29.03.2024
Ֆրանսիան երկրորդ հայրենիք է դարձել հարյուր հազարավոր հայերի համար. Արցախի նախագահ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Բաքվում Ֆրանսիայի դեսպանին կանչել են ԱԳՆ Բակո Սահակյանի Ֆրանսիա կատարած այցի համար

Ադրբեջանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Աուրելիա Բուշեզը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն Արցախի նախագահ Բակո Սահակյանի Ֆրանսիա կատարած այցի պատճառով, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:


«Մենք կտրուկ բողոք ենք հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ Ֆրանսիա Բակո Սահակյանի այցի առիթով, որը ներկայանում է որպես անօրինական ռեժիմի ղեկավար», հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը:


Ավելի վաղ Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնել էին, որ նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 20-ին ժամանել է Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաք և մասնակցել Ալֆորվիլի ու Բերձորի միջև բարեկամության հռչակագրի ստորագրման հանդիսավոր միջոցառմանը:


Իր խոսքում Սահակյանը բարեկամության հռչակագրի ստորագրումը որակել է որպես Արցախի համար նշանակալի իրադարձություն քաղաքական, իրավական ու բարոյական տեսանկյուններից, ինչը, առաջին հերթին, բարեկամ երկրի՝ Ֆրանսիայի հետ կապերի ամրապնդման և զարգացման կարևոր հիմքերից է:


«Ֆրանսիայի և նրա վարչական շրջանների հետ փոխգործակցությունը մեր արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից է, և քույր քաղաքների ցանկի ու աշխարհագրության ընդլայնումը, նրանց հետ կապերի խորացումը այս քաղաքականության առանցքային բաղադրամասերից է»,- իր ելույթում ընդգծել է երկրի ղեկավարը:


Արցախի նախագահի խոսքով՝ Ալֆորվիլ քաղաքի հետ փոխգործակցության ընթացքում արդեն իսկ արձանագրվել են հիշատակման արժանի դրվագներ, և այս համատեքստում Բակո Սահակյանը նշել է 2016 թվականի սեպտեմբերին քաղաքապետ Լյուկ Կարվունասի գլխավորած պատվիրակության այցն Արցախ և Ապրիլյան պատերազմի օրերին Ալֆորվիլում տեղի ունեցած բազմամարդ ցույցը՝ ի սատարումն Արցախի ու ընդդեմ ադրբեջանական բռնությունների:


Արցախի Հանրապետության Նախագահը նշել է, որ այս ամենը ողջ աշխարհին ցույց տվեց ագրեսիայի անընդունելի լինելը քաղաքակիրթ հանրության համար:


«Մենք երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր Արցախի հետ են, ովքեր պայքարում են հանուն ազատության և հավասարության, մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանության: Դա խիզախ և ընդօրինակման արժանի պահվածք է»,- շեշտել է Նախագահ Սահակյանը:


Բակո Սահակյանն ընդգծել է, որ Ալֆորվիլի և Բերձորի համագործակցությունն ունի խոստումնալից հեռանկարներ աշխատանքների ճիշտ կազմակերպման դեպքում՝ վստահություն հայտնելով, որ համատեղ ուժերով հաջողվելու է կյանքի կոչել բազմաթիվ ծրագրեր:


Նոյեմբերի 2-ին Բակո Սահակյանը Սեն Շամոն քաղաքում հանդիպել է քաղաքապետի, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանի եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:


Բակո Սահակյանը նշել է, որ ստեղծված ջերմ մթնոլորտում Արցախի պատվիրակությունն իրեն զգում է ինչպես հարազատ օջախում:


Արցախի նախագահն ընդգծել է, որ Ֆրանսիայի ժողովուրդը հայ ժողովրդի անկեղծ բարեկամն է, եւ Արցախը շահագրգռված է Ֆրանսիայի, նրա տարբեր վարչական միավորումների, քաղաքների ու համայնքների հետ փոխգործակցության խորացմամբ:


Անդրադառնալով Ֆրանսուա Ռոշբլուանի գործունեությանը՝ Բակո Սահակյանը բարձր է գնահատել նրա ներդրումը Ֆրանսիա-Արցախ հարաբերությունների եւ հայ-ֆրանսիական կապերի ամրապնդման գործում:

Իվանիշվիլին 1 մլրդ եվրո է հատկացրել Քութայիսում համալսարանի կառուցմանը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար