Արցախը պատրաստ է համագործակցել ԵՄ-ի հետ․ Մայիլյանը՝ Եվրախորհրդարանի պատգամավորին

549

Հունվարի 26-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի շվեդ պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Լարս Ադակտուսոնին, ով Ստեփանակերտ է ժամանել ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի ղեկավար Կասպար Կարամպետյանի ուղեկցությամբ։


Ինչպես հայտնում են Արցախի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում արտաքին գործերի նախարարը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, մասնավորապես, Արցախի միջազգային ճանաչման և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացներում առաջընթացի ձեռքբերմանն ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։


Անդրադառնալով Արցախում պետականաշինության գործընթացում առկա ձեռքբերումներին՝ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է Արցախի Հանրապետության ժողովրդի և իշխանությունների հավատարմությունը ժողովրդավարական արժեքների հիման վրա անկախ պետականության ամրապնդմանը։ Այս համատեքստում Մասիս Մայիլյանը վերահաստատել է Արցախի պատրաստակամությունը ԵՄ հետ համագործակցության հարցում՝ ուղղված Արցախում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը։


Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ ԵՄ համագործակցությունն Արցախի հետ իր ներդրումը կունենա տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդման գործում, քանի որ կցուցադրի Արցախի մեկուսացմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականության անթույլատրելիությունը՝ որպես հակամարտության կարգավորման միջոց։

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...