Իրանում անկարգությունների մասնակիցների մեծ մասը մահացել է կասկածելի հանգամանքներում

Իրանում վերջերս տեղի ունեցած անկարգությունների մասնակիցների մեծ մասը մահացել է կասկածելի հանգամանքներում: Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաքերին, փոխանցում է Tasnim-ը:


Թեհրանում լրագրողների առջեւ ելույթ ունենալով՝ Բաքերին դատապարտել է Իրանի դեմ վերջին անկարգությունների ժամանակ մահվան դեպքերի առիթով ԱՄՆ մեղադրանքները եւ հայտարարել է, որ ԱՄՆ-ն, որը ժողովրդին ճնշելու խորհրդանիշ է եւ մարդկության դեմ հանցագործությունների, բարբարոսության երկար պատմություն ունի, իրավունք չունի մեղադրելու ազգին, որի պաշտոնյաները ընտրվում են ժողովրդի կողմից:


«Իհարկե նման երկրի դիրքորոշումը բավական ծիծաղելի է՝ հաշվի առնելով նրա մասնակցությունը բարբարոսություններին եւ ամբողջ աշխարհը դա գիտի», - ասել է նա:


Բաքերին նաեւ ասել է, որ անկարգությունների ժամանակ զոհվածների մեծ մասի մահը կասկածելի է, քանի որ շատերը սպանվել են հետեւից եւ կրակոցները տեղի են ունեցել անհայտ շրջաններում:


Իրանի խոշոր քաղաքներում, որոնց թվում են Թեհրանը, Մեշհադը, Իսֆահանը եւ Ռեշտը, դեկտեմբերի վերջին տեղի են ունեցել զանգվածային ցույցեր: Իրանի նախագահ Հասան Ռոհանիի խոսքով՝ բողոքի ակցիաները տեղի են ունենում երկրում ներքին խնդիրների, ինչպես նաեւ այլ երկրների կողմից սադրանքների հետեւանքով: ԶԼՄ-ների տվյալներով՝ առնվազն 20 մարդ դարձել է զանգվածային անկարգությունների զոհ:

Տպել

Загрузка...