Խոսքի եւ մամուլի ազատությունը ավելի հաճախ «բռնաբարվում» է Թուրքիայում. հետազոտություն

905

2006-2016 թվականներին աշխարհում մամուլի եւ խոսքի ազատությունը ամենից շատ ոտնահարվել է Թուրքիայում: Այս մասին հաղորդել է BBC-ի թուրքական հաղորդումների բաժինը՝ հղում անելով մարդու իրավունքների հարցերով զբաղող «Article 19» եւ «V-Dem» սոցիալ-քաղաքական կառույցների կատարած հետազոտության արդյունքների վրա:

Հետազոտությունն անցկացվել է 172 երկրում, շեշտը դրվել է իշխանամետ լրատվամիջոցների, օրենքի խախտումների, համացանցի սահմանափակումների, արդարադատության, լրագրողների նկատմամբ կիրառվող ճնշումների, հասարակական խավերի եւ սեռերի միջեւ անհավասարության ու նմանատիպ այլ ոլորտների վրա:

Ուսումնասիրության հիման վրա կազմված զեկույցում հեղինակները մտահոգություն են հայտնել Թուրքիայում Էրդողանին քննադատների դեմ ուղղված մեղադրանքների եւ սպառնալիքների կապակցությամբ: «Ընդդիմադիրները պնդում են, որ ապրիլի դրությամբ Թուրքիայում 152 ազատազրկած լրագրող կա: Անցյալ տարվա հեղաշրջման փորձից հետո, ընդհանուր առմամբ, փակվել է ավելի քան 170 լրատվամիջոց, այդ թվում՝ թերթեր, ինտերնետային կայքեր, հեռուստաալիքներ եւ լրատվական գործակալություններ: Աշխատանքից հեռացվել է 2500 լրագրող»,- ասված է զեկույցում:
Թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի թղթակից Այդըն Էնգինը «BBC Türkçe»-ի հետ զրույցում նշել է, որ Թուրքիայում այլեւս չեն մնացել այնպիսի լրատվական ծառայություններ, որոնց նկատմամբ հնարավոր լինի գրաքննություն կիրառել:

«Հայտնի է, որ ողջ աշխարհում կառավարությունները, խոշոր կազմակերպությունները, բանկերը փորձում են գնել լրագրողներին: Սակայն իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը ավելի խելացի է վարվել եւ լրագրողների փոխարեն գնել է թերթերն ու հեռուստաալիքները»,- ասել է Էնգինը:

Հավելենք, որ, ըստ զեկույցի, 2006-2016թթ. ընթացքում խոսքի ազատության ոտնահարումները սաստկացել են նաեւ Բրազիլիայում, Բուրունդիում, Եգիպտոսում, Լեհաստանում, Վենեսուելայում եւ Բանգլադեշում:

Տպել

Թեմայի այլ նորություններ