29.03.2024
Մի շարք հարցեր են քննարկել. Կարապետյանն Ալմաթիում առանձնազրույց է ունեցել Մեդվեդեւի հետ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Հայաստանի արտահանումը ԵԱՏՄ աճել է 40,4 տոկոսով, առևտրի ծավալը՝ 25 տոկոսով. Կարապետյան

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը Ղազախստանի Ալմաթի քաղաքում այսօր մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին՝ նեղ և ընդլայնված կազմերով: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:


Իր ելույթում ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել ղազախական կողմին և Ղազախստանի կառավարության ղեկավարին՝ ջերմ ընդունելության և նիստը բարձր մակարդակով անցկացնելու համար:


Անդրադառնալով ԵԱՏՄ շրջանակում ինտեգրացիոն գործակցության զարգացմանը՝ Կարեն Կարապետյանը, մասնավորապես, նշել է. «Սա մեր այս տարվա առաջին նիստն է, որի ընթացքում նախագահությունն իրականացվելու է մեր ռուսաստանյան գործընկերների կողմից, և հայկական կողմը պատրաստակամ է ակտիվորեն փոխգործակցելու նախագահող կողմի և բոլոր անդամ պետությունների հետ՝ ի շահ եվրասիական ինտեգրման հետագա առաջխաղացման:


Հարկ է նշել, որ նեղ կազմով նիստում մենք արդեն որոշակիացրել ենք այսօրվա օրակարգին վերաբերող հայեցակարգային պահերը: Այս կազմով կցանկանայի հակիրճ կանգ առնել հետևյալի վրա:


Հանձնաժողովի կողմից մեծ վերլուծություն է կատարվել մեր երկրներում մակրոտնտեսական իրավիճակն արձանագրելու, փոխադարձ առևտրի և կայուն տնտեսական զարգացման ապահովման, համատեղ առաջխաղացման ուղղություններով առաջարկություններն առանձնացնելու առումով: Իսկապես, Հայաստանում 2017թ. հունվար-նոյեմբեր ամիսներին, 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ, ԵԱՏՄ անդամ պետությունների հետ փոխադարձ առևտրի ծավալը աճել է շուրջ 25 տոկոսով: Մեր կանխատեսմամբ՝ այդ թվերը տարվա կտրվածքով էլ ավելի բարձր կլինեն: Նույն ժամանակահատվածում արձանագրվել է Հայաստանից դեպի ԵԱՏՄ շուկա արտահանման մատակարակումների աճ՝ 40,4 տոկոսով, ինչպես նաև ներմուծման մատակարարումների աճ՝ 18,9 տոկոսով:


Նախորդ տարվա համեմատ մեր տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմում է 7.7 տոկոս և, ակնակալում ենք, որ ՀՆԱ-ի աճը մոտավորապես նույն մակարդակի է լինելու: Կարծում եմ՝ անհրաժեշտ է ոչ միայն ամրապնդել այս միտումը, այլև շարունակել ջանքերն ավելի լայն արդյունաբերական կոոպերացիայի դուրս գալու ուղղությամբ՝ շեշտը դնելով համատեղ նորարարական նախագծերի վրա: Կարևոր է նաև ուշադրության կենտրոնում պահել ընդհանուր շուկայում դեռևս առկա արգելքների վերացման ուղղությամբ աշխատանքը, ապահովել անհրաժեշտ նախադրյալներ՝ առողջ մրցակցության միասնական կանոնների պայմաններում բիզնես վարելու և լոգիստիկ ու տրանսպորտային հաղորդակցային հնարավորությունների արդյունավետ օգտագործման համար:


Այստեղ խոսվել է շուկաների ընդլայնման մասին, և այդ համատեքստում ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ անցած տարվա ավարտին հայ-իրանական սահմանին՝ Մեղրիում սկսել է գործել ազատ տնտեսական գոտին: Կարծում ենք, ազատ տնտեսական գոտին լավ հարթակ է ԵԱՏՄ երկրների բիզնեսի համար, որը շահագրգռված է մուտք գործել դեպի իրանական շուկա: Մենք շատ բաց ենք այդ առումով և պատրաստ ենք համագործակցելու ոչ միայն ազատ տնտեսական գոտում կապիտալի տեղաբաշխման իրավունքով, այլ նաև համատեղ ներդրումային համագործակցության առումով: Ակնկալում ենք, որ ազատ տնտեսական գոտու գործունեությունից առաջացած մուլտիպլիկատիվ էֆեկտը նոր թափ կհաղորդի մեր տնտեսությունների զարգացմանը»:


ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետները նեղ կազմով քննարկել են ԵԱՏՄ թվային օրակարգին, ինչպես նաև ներքին շուկայի գործունեության շրջանակներում մասնակից երկրների պարտավորվածությունների հետ կապված հարցեր:


Ընդլայնված կազմով քննարկմանը ներկայացվել են ԵԱՏՄ անդամ պետություններում մակրոտնտեսական իրավիճակին և կայուն տնտեսական զարգացմանը, համատեղ առևտրին, արդյունաբերությանը և ագրոարդյունաբերությանը, աշխատողների կենսաթոշակային ապահովությանը վերաբերող հարցեր:


Նիստի արդյունքներով ստորագրվել են մի շարք փաստաթղթեր: Որոշում է կայացվել նաև Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել ապրիլին՝ Ռուսաստանի Դաշնությունում:

Հազարավոր վրաստանցիներ չեն վերադարձել. ԵՄ-Վրաստան առանց վիզայի ռեժիմը վտանգվա՞ծ է
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար