29.03.2024
ՌԴ նախագահի ընտրության օրը ՀՀ-ում կգործի երկու հիմնական ընտրատեղամաս
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Մամուլ․ Մովսես Հակոբյանի ատկատները և ինչո՞ւ ասպարեզ նետվեց Սարգսյանի մասոն լինելու թեման

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ին հասած տեղեկություններով և մեր ձեռքի տակ եղած փաստերից պարզվում է, որ ՊՆ-ի գնումների մեծ մասը կատարում են 3-4 ընկերություններ, որոնք բոլորն էլ պատկանում են ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանին։ Այս ընկերությունները միմյանց միջոցով գնումները կատարում են հիմնականում ռուսական «Սպեցտորգ» ընկերությունից, որը մասնագիտացած է ռազմական ապրանքների, բանակի կարիքների համար անհրաժեշտ ապրանքների արտադրությամբ։ Խնդիրը ոչ թե ռուսական ընկերության առաջարկած ապրանքների գինն է, այլ այն, թե, վերջին հաշվով, ինչ գնով է ՀՀ ՊՆ-ն դրանք ձեռք բերում։ Մեզ պատմեցին, որ Մովսես Հակոբյանը իր 4 ընկերություններով, մեկը մյուսի միջոցով, ատկատներով այդ ապրանքները հասցնում է Հայաստան, և դրանք մի քանի անգամ բարձր գին են ունենում»։


«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը չնայած պաշտոնապես չի հայտնել նախագահի պաշտոնում առաջադրվելու իր համաձայնության մասին, սակայն ակտիվորեն զբաղված է երդմնակալության արարողության նախապատրաստությամբ: Սարգսյանն անգամ հասցրել է պատրաստել այդ միջոցառման հրավիրյալների ցուցակը, որը կարող է գլխավորել Մեծ Բրիտանիայի թագավորության արքայազն Չարլզը: Այսպիսով, Արմեն Սարգսյանն ուզում է իր բովանդակությամբ «դատարկ» պաշտոնին ինչ-որ արտաքին բովանդակություն հաղորդել»:


«168 ժամ» թերթը գրում է. «ԱՊՀ տարածքում, հազվադեպ արտակարգ բացառությամբ (ինչպես, օրինակ, 1999 թվականի վերջին՝ Բորիս Ելցինի դեպքում), առաջին դեմքի ընտրության ժամկետի տեղափոխությունը սովորաբար մտնում է հենց այդ դեմքի պլանների մեջ` ժամանակ առ ժամանակ ինչ-որ տարօրինակ պատճառներով, որոնք հայտնի են միայն իրեն: Պետք չէ մոռանալ նաև այն մասին, որ ներկայումս ժամանակն արագ է սլանում, իրադարձությունները զարգանում են նույնպես արագ` Թուրքիան պատերազմում է քրդերի հետ, և այլն, ինչը վաղ թե ուշ կանդրադառնա նաև Ադրբեջանի վրա: Ուստի աշնանը գուցե ընդհանրապես ընտրությունների ժամանակ չլինի»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին ասել է անվտանգության և քաղաքական հարցերով ռուս վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկը՝ անդրադառնալով Ադրբեջանում անցկացվելիք նախագահական ընտրությունների ժամկետի տեղափոխությանը:


