ՀՀ հանրակրթության մեջ ռուսական սեկտորը կործանման եզրին է. ահազանգ

484

ՀՀ Ազգային Ժողովից դիմում են ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը՝ աջակցելու Հայաստանում ռուսաց լեզվի դասավանդման խնդրի, քանզի առկա վիճակը հարիր չէ ՀՀ-ՌԴ ռազմավարական հարաբերությունների մակարդակին:


Մասնավորապես, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տատյանա Միքայելյանը հայտարարեց, որ իր համար հայաստանյան դպրոցներում ռուսերենի ուսուցման ծավալն ու մակարդակը դժգոհելու տեղիք չի տալիս, բայց այլ խնդիր է  48 ռուսերենով դասավանդմամբ և ռուսերենի խորացված ուսուցմամբ 63 հանրակրթական դպրոցներում: Ինչպես նաև վերաբերում է ՌԴ ՊՆ և Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության ենթակայության գործող յոթ  դպրոցներում:


«Խնդիրը դասագրքերն են, որոնց բացակայությունը դասավանդման գործընթացը դնում է հարցականի տակ: Շատ են դեպքերը, երբ ծնողները այլ մարզերից երեխաներին տեղափոխում են Երևան , որտեղ վիճակը համեմատաբար նորմալ է: Կամ Ռուսաստան՝ հարազատների մոտ»,- ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարեց պատգամավորը:


Նա նկատեց, որ ռուսաց լեզվին և գրականությանը բավարար ուշադրություն է դարձվում, մինչդեռ քիմիայի, ֆիզիկայի, մաթեմատիկայի և այլ առարկաների դասագրքերի խնդիրը լուծվում է տարերային ձևով՝ չկանոնակարգված: Արդյունքում աշխարհագրությունը դասավանդվում է 1989 թվականի դասագրքով.

«2011 թվականին ՀՀ-ում ՌԴ դեսպանատան աջակցությամբ թարգմանվել և դպրոցներին են նվիրվել 10-11-րդ դասարանների մի շարք դասագրքեր: Բայց վերջին տարիներին դպրոցների վրա է այդ հարցը, որոնց մեծամասնությունը անգամ սեղան-աթոռ ձեռք բերելու խնդիր ունեն»,- ասաց Տատյանա Միքայելյանը:


Մեկ այլ սուր խնդիր, որ հարիր չէ հայ-ռուսական հարաբերություններին, ռուսերեն դասավանդող մասնագետների պակասն է, քանի որ Հայաստանում այդ պրոֆիլի մասնագետներ չեն պատրաստում: Պատգամավորը դիմեց ՌԴ դեսպանատանը, Կրթության և գիտության նախարարությանը, ՀՀ-ում ՌԴ գիտության և կրթության կենտրոնին.


«Այս իրավիճակը հարիր չէ Հայաստան-Ռուսաստան ներկայիս բարձր մակարդակի հարաբերություններին: Եվ եթե չենք ուզում, որ հանրակրթության մեջ ռուսական սեկտորը վերջնականապես կործանվի պետք է խնդիրը դարձնենք համակողմանի քննության առարկա և անհապաղ գտնենք լուծումներ»,- ասաց նա՝ հավելելով, որ օրերս ռուսերենով ուսուցման կարևորության մասին խոսել էր նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը


Հիշեցնենք, ամիսներ առաջ ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ռուսերենի դասավանդման հայեցակարգ», որը նախատեսվում է իրականացնել ռուսաց լեզվի խորացված ուսուցում այս կամ այն առարկայական ոլորտում:  Հայեցակարգը բուռն քննարկումների ալիք բարձրացրեց:

Տպել

Թեմայի այլ նորություններ