Հունվարի 4-ին ականի պայթյունից երկու զինծառայող է վիրավորվել. երկուսի ոտքն անդամահատել են

708

Հունվարի 4-ին Արցախի ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունից երկու զինծառայող է վիրավորում ստացել:


«ՀԺ»-ի տեղեկություններով, այս դեպքի մասին Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը պաշտոնական հաղորդագրություն չի տարածել:


Այս օրերին աշտոնական հաղորդագրություն տարածվեց, որ հակառակորդի կողմից կրակոցից զոհվել է պարտադիր ժամկետային զինծառայող Վաչե Նվերի Չիլինգարյանը եւ վիրավորվել նրան օգնության շտապած ավագ լեյտենանտ Ե. Մուսինյանը, ապա՝ պայմանագրային զինծառայող, վարորդ Դ. Վանյանը: Նրանք հակառակորդի կողմից արձակած կրակոցների հետևանքով ստացել են հրազենային վիրավորումներ: Վերջիններս տեղափոխվել են զինհոսպիտալ. նրանց կյանքին վտանգ չի սպառնում։


Տեղեկացանք, որ զինծառայողներց մեկը գտնվում է Ստեփանակերտի հոսպիտալում. նրա աջ ոտքն անդամահատել են, վիճակն այժմ գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում:


Մյուս զինծառայողին այսօր տեղափոխել են ՀՀ ՊՆ Կենտրոնական զինվորական հոսպիտալ, անդամահատել են նրա ձախ ոտքը: Նրա անունը չենք նշում հոր խնդրանքով:


Զինծառայողի հայրը թերթի զրույցում ասել է, որ այս պահին որդու վիճակը կայուն ծանր է գնահատվում, կյանքին վտանգ չի սպառնում: Նա ասաց, որ դեպքից իրեն այս պահին մանրամասներ հայտնի չեն:


Այս առիթով ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծուրն Հովհաննիսյանը գրառում է արել իր Facebook-ի էջում՝ նշելով, որ ՀՀ ՊՆ և ԱՀ ՊԲ տեղեկատվական թափանցիկության հստակ քաղաքականությունը ամեն օր երևում է կոնկրետ քայլերով:


Նրա խոսքով, հայկական կողմերը որևէ բան թաքցնելու միտում չունեն և չեն թաքցրել, քանի որ անտրամաբանական է զինծառայողի զոհվելու փաստը ներկայացնելու օրը «մեզ մեղադրել ինչ որ բան թաքցնելու մեջ»: «Սակայն նույն ժամանակ վիրավոր զինծառայողների մասին տեղեկատվությունը միշտ չէ, որ հարկավոր է հայտնել», - նշում է նա:


«Բազմիցս փաստարկված հիմնավորել ենք, որ եթե զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում, ապա նպատակահարմար չէ, նրանց վիրավորվելու լուրը հաղորդել և հակառակորդին հստակ փաստ ներկայացնել իր աշխատանքի արդյունավետության մասին, երբեմն նաև այլ բաների մասին.......:


Սրանից ավել բան չեմ կարող ասել, կարծում եմ մենք պետք է ունենանք այն գիտակցումը, որ մեր իրազեկվածության աստիճանը չպետք է գերազանցի մարտական խնդիրներ կատարող մարդկանց կյանքը վտանգելու աստիճանը», - եզրափակել է նա:

Տպել

Загрузка...