Տրոֆիմչուկը գտնում է, որ Ադրբեջանում տեղի ունեցողը որևէ առնչություն չունի Հայաստանում նախատեսվող փոփոխությունների հետ՝ չհաշված տեղեկատվական ֆոնը և Ադրբեջանում հայաստանյան զարգացումների նկատմամբ բարձր ուշադրությունը: «Տեսականորեն նման կապը միայն մեկ իմաստ կարող էր ունենալ` եթե Իլհամ Ալիևը չառաջադրվեր նախագահի պաշտոնի համար, իսկ նրա փոխարեն հայտնվեր թեկնածու, որը պատերազմի հարցում ավելի կտրուկ հակումներ ունենար: Այդ պարագայում Սերժ Սարգսյանի կողմից իշխանության փոխանցումից անմիջապես հետո, իրավասությունների փոխանցման ժամանակ այդ սպառնալիքը գուցե աշխատեր»,- ասել է Տրոֆիմչուկը»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ազգային անվտանգության ծառայությունը վերջերս բացահայտել է, որ մի շարք անձինք կեղծ ավտովթարներ են կազմակերպել, որպեսզի այդկերպ ապահովագրական ընկերություններից որպես փոխհատուցում մեծ գումարներ կորզեն: Միայն 2016-17թթ ընթացքում Երեւանում կազմակերպվել է 15 նման վթար, եւ այդկերպ մոտ 31 մլն դրամի հափշտակության փորձ է արվել: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ԱԱԾ բացահայտած գործով մեղադրանք է առաջադրվել նաեւ մեկ ճանապարհային ոստիկանի, որը հիմա գտնվում է կալանքի տակ: ԱԱԾ քննչական վարչության պետ Միքայել Համբարձումյանը «Ժողովուրդ»-ին տված հարցազրույցում, պատասխանելով այս գործին առնչվող հարցին, տեղեկացրել է, որ քրեական գործով մեղադրվում է 4 անձ, այդ թվում` ՀՀ ճանապարհային ոստիկանության 1 աշխատակից, որը իմանալով վթարների կեղծ լինելու մասին` ինչպես անձամբ, այնպես էլ իր գործընկերների միջոցով մասնակցություն է ունեցել վթարների փաստի արձանագրմանը»:


Նույն թերթը գրում է. «Հինգերորդ գումարման խորհրդարանում կին-պատգամավորների եռյակ էր ձեւավորվել: Խոսքն այն ժամանակվա ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի եւ ՀՀԿ-ական պատգամավորներ Ռուզաննա Մուրադյանի ու Կարինե Պողոսյանի մասին է: Նրանք խորհրդարանում գրեթե միշտ միասին էին, ավելին՝ ընդմիջումներին Մուրադյանն ու Պողոսյանն անմիջապես գնում էին Նաղդալյանի աշխատասենյակ եւ վերադառնում դահլիճ այնտեղից:


Սակայն վեցերորդ գումարման խորհրդարանում «եռյակ միությունը» փլուզվել է, թեեւ երեքն էլ պատգամավոր են: Նախ` Հերմինե Նաղդալյանն արդեն նախկին դիրքը չունի, նա շարքային պատգամավոր է, հավանաբար այդ պատճառով էլ ՀՀԿ-ական Ռուզաննա Մուրադյանը այնքան էլ չի շփվում երբեմնի ընկերուհու հետ: Ինչ վերաբերում է Կարինե Պողոսյանին, նա հիմա ընդդիմադիր «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր է. հիշում եք՝ ԱԺ ընտրություններից առաջ իր զարմիկի՝ ԱԺ նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ Պողոսյանն էլ դուրս եկավ ՀՀԿ-ից: Եվ հիմա դա կարծես խանգարում է շփվել նախկին ընկերուհիների հետ: Վերջինս նախընտրում է իր ժամանակն անցկացնել «Ծառուկյան» խմբակցության կանանց հետ»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Սերժ Սարգսյանի իշխանությունը փորձում է նոր Սահմանադրությունն ուժի մեջ մտնելուց հետո պետական կառավարման ողջ լծակները կենտրոնացնել վարչապետի ձեռքում: Ու քանի որ հենց Սերժ Սարգսյանն է համարվում վարչապետի հիմնական թեկնածուն, փորձ է արվում պետական կառավարման մարմինների գործունեությանն առնչվող ողջ օրենսդրությունը հենց այդ տրամաբանությամբ գրել` օծելով նրան լայն լիազորություններ: Ու բանն այնտեղ է հասել, որ ներկայացված օրենսդրական նախագծերն իրենց բովանդակությամբ արդեն հակասությունների մեջ են մտնում Սահմանադրության հետ:


