Սահակաշվիլու գիրքը չի արգելվել, թույլ չեմ տա պետության վրա ցեխ շպրտել. «Անտարես»-ի տնօրեն

590

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը հայտնում է, որ Վրաստանի նախկին նախագահ, Օդեսային նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլիի «Ուժերի զարթոնք» գրքի հայերեն թարգմանված տարբերակի շնորհանդեսը չի արգելվել Հայաստանում:


Նրա կարծիքով, գրքի արգելքի տպավորություն ստեղծելու պատմության նպատակը PR-ն է, որն իրականում պետությանը «պադստավկա» անել է նշանակում: Այս մասին Արմեն Մարտիրոսյանը գրել է Facebook-ի իր էջում ու հիշեցրել, որ իրեն դիմել են գրքով զբաղվողները «Անտարես»-ի գրախանութում շնորհանդեսը կազմակերպելու համար եւ մերժում չեն ստացել:


«Ինձ դիմեցին այդ գրքով զբաղվողները մեր գրախանութի ղեկավարի միջոցով, որ այնտեղ շնորհանդես անեն։ Միակ պայմանը, որ հեղինակային իրավունքը պիտի ձեռք բերված լինի։ Հետո գրեցին բաց հայտարարության տեսքով։ Հրապարակային հրավիրեցի մեր գրախանութում անցկացնել: Ոչ մի արձագանք», - ասված է Մարտիրոսյանի կատարած գրառման մեջ, որտեղ նա գալիս է եզրահանգման, որ իրականում «այդ տղաներին իմ առաջարկը պետք չէր»։


Այնուհետեւ Մարիտրոսյանը հավելում է. «Տղերք, ես ձեզ թույլ չեմ տա իմ պետության վրա ցեխ շպրտել»։ Նա նշում է, որ միշտ պայքարել է, որ գիրքն ազատ լինի Հայաստանում։ «Որպեսզի ոչ մի տիպի ոտնձգություն չլինի որեւէ հրատարակչի կամ անհատի հրատարակության նկատմամբ։ Մյուս կողմից՝ PR-ը շատ լավ գործիք է հանրահռչակելու։ Բայց ոչ սուտը», - ընդգծում է նա ու հավելում, որ թույլ չի տա անգամ «իմ պետության ոչ լեգիտիմ իշխանության վրա անհիմն ցեխ շպրտել»։


«Մեր իշխանության լավ ու վատ իմիջը դառնում է մեր պետության ու նաեւ մեր իմիջը։ Դուք աշխարհի առջեւ անհիմն սեւացնում եք մեր իշխանությանը, որը գործել է բազմաթիվ մեղքեր՝ Մարտի 1-ից սկսած ու գրքի նկատմամբ ակնհայտ վատ վերաբերմունքով ավարտած, բայց ձեր գիրքը չի արգելել։


Դուք այդ գրքով պիտի առավելագույնը 100 000 դրամ շահույթ ապահովեիք։ Դուք 100 000 դրամի դիմաց Սաակաշվիլուն թյուրիմացության մեջ գցեցիք ու նա հարձակվեց մեր իշխանությունների վրա, մեր պետության վրա, մեզ վրա։ Տղերք։ Էդ արդեն PR չի։ Դա պետությանը «պադստավկա» անել է», - ասված է նրա գրառման մեջ։


Հիշեցնենք, որ Սահակաշվիլու «Ուժերի զարթոնք» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը, ըստ կազմակերպիչների պաշտոնական հայտարարությունների, Երեւանում արդեն երկու անգամ չեղարկվել է: Նախապես ասվել էր, որ միջոցառումը լինելու է Չարենցի տուն-թանգարանում, ապա՝ «Նոյյան Տապան» գրախանութում, բայց վերջին պահին չեղարկվել էր:


Գրքի շնորհանդեսի չեղարկումների պատճառներն արդեն հասցրել են քաղաքական ենթատեքստ ստանալ: Մասնավորապես, վրացական մամուլը գրեց, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան թեթեւ ձեռքով չեղարկվում է Սահակաշվիլու «Ուժերի զարթոնք» գրքի շնորհանդեսը:


Սահակաշվիլին արձագանքել էր Երեւանում՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանում իր գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսի արգելքին եւ տեսել այս պատմության մեջ Ռուսաստանի միջամտության հետքը: «Ցավոք , այստեղ եւս Մոսկվայի միջամտությունից խուսափել հնարավոր չի եղել: Պարզապես հետաքրքիր է, որ Վրաստանում Ռուսաստանի գործակալները լուրեր են տարածում, որ ես էթնիկ հայ եմ, իսկ Հայաստանում պատմել են, որ ես «հակահայ» գործիչ եմ»,- գրել էր Սահակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում:


Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ Սահակաշվիլու ինքնակենսագրական «Ուժերի զարթոնք» գրքի հայերեն թարգմանության շնորհանդես կունենա այսօր՝ փետրվարի 7-ին՝ ժամը 19:00-ին, Երեւանի «Յանկի» փաբում: Միջոցառման Facebook-յան հայտարարությանն արձագանքել ու պատրաստակամություն են հայտնել մասնակցել շուրջ 184 օգտատեր, ավելի քան 500 օգտատերեր հետաքրքրված են այդ շնորհանդեսով:

Տպել

Загрузка...