Կիեւում ձերբակալել են Միխեիլ Սաակաշվիլիին․ նրան կարտաքսե՞ն Վրաստան (տեսանյութ)

356

Կիեւում ձերբակալել են Ուկրաինային քաղաքական գործընթացներին ակտիվ մասնակից, Վրաստանի նախկին նախագահ, Օդեսային նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին։ Այս մասին հայտնում է РИА Новости-ին, վկայակոչելով Սահալաշվիլիի կողմնակից, Գերագույն ռադայի պատգամավոր Յուրիի Դերեւյանկոյին։


«Հենց նոր նրան առեւանգել են անհայտ անձիք․․․ «Սուլուգունի» ռեստորանից»,- հայտարարել է Դերեւյանկոն ու հավելել, որ հատուկ նշանակության ջոկատն է եղել։ Նա չգիտի, թե ուր են տարել Սաակաշվիլիին։ Այս տեղեկությունը նաեւ հաստատել է Ուկրաինայի ՆԳՆ կոլեգիայի անդամ Անտոն Գերաշչենկոն։


Նրա փաստաբան Պավել Բոգոմազովը հայտարարել է, որ Սաակաշվիլիին ձերբակալել է հատուկ ծառայությունը, սակայն նա եւս չգիտի, թե ուր են տարել քաղաքական գործչին։


«Ձերբակալությունը նման էր ապօրինի արտաքսման, սակայն այս ամբողջն ապօրինի է, քանի որ արտաքսման համար հիմք չկա»,- նշել է Սահակաշվիլիի մյուս փաստաբան Ռուսլան Չերնոլուցկին։


 


Ուկրաինայում Սաակաշվիլիին մեղադրում են ուկրաինա-լեհական սահմանն ապօրինի հատելու մեջ, որը տեղի էր ունեցել անցյալ տարվա սեպտեմբերին։ Ավելի վաղ Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն սպառնացել էր Միխայիլ Սաակաշվիլիին իր քաղաքական գործունեության պատճառով արտահանձնել Վրաստանին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջին գրել էր «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ Միխայիլ Սաակաշվիլին:


Մինչ այդ Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբահիձեն հայտարարել է, որ երկրի նախկին նախագահ եւ Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիին արտահանձնման դեպքում կալանք է սպասվում:


Սահակաշվիլիի դեմ, ով Վրաստանը լքել էր 2013 թ. նոյեմբերին, հեռակա կարգով այս պահին մի քանի քրեական գործ է հարուցված: Քրեական գործերը հարուցվել են 4 մասով, որոնք են իշխանության չարաշահում, ծառայողական լիազորությունների չարաշահում կապված 2005թ. հունվարին բանկային ծառայող Սանդրո Գիրգվլիանիի սպանության հետ (նա մահացած էր հայտնաբերվել Թբիլիսիի ծայրամասի ռեստորաններից մեկում ՆԳՆ բարձրաստիճան պաշտոնյայի հետ վեճից հետո): Այդ գործով դատապարտվել են ՆԳՆ 4 աշխատակից, սակայն հետո համաներմամբ ազատ են արձակվել: Քննությունը ենթադրում է, որ հենց Սաակաշվիլին է կոծկել իրական հանցագործներին, բյուջետային միջոցների վատնում:


Ինքը՝ Սահակաշվիլին, չի ընդունում իր դեմ առաջադրված մեղադրանքները: Այդ գործերից ոչ մեկով առայժմ չկա դատարանի որոշում: Սահակաշվիլին Վրաստանում գտնվում է հետախուզման մեջ, դատախազությունը պարբերաբար Ուկրաինայից պահանջում է արտահանձնել նրան:


Վրաստանը բազմիցս դիմել է Ուկրաինային Սահակաշվիլիի ձերբակալման եւ արտահանձնման հարցով, բայց քանի դեռ նա Օդեսայի նահանգապետի պաշտոնն էր զբաղեցնում, այդ դիմումները մերժվում էին: Այժմ Սահակաշվիլին Ուկրաինայում զբաղեցնում է ընդդիմադիր դիրքեր, նրա դեմ Ուկրաինայի դատախազությունը քրեական գործ է հարուցել:


Ավելի վաղ Սահակաշվիլիի կինը` Սանդրա Ռուլովսը, հայտարարել էր, որ Վրաստանի եւ Ուկրաինայի իշխանություններն իր ամուսնու ձերբակալման հարցում գործում են փոխհամաձայնեցված ու կազմակերպում են նրա հետհանձնումը Կիեւից Թբիլիսի:

Տպել

Թեմայի այլ նորություններ