Ըստ երկրի մայր օրենքի 135 հոդվածի` նախագահը օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով ներում է շնորհում դատապարտյալներին: Բայց ԱԺ ներկայացված «Ներման մասին» օրինագծի համաձայն` նախագահը ներում շնորհելու է վարչապետի առաջարկությամբ: Այսինքն` մինչեւ համապատասխան առաջարկը նախագահին ներկայացնելը ներման հետ կապված ողջ գործընթացը կարգավորելու է վարչապետը: Ավելին` եթե նախագահը համառի եւ չընդունի վարչապետի առաջարկը, այնուամենայնիվ, փաստաթուղթն ուժի մեջ է մտնելու իրավունքի ուժով: Ասել է, թե այս հարցում որոշողը լինելու է վարչապետը:


Օրենսդրությունն այս տրամաբանությամբ գրելը, թերեւս, պատահական չէ. ինչպես հիշում եք` վերջին տարիներին համապետական բոլոր ընտրությունների նախաշեմին իշխանությունների օգտին աշխատելու դիմաց բանտերից ազատ արձակվեցին քրեական տարրերը, որոնք տեղամասերի մոտ արդյունավետ կազմակերպում էին ընտրական պրոցեսը: Եւ հիմա Սերժ Սարգսյանն այս կարեւոր գործիքը պահում է իր ձեռքում նաեւ հաջորդ ընտրությունների ժամանակ անարգել գործածելու նպատակով: Բացի այդ` նա ապահովագրում է իրեն, որպեսզի հանկարծ իր հրահանգով կալանավորված որեւէ քաղբանտարկյալ ազատ չարձակվի»:


«Իրատես» թերթը գրում է. «Մեզանում մասոնականության թեման եթե ոչ փակ, ապա մշտապես խիստ բացասական լույսի ներքո է դիտարկվել, երբ ամբողջ աշխարհում, այդ թվում՝ մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանում, խնդրի առնչությամբ լուրջ գրականություն կա, եւ որեւէ մեկը չի խուսափում խոստովանելուց, որ մասոնական «էթիկան» ու դպրոցը Ռուսաստան բերվեցին Պետրոս Առաջինի օրոք (չմոռանանք` նա մեծագույն ռեֆորմատոր էր, որը Ռուսաստանում փոխեց ոչ միայն մենթալ պլանը, այլեւ Ռուսիան դարձրեց հույժ եվրոպական երկիր՝ Պետերբուրգ հյուսիսային մայրաքաղաքով, որն ամբողջովին կառուցված է մասոնական մետաֆիզիկայի համաձայն եւ առայսօր համարվում է համաշխարհային գեղեցկուհի-եվրոպական կենտրոն):


Ռուսաստանում «հաճույքով» շեշտում են, որ Պուշկինը, Գրիբոյեդովը, Չաադաեւը, Կարամզինը (հատկապես Կարամզինը), որոշ ցարեր, բայց հատկապես Նապոլեոնին հաղթած գեներալ-ֆելդմարշալ Կուտուզովը (ամենաբարձրագույն` յոթերորդ աստիճանի շվեդական սիստեմում` «Կանաչող դափնի» ծածկանվամբ), թարմ օրինակն էլ Բիլդենբերգյան ակումբի ներկայացուցիչ Անատոլի Չուբայսը, մասոններ են եղել. նշում են եւ առանձնապես շատ մեծ «ցնցում» չեն ապրում: Այսօր մի կողմ թողնենք «Ազատ որմնադիրներ» մատրիցայով «Եղբայրություն, հավասարություն, ազատություն» ուսմունքի իրական գնահատանքը, որը, ի դեպ, անչափ բարդ է, քանզի իր մեջ ունի այնպիսի հիբրիդ, որ պետք է կարողանալ «կոտլետների ու ճանճերի» դասերը միմյանց չխառնել, դառնանք հարցին, թե ինչու՞ մեկ էլ ու հարկ եղավ անդրադառնալ այս բարդ, «անքննելի» թեմային:


