29.03.2024
Կարեն Կարապետյանն ու Իվան Վոլինկինը քննարկել են հայ-ռուսական տնտեսական հարաբերությունները
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Կներդրվի գյուղատնտեսության ապահովագրության ծրագիրը. KfW-ն կտրամադրի 5 մլն եվրո դրամաշնորհ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Գերմանական զարգացման բանկի (KfW) ներկայացուցիչները, «MF Strategy», «MicroInsurance Centre and AgroConsulting» կազմակերպությունների խորհրդատուները և «Swiss Re and Agroinsurance International» վերաապահովագրող կազմակերպության ներկայացուցիչները:


KfW բանկի կողմից հայտարարված խորհրդատուի մրցույթի արդյունքում ընտրվել է նշված 3 կազմակերպություններից բաղկացած կոնսորցիում, որի հետ համատեղ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը և Կենտրոնական բանկը կպատրաստեն գյուղատնտեսության ապահովագրության փորձնական ծրագիրը:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կառավարությանը՝ գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման գործում աջակցության համար և պատրաստակամություն հայտնել ընդլայնելու գործակցությունը գյուղատնտեսական մյուս ճյուղերում ևս: Կարեն Կարապետյանը, ներկայացնելով այս բնագավառում նախաձեռնված բարեփոխումները, նշել է, որ կառավարության նպատակն արդյունավետ, խելացի գյուղատնտեսություն ունենալն է, որի կարևոր բաղադրիչներից մեկն ապահովագրությունն է: Կառավարության ղեկավարը նաև տեղեկացրել է, որ ապահովագրական բիզնեսի ռիսկերի նվազեցման նպատակով այժմ իրականացվում է հակակարկտային հրթիռային համակարգի փորձնական ներդրման ծրագիր:

Հայաստանում Գերմանիայի դեսպանի խոսքով՝ գյուղապահովագրության ծրագիրը նորարարական է, հեռանկարային, և ԳԴՀ կառավարությունը պատրաստ է շարունակել օժանդակել ՀՀ կառավարությանը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցությունը զարգացնելու համար:

KfW-ի ներկայացուցիչ Մոնիկա Գյունթները ողջունել է ՀՀ կառավարության՝ գյուղոլորտում երկարաժամկետ, կայուն զարգացման ծրագրեր իրականացնելու քաղաքականությունը և նշել, որ Գերմանական զարգացման բանկը հետաքրքրված է Հայաստանի հետ սերտ փոխգործակցությունը խորացնելու և երկարաժամկետ հեռանկարային նախաձեռնություններ կյանքի կոչելու գործում:

Կողմերը մտքեր են փոխանակել ՀՀ գյուղատնտեսության նախարարության, Կենտրոնական բանկի, ապահովագրական շուկայի ներկայացուցիչների և միջազգային փորձագետների միջև կայանալիք քննարկումների օրակարգի և հետագա քայլերի շուրջ:

Փորձնական ծրագրի շրջանակում KfW բանկի կողմից տրամադրվելու է 5 մլն եվրո դրամաշնորհ և նույն չափով համաֆինանսավորում է լինելու պետական բյուջեից, որը կուղղվի ապահովագրական վճարների սուբսիդավորմանը:

Վարչապետը գոհ է՝ խոստացված 856 մլն դոլարի ներդրումն ապահովել են
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար