Գերմանիայում ադրբեջանցի ընտանիքն արտաքսման վախից պատանդներ է վերցրել ու կրակ բացել

533

Գերմանիայի Գյուտերսլո քաղաքում ադրբեջանցի ընտանիքը դիմադրել է ոստիկանության աշխատակիցներին, որոնք եկել էին հանրակացարան՝ նրանց արտաքսելու որոշումը կատարելու, գրում է meydan.tv-ն:


Ընտանիքի հայրն անսպասելի հարձակվել եւ խլել է ոստիկաններից մեկի հրազենը եւ մի քանի անգամ կրակել, հայտնել է քաղաքային դատարանի ներկայացուցիչ Սվեն Գրեգոր Ադենաուերը: Հետո ադրբեջանցի տղամարդը պատանդ է վերցրել միգրացիոն ծառայության աշխատակիցներին:


Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ գերմանական դատարանի կողմից որոշում էր կայացվել արտաքսել այս ընտանիքի 53-ամյա հորն ու նրա 49-ամյա կնոջը: Նրանց դուստրերին գերմանական իշխանությունները թույլ էին տվել մնալ երկրում, եւ արտաքսման մասին որոշումը նրանց չէր վերաբերվում:


Ադրբեջանցիների՝ պատանդներ վերցնելուց հետո դեպքի վայր էր ժամանել ոստիկանության հատուկ նշանակման ծառայությունը, ինչից անմիջապես հետո ադրբեջանցիները հանձնվել են իշխանություններին: Ընտանիքի հայրը, նրա դուստրերից մեկը եւ հյուրը ոստիկանության բաժանմունք են: Ընտանիքի մայրը գտնվում է հիվանդանոցում, քանի որ մինչ այդ դանակով վնասվածք էր հասցրել ինքն իրեն: Այժմ ընտանիքին հոգեբանական օգնություն է ցուցաբերվում:


Տեղեկացվում է, որ դեռեւս 2000-ականների սկզբին ընտանիքի անդամները դիմել էին Գերմանիայի իշխանություններին՝ քաղաքական ապաստան ստանալու համար, սակայն մերժում էին ստացել եւ լքել երկիրը: Մի քանի տարի անց նրանք կրկին դիմել էին քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով եւ կրկին մերժում էին ստացել, ընդ որում՝ արդեն դատական կարգով:


Ընտանիքը մի քանի անգամ է անօրինական ճանապարհով անցել Գերմանիա:

Տպել

Թեմայի այլ նորություններ