Բանն այն է, որ օրերս ՀՀԿ խորհրդի անդամ, ԱՄԿ խորքերից եկող, դիսիդենտ, իր հայացքների համար ազատազրկված, ՀՀԿ-ում գրեթե «սպիտակ ագռավի» կարգավիճակ ունեցող Վազգեն Կարախանյանն ասաց (նա է մշտապես բարձրաձայնում այն, ինչը մնացածները գուցե եւ մտածում, բայց երբեք չեն համարձակվում ձայն հանել), որ «կասկածներ» ունի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի` «մասոնների» հետ կապի առնչությամբ:


Այսպես ասած, ջինը շշից հանվել է. թեման նետվել է քաղաքական քննարկման դաշտ. կարելի՞ է «դավադրության տեսության» հանգույն ասել, որ` ոչ հենց այնպես: Կարելի՞ է կարծել, որ թեման նետվել է, որ հայոց մենթալ պլանը եւս համաքայլ լինի իրական-գլոբալ աշխարհի իրողություններին. մանավանդ որ մասոնական ուղղությունն անչափ պրագմատիկ «ուսմունք-դպրոց» է, որը երբեք իլյուզիաներով չի առաջնորդվում, որը շատ լավ գիտի մարդկային, ընկերային, հասարակարգային բնույթները, ընդ որում՝ իրեն էլ համարում է ոչ թե կրոնական (չնայած շատ բան վերցրել է Աստվածաշնչից` հայելային կերպով շրջել վերցրածի էներգետիկան), այլ հասարակական կազմակերպություն, եւ իզուր չէ, որ Արմեն Սարգսյանը ցանկացել է հանդիպել նաեւ հասարակական կազմակերպությունների հետ:


Կարելի՞ է կարծել` փորձ է արվում Արմեն Սարգսյանի «գլոբալ» էներգետիկան մի քիչ իջեցնել (հայերեն ասած` մի քիչ վարկաբեկել նրան), որովհետեւ նույն «կապերը»` Վազգեն Կարախանյանի ասած` «մասոնական օբշչեստվայի» հետ, որը համարվում է գլոբալ աշխարհի էլիտան, շատ դեպքերում (ասենք՝ արքայազն Չառլզի ու Ելիզավետա թագուհու) լուրջ հայտ կարող են դառնալ Արմեն Սարգսյանի համար, որպես խաղացող, եւ ինչ-որ պահի գեոքաղաքական, ներքաղաքական նժարն ամբողջությամբ կթեքվի դեպ նրա կողմը, ինչը մեզանում «թույլ տալ» չեն կարող:


Կարելի է նաեւ այդ ամենը պարզապես ՀՀԿ-ական անփութություն համարել, ուր «ձախ» ձեռքը շատ հաճախ չգիտի՝ ինչ է անում «աջը», եւ բարեհոգի ժպիտով նայել այդ ամենին, քանզի հայոց մեջ նույնպես մասոնականության պակաս չի եղել: Հարցրեք Արմեն Սարգսյանի հետ հանդիպած, Առաջին Հանրապետությունը «սարքած ու քանդած» դաշնակցականներին, զի դաշնակցական խորհրդարանական Առաջին Հանրապետության նախարարների, վարչապետների մեջ «մասոնական դան» ունեցողների պակաս ամենեւին չի եղել: Քաջազնունին` հա: Բայց ամենաբարձր «դանը»` երեսուներեքերորդ օթյակ, ունեցել է Սիմոն Վրացյանը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ-ում ծառայողների ատեստավորման հերթական փուլից «կտրվել» է ԱԺ-ի հնաբնակներից մեկը՝ տեղեկատվական վարչության պետ Մարուսյա Ավետիսյանը՝ ԱԺ-ի «դասատուն», ում գրեթե ամեն օր կարելի է տեսնել ԱԺ հյուրընկալած դպրոցականների կամ ուսանողների շրջայց եւ «Բաց դաս» կազմակերպելիս։ Նա ԱԺ-ում այդ աշխատանքին է 20 տարուց ավելի։ Ուշագրավ է, որ գրավոր թեստը ճիշտ է լրացրել, «կտրվել» է բանավոր քննությունից, չի պատասխանել մասնագիտական 2 հարցի, որից հետո մտերիմներին բողոքել է, որ լավ է պատասխանել։ Բախտը չի ժպտացել նաեւ նրա տեղակալ Արուսյակ Քանանյանին, ով նույնպես 2000-ականների սկզբից է ԱԺ-ում։ Ատեստավորման մրցութային հանձնաժողովի նախագահը Նաիրա Զոհրաբյանն է, քարտուղարը՝ ԱԺ լրատվականի պետ Արսեն Բաբայանը, անդամները՝ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը, աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Գագիկ Մխեյանը, իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ Լիանա Սիմոնյանը»։


