%-ով։ Նախ՝ միջազգային կազմակերպությունների տվյալների համաձայն, 2015-16թթ. գրանցվել է Հայաստանի ՀՆԱ աճ, իսկ 2017թ. արդեն արձանագրվել է ՀՆԱ-ի էական աճ։ Երկրորդ՝ ՀՆԱ հաշվարկը դոլարի հանդեպ ազգային արժույթի փոխարժեքի փոփոխությանը համապատասխան, քննադատության չի դիմանում։ Դոլարի հանդեպ վրացական լարիի փոխարժեքն, օրինակ, 2017թ. աշնանը նվազել է՝ 2.5 լարիից հասնելով 2.7 լարիի, այսինքն՝ 7.5%-ով։ Փաստորեն, Վրաստանի ՀՆԱ-ն դոլարային արտահայտությամբ նվազել էր 7.5%-ով։ ՀՆԱ հաշվարկը՝ կապված դոլարի փոխարժեքի փոփոխության հետ, կոռեկտ չէ և այս կամ այն ինտեգրացիոն համաձայնագրի կնքման հետևանք չի հանդիսանում»,- ընդդիմախոսներին հակադարձեց տնտեսագետը` ավելացնելով, որ ՀՀ-ում ՀՆԱ աճի տեմպի իջեցումը 2015թ., առաջին հերթին, կապված է այն բանի հետ, որ 2015թ. պղնձի մեկ տոննայի գինը $5190-ից իջավ՝ կազմելով $4400։ Գինն ընկավ 25%-ով։ Ռուսական ռուբլու փոխարժեքը դոլարի նկատմամբ կրճատվեց՝ 56 ռուբլուց հասնելով 77-ի։

«Սրանք են տնտեսության աճի տեմպի կրճատման հիմնական պատճառները 2015թ., այլ ոչ թե ինտեգրացիոն գործընթացները։ Իհարկե, եթե Հայաստանը ԵԱՏՄ անդամ չլիներ, ապա գազի գնի 30% աճը, մաքսատուրքերը, սանիտարահիգիենիկ սահմանափակումները, դրամական փոխանցումների կրճատումն ավելի կվատթարացնեին իրավիճակը։ Ինչ վերաբերում է արտաքին պարտքի աճին, ապա, նախ՝ այն օրենսդրորեն սահմանված սահմաններում է, երկրորդ՝ մենք Ռուսաստանից ստացել ենք խիստ նպատակային վարկեր։ Երկու արտոնյալ վարկ՝ $300 մլն-ի չափով, որոնք անմիջականորեն ուղղվել են մեր երկրի պաշտպանունակության ամրապնդմանը։ Այս վարկերի արդյունավետությունն անվիճելի է։ Հայաստանը Ռուսաստանից նաև $270 մլն և $30 մլն նպատակային վարկ է ստացել՝ որպես դրամաշնորհ, որոնք անհրաժեշտ են ատոմակայանը արդիականացնելու և շահագործման ժամկետը երկարացնելու համար»,- ընդգծեց Թավադյանը։


Անդրադառնալով ներդրումներին, տնտեսագետն ասաց, որ Ռուսաստանն առաջին տեղն է զբաղեցնում ՀՀ-ում կատարվող ներդրումների ծավալով և շեշտեց` հարկ է ընդունել, որ այդ թվում պատժամիջոցների և էներգառեսուրսների գների տատանումների պատճառով ՀՀ տնտեսությունում ներդրումների աճի տեմպի զգալի մեծացում առայժմ տեղի չի ունեցել։

2017 թվականին, ըստ նախնական տվյալների, մոտ 7% աճել է նաև դեպի Հայաստան տրանսֆերտները` կազմելով 1,489 մլրդ դոլար: Գաղտնիք չէ, որ հիմնականում տրանսֆերտները Հայաստան ստացվում են Ռուսաստանից` 63%: ԱՄՆ-ից ստացվել են տրանսֆերտների 14%, Ուկրաինայից` 5.5%:

«Հարկավոր է օգտագործել ԵԱՏՄ-ի մասին պայմանագրով ընձեռված բոլոր հնարավորությունները՝ համատեղ ձեռնարկություններ ստեղծելու համար։ Կան ԵԱՏՄ երկրների համագործակցության հեռանկարներ պաշտպանության ոլորտում, մեքենաշինության, էլեկտրատեխնիկայի և սարքաշինության ոլորտներում, շինանյութերի արտադրությունում և պղնձաձուլարանների կառուցման, քիմիական արդյունաբերության, թեթև արդյունաբերության, գյուղատնտեսության և սննդարդյունաբերության, դեղամիջոցների արտադրության և տուրիզմի զարգացման մեջ ներդրումների ներգրավման համար»,- հավելեց Թավադյանը։


 

Տպել

Թեմայի այլ նորություններ