ՄԽ-ն կոչ է արել կողմերին ձեռնպահ մնալ բորբոքային հայտարարություններից և սադրանքներից

373

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանում ունեցած հանդիպումներից հետո հանդես են եկել հայտարարությամբ:

Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին եւ Էնդրյու Շոֆերը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ միասին փետրվարի 7-ին Բաքվում հանդիպել են նախագահ Իլհամ Ալիեւի, փետրվարի 9-ին Երեւանում՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, իսկ փետրվարի 10-ին՝ Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ:


«Համանախագահները դե ֆակտո իշխանությունների հետ հանդիպելու նպատակով 9-ից 11-ը նաեւ այցելել են Լեռնային Ղարաբաղ: Նրանք այցելել են Կովսական, Սանասար, Ակնա, Բերձոր եւ Քարվաճառ:


Համանախագահներն ընդգծել են 2017 թվականի հոկտեմբերին Ժնեւի, ինչպես նաեւ նախորդ գագաթնաժողովների, մասնավորապես՝ Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում, ընթացքում կողմերի ստանձնած բոլոր պարտավորությունների բարեխղճորեն կատարման կարեւորությունը»,- ասվում է հայտարարության մեջ:


Միջնորդները խորը մտահոգություն են հայտնել շփման գծում վերջին զոհի կապակցությամբ եւ կոչ արել կողմերին լրացուցիչ քայլեր ձեռնարկել լարվածության նվազեցման եւ հրադադարի պահպանման համար, ինչպես համաձայնեցվել էր Ժնեւում:


Նաեւ կոչ են արել կողմերին ձեռնպահ մնալ բորբոքային հայտարարություններից եւ սադրիչ գործողություններից:

«Համանախագահները կրկին հայտարարում են Հելսինկյան ակտի հիմնական սկզբունքների հիման վրա՝ ներառյալ ուժի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը եւ ազգերի ինքնորոշման հավասար իրավունքները, հակամարտության խաղաղ լուծում գտնելու համար կողմերին օգնելու իրենց պատրաստակամության մասին: Համանախագահները ողջունել են կողմերի՝ ինտենսիվ բանակցությունները շարունակելու մտադրությունը՝ հաշվի առնելով ներկայիս ընտրական շրջանը»,- ասվում է հայտարարության մեջ:


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները օրերս այցելել էին տարածաշրջան: Նրանք փետրվարի 7-ին Բաքվում հանդիպում են անցկացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, իսկ փետրվարի 9-ին Երևանում հանդիպել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Մայրաքաղաքներում համանախագահները խորհրդակցություններ են վարել նաև ԱԳ նախարարների հետ: Փետրվարի 9-11-ը նրանք այցելել են Լեռնային Ղարաբաղ՝ հանդիպելու տեղի իշխանությունների հետ:


Բաքվում հայտարարել էին, որ ԼՂ հիմնախնդրի շուրջ բանակցությունները կվերսկսվեն երկու պետություններում՝ Հայաստանում եւ Ադրբեջանում ապրիլին նախատեսված նախագահական ընտրություններից հետո:


Միեւնույն ժամանակ Երեւանում Սերժ Սարգսյանը, համանախագահների ուշադրությունը հրավիրելով Բաքվից հնչող վերջին հայտարարությունների վրա, նշել է, որ դրանք եւս մեկ վկայություն են, թե որքան հեռու է Ադրբեջանը Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունների հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացն առաջ մղելու պատրաստակամությունից, ինչպես նաեւ ցույց են տալիս, թե ինչպես է Բաքուն արձագանքում հասարակությունները խաղաղության պատրաստելու եռանախագահների շարունակական կոչերին։


Միջնորդների տարածաշրջան այցելության օրերին ադրբեջանական դիպուկահարի կրակոցից զոհվեց Արցախի ՊԲ-ի զինծառահող 19-ամյա Հայկ Քալանթարյանը:

Տպել

Թեմայի այլ նորություններ