«Հրապարակ» թերթը գրում է. «Լավրովը կիքս է տվել. Ղարաբաղի շփման գոտում դիտորդներ չկան, որ ավելացվեն, Ռուսաստանն ուզում է Դոնբասում խաղաղապահների մասին պայմանավորվել ԵԱՀԿ ՄԽ-ի հետ, չի կարողանում, այդ մասին է, ըստ ամենայնի, խոսքը եղել»,- մեզ ասաց ղարաբաղյան խնդրով զբաղվող հայ դիվանագետներից մեկը` ի պատասխան հարցին, թե ինչ նկատի ուներ Լավրովը, որ Իտալիայի ԱԳ նախարարի հետ ասուլիսում օրերս ասել էր` Ղարաբաղում ոչ թե Կասպրշիկի գրասենյակի, այլ դիտորդների քանակը պետք է ավելացվի: Ինչպե՞ս կարող է Լավրովի նման հմուտ դիվանագետը նման կիքս թույլ տալ։ «Էստեղ տվել է»: Իսկ եթե դա ոչ թե «կիքս» է, այլ միտումնավոր «պրապուսկա՞տ», եւ Լավրովը հրապարակայնացրել է Ռուսաստանի իրական մտադրությունը ղարաբաղյան գոտում դիտորդներ տեղակայելու մասին` սկզբում փոքրաքանակ, որը կդառնա ապագա խաղաղապահների հիմքը: «Լրիվ հնարավոր է՝ այդ բազարը վաղուց կա, բայց դա երբեք հնարավոր չէ»:


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի հայրը՝ Սարգիս Կարապետյանը, Երեւանում ապօրինի ավտոկայանատեղի է շահագործում: Երեւանի Տերյան 69 հասցեում գտնվող «Տաշիր» ընկերությանը պատկանող 5-հարկանի շինությանը հարող ճանապարհահատվածում օրենքի խախտմամբ ավտոկայանատեղի է ստեղծվել: Տեղում կարմիր գծանշումներ էլ կան, որը նշանակում է, որ տվյալ տարածքում ավտոկայանատեղիի շահագործման իրավունքը պատկանում է Երեւանի քաղաքապետարանին: «Տաշիր» ընկերությունը այսկերպ սահմանափակում է քաղաքացիների մուտքը իրեն պատկանող շենքի դիմացի կայանատեղի: «Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ նշված տարածքում ավտոկայանատեղիի ծառայություն իրականացնելու վերաբերյալ Սարգիս Կարապետյանը դիմել է Երեւանի քաղաքապետարան: Տերյան փողոցի այդ հատվածից 30 մետր տարածք է տրամադրվելու Կարապետյանի հորը»:

Գյումրիում ապօրինի կերպով պետական նմուշի դիպլոմներ են տրամադրել կաշառքի դիմաց
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար