28.03.2024
1,5 մլն դոլար ՆԱՏՕ-ից, 100 մլն վարկ՝ ՌԴ-ից, ԵԱՏՄ-ի Մաքսային օրենսգիրք. ԱԺ-ն կողմ քվեարկեց
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Մամուլ. ադրբեջանական կոնֆետ՝ ՀՀ խանութներում եւ ինչո՞ւ հեռացվեց Հայկազ Բաղմանյանը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Առավոտ»-ում հրապարակված լուրի հեղինակը գրել է, որ Երևանում՝ իր մոտ գտնվող խանութից, գնել է կոնֆետներ: «Փորձելուց հետո, քանի որ հին էին ու տհաճ համ ունեին, սկսեցինք փնտրել արտադրողին։ Առաջին երկու թղթի վրա ոչ մի նշում չգտանք, իսկ երրորդի վրայի գրությունը խոշորացույցով վերծանեցինք՝ «Շիրին» ԲԲԸ, Բ. Բունյաթովի փողոց 17ա, Բաքու, Ադրբեջան»։ Հիշեցնենք, որ ադրբեջանական ապարանքները հայկական շուկայում նորույթ չեն։ Ոչ վաղ անցյալում էլ մեր սպառողները համտեսեցին ադրբեջանական խնձոր ու թեյ։


«Փաստ» օրաթերթը գրում է. «Դեռեւս այս տարվա մայիսին «Խոշոր չարաշահումներ ՊՆ–ում. նոր սկանդալ է հասունանում» վերնագրով հոդված էինք տպագրել, որում մասնավորապես ասված էր. «Մեր աղբյուրների վկայությամբ` փողերի լվացման «ոլորտում» խոշոր չարաշահումներ են հայտնաբերվել ՊՆ–ում: Դրանք կատարվել են մինչեւ Վիգեն Սարգսյանի նախարար դառնալը: Բացահայտումները կատարվել են ՀՀ նախագահի խորհրդական, նախագահի գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ–գնդապետ Միքայել Հարությունյանի խմբի կողմից: Հատկապես աչք ծակող խախտումներ կան շինարարական եւ ինժեներական ծառայության ոլորտներում: Առայժմ միայն մեկ տվյալ հաղորդենք. մի «դրվագով» մեկ հենակետի համար, որի տարածքը մի քանի քառակուսի մետր է, դուրս է գրվել շուրջ 400 տոննա ցեմենտ: Էլ չենք խոսում ձյուն մաքրելու եւ խրամատ փորելու պատրվակով փողերի «դուրս գրման» մասին»:


Երեկ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ աշխատանքից ազատվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ–լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը: Հետաքրքիր է նախարարի պատճառաբանությունը. «Գեներալ Բաղմանյանը իմ հորդորով զեկուցագիր է ներկայացրել զորացրվելու մասին: Այդ որոշումները կայացնում է ՀՀ նախագահը: Հորդորի պատճառը աշխատանքային պայմանավորվածությունների չկատարումն է, որը անհամատեղելի է հետագա համատեղ ծառայության հետ»: Մեր տվյալներով, ժամանակին, գուցեեւ մինչեւ երեկ, շինարարական եւ ինժեներական ոլորտը համակարգել է Բաղմանյանը: Մենք չենք ասում, թե գեներալը հազարավոր տոննաներով «ցեմենտ է կերել», բայց հնարավոր է, որ աշխատանքից ազատված լինի նաեւ նախկինում արածների համար»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո եղան նաեւ պաշտպանության բանակի զորամասերից ռազմամթերքների անհետացման դեպքեր. ենթադրվում էր՝ որպես կամավոր ռազմաճակատ մեկնածները զենքն իրենց հետ տարել են: Զենքերի անհետացման կապակցությամբ նույնիսկ Արցախի դատախազությունում քրեական գործեր էին հարուցվել: Եւ ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հարուցված քրեական գործերից մեկի շրջանակներում բացահայտվել է՝ Երեւանի բնակիչ Լեւոն Գեւորգյանը 2016 թվականի ապրիլի 10-ից 2016 թվականի մայիսի 19-ն ընկած ժամանակահատվածում՝ Արցախի Հանրապետության պաշտպանական գործողությունների ընթացքում, գտնվել է Քարվաճառի շրջանում ուսումնական նպատակով ժամանակավոր ստեղծված լեռնադաշտավայրային հրաձգարանում, որտեղից էլ ապօրինի զենք է ձեռք բերել՝ 176 հատ գործարանային արտադրության մարտական փամփուշ, ինչը այս տարվա օգոստոսին հայտնաբերվել է նրա բնակարանում, եւ Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել: Հիմա քրեական գործը դատարանում է»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազության եւ սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին նախագահ Վազգեն Խաչիկյանի դատական վեճը ձախողման եզրին է: Ինչպես հայտնի է՝ սեպտեմբերին Սերժ Սարգսյանը պատիժը կրճատելու տեսքով ներում էր շնորհել պետբյուջեից ավելի քան 290 միլիոն դրամ յուրացնելու համար 12 տարվա ազատազրկման դատապարտված, սակայն կալանավայրում 5 տարի անցկացրած Վազգեն Խաչիկյանին: Այդ ընթացքում էլ դատախազությունը դիմել էր դատարան՝ պահանջելով ընդհանուր սեփականությունից առանձնացնել Խաչիկյանի բաժնեմասն ու այն վաճառել՝ փոխհատուցելու համար հափշտակված 290 մլն դրամի մի մասը: Եւ ահա, «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում այս գործով դատական նիստերը մեկը մյուսի հետեւից տարբեր պատճառներով հետաձգվում են: Մի դեպքում՝ գործի քննությունը հետաձգվել է դատարանի հարցման պատասխանը դեռեւս ներկայացված չլինելու պատճառով, մյուս դեպքում՝ գործի քննությունը հետաձգվել է երրորդ անձ ներգրավելու կապակցությամբ, իսկ ահա երրորդ դատական նիստը չի կայացել կողմի միջնորդությամբ: Ի վերջո, մայիս ամսից մինչ օրս նշանակված է եղել 4 դատական նիստ, որից երեքը չի կայացել»:


ԱԺ պատգամավորներից ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Ֆարմանյանը նախաձեռնել է ստեղծել ոչ ֆորմալ ակումբ, որտեղ քննարկվելու են ժողովրդագրական միտումները. երեկ այդ մասին նա խոսել է ԱԺ հայտարարությունների ժամին՝ հրավիրելով քաղաքական ուժերին ու փորձագետներին մասնակցել այդ ակումբի աշխատանքներին։ «Ժողովուրդ»-ը գրել է. «Ամենայն հավանականությամբ, Ֆարմանյանը որոշել է ետ չմնալ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Արմեն Աշոտյանից։ Բանն այն է, որ նոր խորհրդարանի կազմավորումից հետո՝ հունիսին, Աշոտյանն իր ղեկավարած հանձնաժողովին կից «Անալիտիկ» անվանումով խորհուրդ էր ստեղծել՝ հրավիրելով նախկին ու ներկա դիվանագետների, փորձագետների։ Իսկ նպատակը պետք է լիներ արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերի վերաբերյալ պարբերաբար քննարկումների շարք ծավալելը։ Աշոտյանի նախաձեռնած ակումբին մասնակցելուն արձագանքել էին նաև լուրջ գործիչներ, և հետաքրքիր է՝ ի՞նչ ճակատագրի կարժանանա ֆարմանյանի նախաձեռնությունը»։ Ինչպես նշում է թերթը Ֆարմանյանը կզբաղվի այդ գործառույթով, որը կոչված է իրականացնել ՀՀԿ-ական սոցապնախարարը:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Ոստիկանության պետի աշխատակազմի (վարչության իրավունքով) քարտուղարության (բաժնի իրավունքով) բաժնի պետ Նունե Մանուկյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը: Որպես գույք է հայտարարագրել միայն մեկ բնակարան, իսկ դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 24 միլիոն դրամ, 20 հազար ամերիկյան դոլար ու 4 հազար եվրո: Տարեսկզբից մինչ հուլիս ընկած ժամանակահատվածում եկամուտներ նույնպես ունեցել է, որոնք կազմել են 1 միլիոն 675 հազար դրամ եւ գոյացել աշխատավարձից»:


Պարզվում է` տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը զբաղված է ոչ միայն համայնքների, այլև սեփական բիզնեսի խոշորացմամբ. նրան պատկանող Վանաձորի «Կրեմա» կաթնամթերքի գործարանը, նախարարի պաշտոնը թողնելուց հետո, դադարել էր գործունեությունը, սակայն օրերս ռեինկարնացիա է ապրել` վերակենդանացել, արդեն Երևանում և, ըստ որոշ լուրերի, արդեն աշխատում է։ Այս մասին գրել է «Հրապարակ»: «Չէ, դեռ ռեինկարնացիա չի ապրել, տղաները` եղբորս որդին և իմ որդին, փորձում են գլուխ բերել գործը. գործընթացը դեռ չի ավարտվել, պրոցեսի մեջ է, չգիտեմ, կարծեմ` վարկավորման խնդիր կա»,- թերթի հետ զրույցում ասել է Լոքյանը:


«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ Հակոբ Մկրտչյանը, որը ամիսներ առաջ դանակահարվել էր, ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաստատել են թերթի տեղեկությունը՝ հավելելով, որ Մկրտչյանն իր նախաձեռնությամբ, գրավոր զեկուցագրի հիման վրա, ազատվել է ծառայությունից։ Նաև ասել են, որ նրա փոխարեն այս պաշտոնում նշանակվել է ոստիկանության մայոր Արթուր Օսիպյանը։


Երեկ Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանն աշխատանքից ազատվել է աշխատանքային պարտականությունների մեջ «թերանալու» պատճառով, բայց չասաց, թե ինչում է թերացել։ «Հրապարակ»-ին հաջողվել է պարզել, որ Բաղմանյանից վաղուց ուզում էր ազատվել ԳՇ պետ Մովսես Հակոբյանը, վերջին կաթիլը լրացրել է զորամասերից մեկում նոյեմբերի 21-ին ականի պայթյունի հետևանքով զոհված 3 զինծառայողների մահը, չնայած Բաղմանյանին առնչվող այլ, այդ թվում և կոռուպցիոն խնդիրներ կային: ՊՆ-ում կարծում են, որ Բաղմանյանի պաշտոնը կվերացվի՝ ԳՇ պետն ուներ 3 տեղակալ, կմնան երկուսը։


«Հրապարակ»-ը գրել է. «Վանաձորի ՀՎԿ-ՀՀԿ համաձայնագրի օրերին գրել էինք, որ ՀՎԿ-ն մեծ պահանջներ է դրել անելանելի դրության մեջ հայտնված Մամիկոն Ասլանյանի առաջ՝ քաղաքապետարանի, սպորտդպրոցների ու մանկապարտեզների տնօրենների պաշտոններ, անգամ գերեզմանատանը լավ «տեղեր»։ Արդեն սկսվել է պարտքը տալու ժամանակը․ երեկ տեղեկացանք, որ ավագանու ՀՎԿ-ական անդամ Տիգրան Նազարյանը, որը փոխքաղաքապետ Արկադի Փելեշյանի բարեկամն է, նշանակվել է բնակֆոնդը և համատիրությունները համակարգող բաժնի պետ։ Բաժինը կիսել են՝ կոմունալը թողել են Կարեն Պառավյանին, մյուսը տվել ՀՎԿ-ին։ Երեկ քաղաքապետն անհասանելի էր։ Սակայն սրանով հարցը չի փակվելու, մի բաժին էլ են ուզում կիսել-բաժանել, օրակարգում են նաև 2 սպորտդպրոցի, 4 մանկապարտեզի և սպորտի բաժնի պետերի, այլ բաժիններում պետի տեղակալների աթոռները»:

Հայ-ռուսական բարեկամության ցուցահանդեսը հետաքրքիր է նաև զբոսաշրջիկներին
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար