Մամուլ. Սամվել Ալեքսանյանն ու Սամվել Կարապետյանը նոր բիզնես են սկսում

398

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հայկական ժամանակ». «ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ու տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի շենքը առաջիկայում հնարավոր է վաճառվի: «ՀԺ»-ի տեղեկություններով՝ շենք գնելու հետաքրքրություն են ցուցաբերել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանն ու ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը: Վերջիններս քավոր-սանիկական հարաբերություններ ունեն և համատեղ բիզնես պլան են մշակել: Երևանի Մհեր Մկրտչյան փողոցի 8 հարկանի շենքը ցանկանում են վերածել հյուրանոցի:


Այս օրերին գնորդների ներկայացուցիչները շենքի առաստաղի բարձրությունն են չափում և այլ ուսումնասիրություններ իրականացնում: Ի դեպ, նույն աղբյուրի փոխանցմամբ՝ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը կարող է տեղափոխվել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան: Վարչական շրջանում անբարեկարգ մի շենք կա, որը նախատեսել են նախարարության համար:


Տեղեկությունը փորձեցինք ստուգել պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանից, որը լսելով հարցն ասաց. «Ձեր ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը: Այն տեղեկությունը, որը դուք փոխանցեցիք այս պահին իրականությանը չի համապատասխանում:


Եթե նման բան տեղի ունենա, մենք անմիջապես կիրազեկենք մեր լրատվամիջոցներին, անհոգ եղեք, առավել ևս, որ նման գործընթացներն իրականացվում են կառավարության որոշման համաձայն»:


Դիտարկմանը, թե մեր նշած լուրն այս պահին չի համապատասխանում իրականությանը, նշանակո՞ւմ է, արդյոք, որ չի բացառվում հաջորդ պահին համապատասխանի, պետական գույքի կառավարման վարչության պետն արձագանքեց. «Ես երբևիցե ոչինչ չեմ բացառում, դրա համար ասում եմ, որ դեռևս նման բան գոյություն չունի»:


Նշենք, որ բացի ՏՄՄՊՀ-ից և նախարարությունից նույն շենքում է տեղակայված «Նասդաք օէմէքս Արմենիա» ԲԲԸ-ն»:


«Ժամանակ». «Ռուսաստանի Դաշնու­թյան նախագահ Պուտինը նախօրեին հայտարարել է նախագահի 2018 թվականի ընտրությանը առաջադրվելու որոշման մասին: Պուտինի հայտարարությունը հայաստանյան դիտանկյունից ուշագրավ է ներքին կյանքում տեղի ունեցող հե­տաքրքիր զարգացումների կամ այսպես ասած՝ ակտի­վացման ալիքի հետ համեմա­տությամբ կամ զուգահեռով: Հայաստանում հետաքրքիր իրադարձություններ սկսեցին ծավալվել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի շուրջ. ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, օդիզոզ ֆիգուր Հայկազ Բաղմանյանի հեռացումը Վիգեն Սարգսյա­նի պահանջով, որը թվում էր ուղղակի անձեռնմխելի ֆիգուր, և նախօրեին էլ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի՝ Վիգեն Սարգսյանին հղած, այսպես ասած, հպատակային հարցազրույ­ցը: Իսկ այս ամենն էլ հե­տաքրքիր է հաշվի առնելով մի կողմից այն, որ Վիգեն Սարգսյանը դիտվում է Սերժ Սարգսյանից նախագահությունից հետո վարչապետի նրա հավակնորդներից մեկը, և միևնույն ժամանակ էլ, անկախ վարչապետի պաշտոնից, ՊՆ-ն նոր Սահմանադրությամբ, փաստորեն, դառնում է քա­ղաքական լուրջ գործոն և իշ­խանական բևեռ:



Իհարկե, հեռու ենք Վիգեն Սարգսյանի շուրջ ծավալված իրողությունները կապել Պուտինի առաջադրման հետ, սակայն ժամանակային զու­գադիպությունը իսկապես հե­տաքրքրական է՝ հաշվի առ­նելով ոչ միայն վերը բերված հանգամանքները՝ վարչապե­տի հավակնության և ՊՆ դերակատարության մասով, այլ նաև այն, որ այդ ամենն, ըստ էության, Սերժ Սարգսյա­նի քաղաքական պլանի մաս է: Իսկ Սերժ Սարգսյանի քա­ղաքական պլաններ, եթե ոչ անմիջական առնչություն, ապա զգալի պայմանավոր­վածություն կարող են ունե­նալ ՌԴ նախագահի պաշտո­նում Պուտինի հերթական առաջադրման հետ՝ ուղղակի, թե անուղղակի»:


«Հրապարակ»-ը գրում է. «ՀՀ ԶՈւ ԳՇ պետի այլևս նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանին ՊՆ-ում տեղի ունեցող կադրային փոփոխությունների համա­տեքստում պաշտոնանկ անելու մասին լուրեր պարբերաբար են շրջանառվել (վերջին մեկուկես տարվա ընթացք­ում՝ ապրիլյան պատերազմից հետո, առավել հաճախ): Ինքը՝ Բաղմանյանը, նման լուրերը մշտապես որակում էր լրագրողների կողմից հորինված, ՊՆ-ում իրականացված կադրային փոխատեղումներն ու փոփոխություն­ներն էլ, բախտի բերմամբ, թե պատահ­մամբ, մշտապես շրջանցում էին գեներալ-լեյտենանտին: Ավելին՝ նախագա­հի հրամանագրով նրա զինվորական ծառայությունը 2013 թ. հուլիսի 30-ից երկարաձգվեց 5 տարով, ինչը հուշում է, որ նրա ծառայությունը ՀՀ զինված ուժերում անփոխարինելի էր համար­վում: Բաղմանյանը, ըստ այդմ, պետք է պաշտոնավարեր մինչև 2018-ը, սա­կայն շաբաթն ուրբաթից շուտ եկավ՝ Պնախարար Վիգեն Սարգսյանը, վկայակոչելով «պարտականություն­ները չկատարելն ու թերացումները», որոշեց մի քանի ամիս շուտ հորդորել զորացրվելու մասին զեկուցագիր գրել: Սերժ Սարգսյանը մեկ այլ հրամանա­գիր ստորագրեց, այս անգամ արդեն Բաղմանյանին պաշտոնից ազատելու մասին:

ՊՆ-ի պաշտոնական կայքից անմի­ջապես ջնջվեց Բաղմանյանի կենսա­գրությունը, ՊՆ համապատասխան ծառայության կողմից այդպես էլ որևէ հոդաբաշխ պատասխան չտրվեց, թե այդ ինչ թերացումների պատճառով է, որ «անփոխարինելին», Սերժ Սարգսյանի մարտական ընկերը հեռաց­վեց պաշտոնից: Հանրությանն ու լրագրողներին այսքանից հետո մնում է ենթադրությունների դաշտ մտնել՝ վկայակոչելով տարբեր պատճառներ ու վարկածներ: «Ինչո՞ւ ազատվեց Հայկազ Բաղմանյանը» վերնագրով վերջին օրերին տասնյակ հրապա­րակումներ եղան, որոնցում տարբեր, հաճախ անհեթեթ վերլուծություններ, հիպոթետիկ պատճառներ են նշվում ցեմենտի յուրացումից, նոյեմբերի 21-ին զորամասերից մեկում ականի պայթյունից մինչև բանակի արդիա­կանացման նպատակով արված քայլ: Խնդիրն այն է, որ Բաղմանյանն ինչ-որ ՊՈԱԿ-ի շարքային աշխատակից չէ, այլ բարձրաստիճան զինվորական, որի ծառայությանը վերաբերող ցանկա­ցած միջամտություն՝ պաշտոնավար­ման ժամկետի երկարացումից մինչև պաշտոնավարման դադարեցում, օբյեկտիվ, փաստարկված և հանրու­թյան համար ընկալելի հիմնավորման կարիք ունի: Մինչդեռ այն կոնսպիրա­ցիան, որն առկա է ՊՆ-ում, վնասում է համակարգի հանդեպ վստահությանը: Բաղմանյանը ՊՆ համակարգում է շուրջ 18 տարի: Նա 1999 թ. ՀՀ պաշտ­պանության նախարարի հրամանով նշանակվել է ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, 2003 թ. ՀՀ նախագահի հրամանագրով՝ ՊՆ 2-րդ բանակային կորպուսի հրամանա­տար, ՀՀ նախագահի 2009 թ. հրա­մանագրով՝ ՀՀ զինված ուժերի ԳՇ պետի տեղակալ: Հարց է ծագում, թե ինչու հենց հիմա պետք է պաշտոնանկ արվեր, եթե դա կարող էր տեղի ունե­նալ շատ ավելի վաղ՝ հղում արվելով ծառայության հետ անհամատեղելի գործունեությամբ զբաղվելուն:

Բաղմանյանն այն բարձրաս­տիճան զինվորականներից է, ում անունը մամուլում պարբերաբար շրջանառվել է բանակի հաշվին հարս­տացած պաշտոնյաների ցանկում, մեկը, ով առասպելական հարստու­թյուն է դիզել, սակայն այսքան տարի նրան հանդուրժել են նման զգայուն համակարգում: Նրան, ըստ մամուլի հրապարակումների, պատկանում են մի շարք բիզնեսներ՝ գազալցակայաններ, զորամասերի թեյարաններ, բիլիարդի սրահներ, ՀՀ-ից խեցգետնի արտահանում և այլն: Բարձրաստի­ճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված գույքի և եկամուտների հայտարարագրերից կարելի է եզրակացնել, որ Բաղմանյան ընտանիքը, ի տարբերություն շատ այլ բարձրաստիճան զինվորականների, «աղքատության» մեջ է ապրում՝ չոր աշխատավարձի հույսին: Բաղմանյա­նը, ինչպես նաև նրա հետ փոխկա­պակցված անձինք՝ կինն ու որդին, հանձնաժողով են ներկայացրել միայն վերջին 3 տարիների՝ 2014, 2015, 2016 թ. հայտարարագրերը: 2014-ի հայտարարագրում Բաղմանյանը որպես եկամուտ հայտարարագրել է 7 միլիոն 716 հազար դրամ և ոչ մի շարժական կամ անշարժ գույք: 2015-ի հայտարարագրում Բաղմանյանի դրամական միջոցները տարեսկզբին կազմել են 856 հազար դրամ, որոնք հարկային տարվա վերջում աճել են՝ կազմելով 10 մլն. 272 հազար դրամ: Որպես եկամուտ՝ այդ տարի Բաղմանյանը հայտարարագրել է 7 մլն. 620 հազար դրամ: 2016-ին որևէ դրամական միջոց նա չի հայտարա­րագրել, ընդամենը, որպես եկամուտ՝ աշխատավարձը՝ 7 մլն. 620 հազար դրամ: Նրա զավակը՝ Հարություն Բաղմանյանը (ՀՀ քննչական կոմիտեի հա­տուկ կարևորագույն գործերով ավագ քննիչ է, եղել է 2015 թվականի հուլիսի 29-ին մահացած ծննդկան Մերի Մարզարանի գործով քննիչը), երեք տարի անընդմեջ հայտարարագրել է 5 միլիոն 70 հազար դրամ՝ որպես աշխատա­վարձից գոյացած եկամուտ: Հայկազ Բաղմանյանի կինը՝ Նարինե Արամ­յանը ևս 3 տարի անընդմեջ հայտարարագրել է ընդամենը 1 միլիոն 625 հազար դրամ՝ որպես եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից կամ դրան հավասարեցված այլ վճարից: Արդյոք այս հայտարարագրերը Բաղմանյանների ունեցվածքի մասին իրականու­թյունն են արտացոլում, պետք է պա­տասխանեն պատկան մարմինները:

ՀԳ. Ընդամենը երեք ամիս առաջ՝ սեպտեմբերի 18-ին, 1in.am-ի հետ զրույցում հարցին, թե եթե իրեն էլ աշ­խատանքից ազատեն, ապա դա ՊՆ- ում իրականացվող փոփոխություն­ների համատեքստո՞ւմ պետք է դի­տարկել, Բաղմանյանը պատասխանել էր. «Միանշանակ, մենք հո ընդմիշտ չպտի՞ ծառայենք մի պաշտոնում»»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Լուրջ մրցակցություն է ընթանում հայաստանյան օլիգարխների` Սամվել Կարապետյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ` ներդրումների մասով: Ծառուկյանը, բացի Ծաղկաձորում նոր ճոպանուղի, ճանապարհներ, Արցախում զորամաս կառուցելուց, պատրաստվում է Ջերմուկում առողջարանային կենտրոն կառուցել` Կառլովի-Վարի, Բադեն-Բադենի նմանությամբ` հանքային ջրի լողավազաններով` 3-4 միլիոն դոլարի ներդրմամբ. նախագծային աշխատանքներն արդեն ավարտվում են, իսկ «Առինջ-մոլի» դիմաց կառուցվող «տեքստիլ-քաղաքում» կներդնի 6 միլիոն:


Իր հերթին (բացի 10 տարվա կտրվածքով խոստացված 1 միլիարդից) Սամվել Կարապետյանն արդեն ավարտում է կրկեսի կառուցումը, «Փեթակի» հարեւանությամբ կառուցվող առեւտրի կենտրոնի աշխատանքները, իսկ որ ամենահետաքրքիրն է` նա մտադիր է Մատենադարանի հարեւանությամբ ապակեպատ հսկա երկնաքեր կառուցել (Դուբայի երկնաքերերի նմանությամբ)` հին ու նոր Հայաստանները «միացնելով» իրար»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր լրանում է 1988 թվականի ավերիչ երկրաշարժի 29-րդ տարելիցը: Չնայած երկար ու ձիգ տարիներ են անցել, բայց Հայաստանի իշխանություններն այդպես էլ չկարողացան լուծել Գյումրիի անօթեւան ընտանիքների խնդիրը: Երկրաշարժից 29 տարի անց աղետի գոտին շարունակում է գոյություն ունենալ, քանի որ դրա արդյունքում անտուն մնացած ընտանիքներից շուրջ 4 հազարը դեռ շարունակում է ապրել ժամանակավոր կացարաններում: Ռոբերտ Քոչարյանը 1998-ի իշխանության գալուց հետո հայտարարեց, թե աղետի գոտին մինչեւ 2001 թվականը կվերականգնվի: Հետագայում այդ ժամկետը երկարաձգվեց մինչեւ 2003 թվականը: Իսկ այդ ժամկետի լրանալուց հետո նա հայտարարեց, թե աղետի գոտի չկա եւ վերջ: Սերժ Սարգսյանը 2008 թվականից խոստանում է հաղթահարել երկրաշարժի հետեւանքները: «Հաշված տարիներ հետո կկարողանանք ամբողջովին հաղթահարել աղետի բոլոր հետեւանքները: Երբ ասում եմ ամբողջովին, նկատի ունեմ, որ երկրաշարժի հետեւանքով անօթեւան ընտանիքներ չեն լինելու»,- այս խոսքերի հեղինակը նույն Սերժ Սարգսյանն է: Իսկ իրականությունն այն է, որ գյումրեցի մոտ 4 հազար ընտանիք այսօրվա դրությամբ դեռ շարունակում է տնակներում բնակվել»:

Տպել

Թեմայի այլ նորություններ