Ադրբեջանի ղեկավարությունը անադեկվատ է ու անմեղսունակ. Աշոտյան

738

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին ելույթը, ինչպես կգրեր Ակուտագավա Ռյունոսկեն, նման է լուցկու. լուրջ վերաբերվելը ծիծաղելի է, իսկ անլուրջ՝ վտանգավոր: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: 


«Ինչպիսին էլ լինի նման հակապատմական, հակաքաղաքակրթական ու հակամշակու օպուսի ներքին տրամաբանությունն ու մոտիվացիան, հստակ է մեկ բան. Ադրբեջանի ներկայիս ռազմա-քաղաքական ղեկավարությունը անադեկվատ է ու անմեղսունակ: Ալիևի վերցրած հակահայկական հիսթերիայի ու հայատյացության նոր բարձրությունը զարմանալիորեն զուգահեռվում է իր «արյունակից եղբոր»՝ Էրդողանի նմանատիպ հռետորաբանության ու վարքագծի հետ, որը հայտարարում է Հալեպի, Մոսուլի, Բաթումի և այլնի նկատմամբ տարածքային պահանջատիրության մասին: Այս երկուսի համատեղ ջանքերով Հարավային Կովկասի տարածաշրջանը նման է ոչ թե քաղաքակրությունների խաչմերուկի, այլ համար 6 հիվանդասենյակի: Եվ եթե Ալիևին ու Էրդողանին ինչ-որ տեղ հարկավոր է վերադառնալ, ապա միայն ու միայն իրենց արմատներին՝ Ալթայ ու Ներքին Ասիա»,- հավելել է Աշոտյանը:  


Հիշեցնենք, նախօրեին ելույթի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Երևանի գրավումը Ադրբեջանի ռազմավարական խնդիրն է լինելու: «Երևանը մեր պատմական տարածքն է, և մենք՝ ադրբեջանցիներս, պետք է վերադառնանք մեր պատմական հողեր: Սա մեր քաղաքական ու ստրատեգիական նպատակներից է, որին մենք է պետք է հասնենք կամաց-կամաց»,- մասնավորապես ասել է Ալիևը:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...