ՀՀ նախագահին զեկուցվել է Զինուժի արդիականացման յոթնամյա ծրագրի մասին

849

ՀՀ նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այսօր պաշտպանության նախարարության վարչական համալիրում կայացել է Զինված ուժերի արդիականացման յոթնամյա ծրագրի նախագծի քննարկումը։ Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից:


Քննարկման ժամանակ զեկուցվել են 2017 թվականի հոկտեմբերի 24-ին Հանրապետության Նախագահի կողմից տրված հանձնարարականի կատարման արդյունքում մշակված այդ ծրագրի նախագծի հիմնական ուղղություններն ու կարևորագույն սկզբունքները: Ընդգծվել է, որ, հաշվի առնելոcվ առկա մարտահրավերները, 2018-2024թթ. ծրագիրը մշակելիս կանխատեսվել են իրավիճակի զարգացման հնարավոր տարբերակները, ուղենշվել են դրանց հակազդման ուղիները, ստեղծվել են անհրաժեշտ պայմանները՝ առկա ռեսուրսների ղեկավարումն առավելագույնս արդյունավետ իրականացնելու համար:


Նախագահին ներկայացվել է նաև, որ ս.թ. հունվարի 4-ին ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի մասնակցությամբ մեկնարկած յոթնամյա ծրագրի նախագծի քննարկումները շարունակվել են օրենսդիր և գործադիր մարմինների, հասարակական հատվածի ներկայացուցիչների և փորձագետների ներգրավմամբ։


Հանրապետության Նախագահը կարևորել է ներկայացված ծրագրի նախագծի առարկայական քննարկումը՝ ընդգծելով, որ դրա արդյունքներից է կախված լինելու զինված ուժերի կառավարման արդյունավետությունը, պատրաստականության ու մարտունակության աստիճանի բարձրացումը, որը հնարավորություն կտա, ունենալով ժամանակակից զինված ուժեր, անձեռնմխելի պահել պետության սահմանները:


Սերժ Սարգսյանը նշել է, որ ստեղծման օրվանից ՀՀ զինված ուժերը մշտապես գտնվել են զարգացման գործընթացում, որն այժմ հասել է մի փուլի, երբ պետք է ունենալ ավելի երկարաժամկետ զարգացման ծրագիր, որը կվերաբերի ինչպես զինված ուժերի ամրապնդմանն ու կատարելագործմանը, այնպես էլ զինատեսակների արդիականացմանը:


Հիշեցնենք, որ անցյալ տարվա հոկտեմբերին Պաշտպանական անվտանգության հետազոտական համալսարանում հանդես գալով դասախոսությամբ Սերժ Սարգսյանը հանձնարարել էր զինվորականներին մշակել բանակի արդիականացման նոր յոթնամյա ծրագիր՝ 2018-2025 թվականների համար:


«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կտրուկ արդիականացումը ժամանակի պահանջն է: Դա նաեւ թելադրված է ինչպես այսօրվա, այնպես էլ ապագայի մարտահրավերներով: Ես այսօր խնդիր եմ դնում մշակել բանակի արդիականացման նոր յոթնամյա ծրագիր՝ 2018-2025 թվականների համար: Այդ ծրագիրը պետք է իրականություն դարձնենք համատեղ ուժերով՝ ես, որպես գլխավոր հրամանատար, պաշտպանության նախարարը, զինված ուժերի հրամանատարական կազմը, մեր զինվորները եւ ողջ հասարակությունը:


Նախարարին հանձնարարում եմ երկամսյա ժամկետում զեկուցել այս ուղղությամբ իր կատարած աշխատանքի մասին: Քննարկումներից եւ լրամշակումներից հետո այդ ծրագիրը մենք կհաստատենք 2018 թվականի հունվարի 28-ին, այսինքն ՝ մեր Բանակի ծննդյան օրը»,- ասել է Սարգսյանն ու հավելել. «Ծրագիրը պետք է լինի այս փուլում մեր պետության գլխավոր խնդիրներից մեկը, եթե ոչ ամենագլխավորը: Յոթ տարի հետո ներկայումս արդեն իսկ մարտունակ բանակը պետք է հասած լինի որակական նոր՝ բացառիկ մակարդակի»:

Տպել

Թեմայի այլ նորություններ